Բույսերի լրասնուցում
Բույսերի լրասնուցում, բույսերի հետ ցանքսնուցում, պարարտանյութերի ներմուծումը հող՝ մշակաբույսերի վեգետացիայի շրջանում։ Լավացնում է բույսերի սնուցումը, բարձրացնում բերքատվությունը։ Բույսերի արմատական լրասնուցման դեպքում պարարտանյութերը ներմուծում են հող և սնուցող նյութերը յուրացվում են արմատների միջոցով, ոչ արմատական լրասնուցման դեպքում՝ ցանքերը կամ տնկարկները սրսկում են պարարտանյութերի լուծույթներով։
Մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր պարարտանյութերը ցանիչներով կամ ինքնաթիռներից (հացաբույսերի լրասնուցում) շաղ են տալիս (առանց հողածածկման) ու հողածածկում են տափաններով, կուլտիվատորներով և այլ գործիքներով, պարարտանյութերի ջրային լուծույթները սրսկում են բուսասնուցիչներով, անձրևացնող ու ջրցան մեքենաներով։ Լրասնուցման համար օգտագործում են հիմնականում ջրալույծ պարարտանյութեր, հեղուկ պարարտանյութեր, տեղականներից՝ գոմաղբ ախյուս, թռչնաղբ, լավ փտած գոմաղբ։ Լրասնուցման արդյունավետությունը կախված է պարարտանյութերի հատկություններից, հողում դրանց տեղաշարժից, եղանակից։ Լայնորեն կիրառում են աշնանացան հացաբույսերի գարնանային լրասնուցումը։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսերի լրասնուցումը առաջին անգամ կիրառել է գերմանացի գիտնական Պ. Վագները XIX դ-ի վերջին։ Խորհրդային տարիներին բույսերի լրասնուցումը կիրառվել է 1935-ից սկսած՝ բավականին մեծ տարածքներում։ ՀՀ-ում տարածված չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |