Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղձ միասռնականի (լատին․՝ Cuscuta monogyna), գաղձազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Մինչև 2 մմ հաստության հասնող, ճյուղավոր կարմրավուն քուղանման ցողուններով, համեմատաբար հաստ միամյա անտերև մակաբույծ է։ Ողկույզանման ծաղկաբույլներում հավաքված են վարդագույն կամ համարյա սպիտակ նստադիր ծաղիկները։ Բաժակաթերթիկները հաստ են և լայն։ Կիսով չափ թեքված կուժանման պսակի վերին հատվածները կարճ են։ 1-2 մուգ կլորավուն-սրտաձև սերմերով պտուղը հարթ գնդաձև-ձվաձև տուփիկ է[1]։
Աճում է ստորին լեռնային գոտու բազմամյա և միամյա խոտաբույսերի, թփերի և երիտասարդ ծառերի վրա։ Հանդիպում է Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանում և Արցախում։ Այս տեսակը հաճախ աճում է խաղողի, առվույտի, մոշենու ցողունների վրա[1]։
Բուժական նպատակներով օգտագործվում է ամբողջ բույսը, որը պարունակում է դաբաղանյութեր, կուսկուտին գլիկոզիդ, ֆիտոստերին, ֆլավոնոիդներ, ֆենոլկարբոնաթթուներ և դրանց ածանցյալները (քլորոգենաթթու, սրճաթթու և այլն), անտոցիաններ, ածխաջրեր, կումարիններ, ֆլոբաֆեններ և այլն։ Եփուկն ունի ջերմիջեցնող ազդեցություն[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|