Jump to content

Գրանիկոսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրանիկոսի ճակատամարտ
Թվական334 մ.թ.ա. մայիս
Մասն էԱլեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
ՎայրԳրանիկոս գետ, թափվում է Մարմարա ծով, Առաջավոր Ասիա, (այժմ՝ ք. Բիգա, Թուրքիա)
ԱրդյունքԱլեքսանդր Մակեդոնացու հաղթանակ
Հակառակորդներ
Հին Մակեդոնիա,
Կորնթոսյան միություն
Աքեմենյան տիրություն,
Պարսկաստան
Հրամանատարներ
Ալեքսանդր Մակեդոնացի,
Պարմենիոն, Կլիթոս,
գեներալներ
Հույն Մեմնոն,
Փոքր Ասիայի
կուսակալների խորհուրդ
Կողմերի ուժեր
5 հազար հեծելազոր,
40 հազար հետևակազոր
20 հազար հեծելազոր,
20 հազար հետևակազոր
(այդ թվում հունական վարձնազորք)
Ռազմական կորուստներ
զոհված՝ 85 հեծյալ,
300 հետևակային (Արիանոս)
զոհված՝ 1000 հեծյալ,
3 հազար հետևակային,
գերեվարված՝ 2000 հունական հետևակային (Պլուտարքոս)
Ընդհանուր կորուստներ

Գրանիկոս գետի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 334 թ. մայիսին, Փոքր Ասիայի Գրանիկոս գետի ափին, (այժմ՝ ք. Բիգա, Թուրքիա), ոչ հեռու առասպելական Տրոյայի փլատակներից։ Այն ճանաչված է որպես Ալեքսանդր Մակեդոնացու Արևելյան արշավում տարած առաջին հաղթանակը։

Պարսկական բանակը կառավարում էր տեղական կուսակալների խորհուրդը, որը գլխավորում էր ծագումով հույն զորավար Մեմնոնը։ Պարսիկ հրամանատարները չէին ընկալում Ալեքսանդրին որպես արժանավոր հակառակորդի, ձգտում էին մոտեցնել նրա հետ բախման օրը և, այդպիսով, շուտափույթ ձեռք բերել հաղթողների համբավը։ Զգուշավոր Մեմնոնը չէր կիսում նրանց լավատեսությունը, բայց ստիպված եղավ ենթարկվել խորհրդի որոշմանը։

Պարսիկ զորքերը դիրքավորվեցին Գրանիկոս գետի ուղղաբերձ ափին, Ալեքսանդրի զորքը՝ գետի մյուս, ցածր ափին։ Ալեքսանդրի տարեց ու փորձառու զորավար Պարմենիոնը, գիտակցելով խնդիրները, կապված գետի հոսանքի ուժգնության և կավոտ ափի դժվար անցանելիության հետ, փորձեց համոզել երիտասարդ թագավորին հետաձգել գրոհը և պատշաճ ձևով պատրաստվել ճակատամարտին։ Ալեքսանդրը պատասխանեց, որ «Հելլեսպոնտոս կտրած բանակը չպե՛տք է վախենա գետանցումից»։ Պարսիկների բարձունքի վրա անշարժ տեղակայված զորքը պատրաստվում էր վերևից զարկել մակեդոնացիներին՝ նրանց գետանցման ավարտի պահին։ Այդ նպատակով պարսիկները գետի ափին տեղադրեցին իրենց ընտրյալ հեծելազորին, շարելով հունական հետևակը երկրորդ գծում։ Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այդպիսի դիրքավորումը պարսիկների լուրջ սխալն էր. ուղղաբերձ ափի եզրին բաշխված հեծելազորը ի սկզբանե զրկված եղավ գրոհելու հնարավորությունից, իսկ նրա թիկունքում տեղադրված մարտունակ հունական ջոկատները փաստորեն սեղմվեցին ծուղակում։ Պարսիկների կողմից տրամադրած այդպիսի բարենպաստ հնարավորությունը չվրիպեց Ալեքսանդրի ուշադրությունից։

