Գնել Գրիգորյան
Գնել Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1947 |
Ծննդավայր | Կոտայք, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2008 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1967) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան դպրանոց |
Գնել Ստեփանի Գրիգորյան (դեկտեմբերի 29, 1947, Կոտայք, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2008, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնել Գրիգորյանը ծնվել է 1947 թ. դեկտեմբերի 29 - ին Կոտայքի մարզիի Կոտայք գյուղում։ 1963 թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1967 թ. ավարտել է վերոնշյալ ինստիտուտը, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ 1969 թ. հունվարի 16 - ից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, մասնագիտացել միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1982 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.» թեմայով։ 1984 թ. նշանակվել է ավագ գիտաշխատողի պաշտոնում։ 2002 թ. դարձել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական հարցերի գծով փոխտնօրեն։ Գնել Գրիգորյանը Հայոց և Համաշխարհային պատմություն է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, Սևանի Վազգենյան դպրանոցում և հանրապետության այլ բուհերում։ Վախճանվել է 2008 թ. Երևանում։
Գիտական հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX - X դդ.», Երևան, 1983։
Ուսումնասիրությունը նվիրված է զարգացած միջնադարյան Հայաստանի պետական կարևոր կազմավորումներից մեկի պատմությանը։ Աշխատությունում լուսաբանվում են ոչ միայն Տարոնի և հայկական այլ իշխանությունների, այլև հարևան երկրների՝ Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության հետ հայկական այդ իշխանությունների ունեցած հարաբերություններին առնչվող կարևորագույն հարցեր։
- «Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին X - XIV դդ.», Ս. Էջմիածին, 2002։
Աշխատությունում Գնել Գրիգորյանը կիրառել է հարցի լուսաբանման այնպիսի մոտեցում, որի շնորհիվ որոշակի են դառնում հոգևոր մարմինների կալվածքների վերաբերյալ պատկերացումները, բացահայտվում նվիրատվությունների շարժընթացը, ցույց տրվում կալվածքների կառուցվածքն ու նշանակությունը, եկամտաբերությունը, գները, դրանց նկատմամբ իրավունքի հիմնական ձևերը և այլն։ Համակողմանի քննության են առնվում նվիրատվությունների արժեքն ու կառուցվածքը, նվիրատուների սոցիալական կազմը։ Այդ առումով սույն մենագրությունը հայ միջնադարագիտության բնագավառում եզակի է։
- «ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի 60 տարին», Երևան, 2003։
Գրքում ի մի է բերվել ինստիտուտի 60-ամյա կենսագրությունը, նրա ունեցած ավանդը հայագիտության զարգացման գործում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ «Գնել Ստեփանի Գրիգորյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 304-305
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գնել Ստեփանի Գրիգորյան (Մահախոսական), Պատմա-բանասիրական հանդես, 1(2009)(չաշխատող հղում)(հայ.)
- Ռ.Հ. Վարդանյան, Հ.Հ. Կարախանյան, Գնել Գրիգորյան. Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին (X-XIV դդ .), Ս. Էջմիածնի,2002, 136 էջ։ (գրախոսություն), Լրաբեր հասարակական գիտությունների, 1(2003)(չաշխատող հղում)(հայ.)