Ալեքսանդրը ղեկավարում էր իր բանակի աջ զորաթևը, Պարմենիոնը՝ ձախ։ Ալեքսանդրը միտումնավոր ճակատամարտի ելավ սպիտակ փետրափնջով զարդարած փայլուն սաղավարտով և միանգամից դարձավ հակառակորդի ամենացանկալի թիրախը։

Մակեդոնացիք Գրանիկոսի անցումը կազմակերպեցին երկու փուլով։ Նախ Պարմենիոնի զորաթևը մտավ գետը, շեղելով պարսիկների ուշադրությունը, իսկ Ալեքսանդրը հեծելազորի ուղեկցությամբ շեշտակի թեքվեց ձախ, արագ անցավ մյուս ափն ու գրոհեց թշնամու կենտրոնը՝ ընդունելով հակառակորդի հարվածը։ Կռիվը կենտրոնացավ Ալեքսանդրի շուրջը։ Մարտի ընթացքում թագավորի նիզակը կոտրվեց, բայց նրան հաջողվեց անձամբ տապալել մի քանի թշնամու իր օգնականից խլած նիզակով։ Հետո նրա սաղավարտը ճեղքվեց, իսկ երբ իր դեմը դուրս եկավ ռազմական կացնիկով զինված պարսիկ հեծյալը, Ալեքսանդրի սխրակից ու կաթնեղբայր Կլիտոսը կտրեց թշնամու ձեռքը զենքի հետ միասին։ Մինչ ընթանում էր այս կռիվը, Պարմենիոնի զորաթևը, վերջապես, ավարտեց գետի անցումը և հզոր գրոհ ձեռնարկեց՝ հակառակորդին փախուստի մատնելով։

Գրանիկոս գետի ճակատամարտի հաղթանակը հիմնականում ապահովեց հեծելազորը։ Գրանիկոսում բացահայտվեց, որ մակեդոնացիների ամուր զրահն ու երկար նիզակները գերազանցում էին պարսիկների տեգերը։ Այս ճակատամարտում տեղանքի կտրտվածության պատճառով մակեդոնական փաղանգը մասնակցություն չունեցավ։ Պատմական աղբյուրները հաղորդում են մակեդոնացիների անհավատալի փոքր կորուստների (ընդամենը մոտ 100 զինվորի) մասին, իսկ պարսիկներինը՝ հազարների։ Այդ ճակատամարտում վախճանվեցին Դարեհ III-ի ավագ որդին, մի շարք անվանի զորավարներ ու կուսակալներ, ինչպես նաև հեծելազորի հիմնական կորիզը։ Բոլոր զոհերը, և՛ մակեդոնացիք, և՛ պարսիկները Ալեքսանդրի կողմից արժանացան պատվավոր հուղարկավորությանը։ Ալեքսանդրը այցելեց վիրավորներին և քաջալերեց նրանց։ Գերի ընկած հույն վարձկաններին Ալեքսանդրը շղթաներով տաժանավայր ուղարկեց, այդպիսով պատժելով նրանց «բարբարոսների» կողմից կռվելու համար։

Գրանիկոսի հաղթանակից հետո Ալեքսանդրը խորացավ դեպի Փոքր Ասիա։

Զորքերի թվաքանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսիկների զորքի կազմում կային 20 հազար հեծյալներ և 20 հազարից մի փոքր քիչ հետևակ (այդ թվում նաև հույն վարձկաններ), իսկ հունա-մակեդոնական ուժերը կազմում էին 30-35 հազար հետևակ[1][2][3] և շուրջ 5000 հեծյալ (թվերը վիճելի են)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Polybius, 12.19
  2. Диодор. Историческая библиотека. 17.17
  3. Plut., De Fortuna aut Virtute Alexandri 1.3.327d-e
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանիկոսի ճակատամարտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 202