Jump to content

Բախտավոր Հանսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բախտավոր Հանսը
գերմ.՝ Hans im Glück
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ և Շվանկ
ՀեղինակԳրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ
ԵրկիրԳերմանիա
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1819
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/hans-in-luck
 Hans in Luck
Բախտավոր Հանսը: Քանդակագործ՝ Իգնատիուս Տաշներ: Հեքիաթների շատրվանը Բեռլինի Ֆրիդրիխսխայն այգում

Բախտավոր Հանսը (գերմ.՝ Hans im Glück), գերմանական հեքիաթ Գրիմ եղբայրների երկրորդ հրատարակության ժողովածուից, որ լույս է տեսել 1820 թվականին (KHM 83)։ Ըստ գրական ժանրի՝ այն միջնադարյան շվանկ է (ATU 1415)։ Գրիմ եղբայրների համար աղբյուր է ծառայել Ավգուստ Վերնիկեի հրատարակությունը 1819 թվականի ամսագրերից մեկում։

Անգլիացի նկարիչ և դիզայներ Ռոբերտ Էնն Բելլի նկարազարդումը: 1912 թվական

Հանսը յոթ տարի աշխատում է իր տիրոջ մոտ և քրտնաջան աշխատանքի, ջանասիրության ու բարի բնավորության համար պարգևատրվում իր գլխի չափ մեծությամբ ոսկու կտորով։ Հանսը վերցնում է ոսկին ու ճանապարհվում դեպի մոր տուն։ Օրը շոգ էր, ոսկին՝ ծանր։ Ճանապարհին նա հանդիպում է մի ձիավորի։ Հանսը նրան նախանձում է, որ փոշոտ գետնին չի քայլում, կոշիկը չի մաշում։ Ձիավորը խղճում է Հանսին ու առաջարկում ձին փոխանակել ոսկու հետ։ Հանսն ուրախանում է, արագ ցատկում թամբին։ Ձիավորն ասում է. «Եթե ուզես արագ գնալ, լեզվով ճտտացրո՛ւ ու ասա՝ հո՛պ, հո՛պ»[1]։

Ճանապարհին Հանսը ցանկանում է արագ գնալ, լեզվով ճտտացնում է, ձին պոկվում է տեղից, ու Հանսն ընկնում է ճամփեզրի առուն։ Նրան օգնում է մի գյուղացի, որը գյուղի ճանապարհով կով էր տանում։ Նա էլ ձիուն բռնում է։ Տեսնելով կովը՝ Հանսը մտածում է, թե ձին իր ինչին է պետք, այլ բան է կովը, որը հանգսիտ կենդանի է, չի փախչում, նրա հետ միշտ կուշտ կլինի։ Եվ գյուղացին կովը փոխում է ձիու հետ։ Այդ հաջողությունից ուրախացած Հանսը մտնում է ճանապարհի իջևանատունն ու ուտում մոտը մնացած ուտելիքի պաշարը, իսկ վերջին երկու գրոշով էլ կես բաժակ գարեջուր է խմում։ Կովի հետ դուրս գալով դաշտը՝ Հանսը հասկանում է, որ ճանապարհը կարճ չէ, իսկ արևն անխղճորեն այրում էր։ Ծարավից տանջվելով՝ Հանսը որոշում է կաթ խմել և փորձում է կովը կթել։ Բայց քանի որ նախկինում այդպիսի գործ չէր արել, չարչարվում է, կովին էլ տանջում։ Կովը բարկանում է և ետևի ոտքով խփում Հանսի գլխին։ Վերջինս այլևս չի ցանկանում կով ունենալ, չնայած նրանից սեր, կարագ ու կաթ են ստանում։ Նրան այդ տրամադրության մեջ գտնում է մսագործը, որը սայլի վրա դրած գոճի էր տանում։ Հանսը նրան պատմում է իր արկածների մասին։ Մսագործն ասում է, որ կովը երևի ստերջ է, նրանից կաթ չի կարող ստանալ։ Պառավել է և միայն որպես մսացու կարելի է օգտագործել։ Նա Հանսին առաջարկում է գոճին փոխանակել կովի հետ։ Հանսն ուրախանում է՝ մտածելով, որ կովի միսը, հավանաբար, անհամ ու կոշտ կլինի, իսկ խոզի մսից կարելի է նաև երշիկ պատրաստել։ Ուրախությամբ փոխանակում են։

Շատ է գնում, թե քիչ, Հանսը հանդիպում է մի երիտասարդի, որ թևի տակ մի սագ էր տանում։ Հանսը ձանձրույթով նրան պատմում է իր պատմությունը, թե ինչպես է որպես յոթ տարվա աշխատանքի վարձատրություն ստացել ոսկու կտոր, այն հաջողությամբ փոխանակել ձիու հետ և այդպես շարունակ։ Իրեն՝ Հանսին, հաջողվել է ճանապարհին հանդիպել բարի մարդկանց և հաջող գործարքներ կնքել։ Երիտասարդը լսում է նրան ու ասում. «Լսի՛ր։ Քո գոճու բանը կարող է վատ վերջանալ։ Էն գյուղի միջով որ անցա, հենց նոր գողացել էին տանուտերի գոճին։ Վա՜յ թե հենց սա է։»։ Հանսը սարսափում է և սկսում խնդրել, որ իրեն փրկի փորձանքից. խոզը վերցնի, սագը տա իրեն։ Երիտասարդը ձևական չեմուչում է անում, բայց համաձայնվում է։ Հանսն ուրախանում է. սագը բավականին յուղոտ ու գեր էր։ Դրանից գերազանց տապակա կստացվեր։ Իսկ փետուրներից բ��րձ կպատրաստեն, որը մոր համար լավ նվեր կլինի։

Վերջին գյուղով անցնելիս Հանսը գյուղի կենտրոնում տեսնում է չարխի մոտ կանգնած դանակ-մկրատ սրողի, որն ուրախ երգում էր։ Հանսը մտածում է, թե ահա ով է ամենաբախտավոր մարդը, գնա քեզ համար գյուղիղ գյուղ ու դանակ-մկրատ սրիր։ Սրողն անմիջապես հաստատում է՝ ավելացնելով, որ սրորդների գրպանից փողը չի պակասում։ Հանսը մտածում է, որ այդ զբաղմունքը հենց իր համար է։ Դանակ-մկրատ սրողը նրան առաջարկում է սագը փոխանակել ծանր հեսանաքարի հետ, և վրադիր էլ տալիս է գետնից վերցրած խճաքարը, որպեսզի «ուղղի ծռված մեխերը»։

Երկու ծանր քարերը շալակելով՝ Հանսը շարունակում է ճանապարհը։ Այնքան է հոգնում, որ կանգ է առնում ջրհորի մոտ, որպեսզի հանգստանա։ Երկու քարերը դնում է ջրհորի ծայրին և ձեռքերը երկարում դեպի ջուրը։ Հանկարծ դիպչում է քարերին, և դրանք սուզվում են։ Հանսը մի փոքր էլ է նստում ջրհորի մոտ և մտածում, որ քարերի հետ շատ հաջող ստացվեց, քաշ տալը շատ դժվար էր, նետելն էր ափսոս էր, և ահա մի երջանիկ հնարավորություն իրեն դրանցից ազատեց։ Եվ թեթև սրտով Հանսը շարունակում է ճանապարհը։

Հանսի հետ պատահող յուրաքանչյուր փոխանակություն, չնայած դրա ակնհայտ ոչ շահավետությանը, ուղեկցվում է նրա դրական կարծիքներով ու երազանքներով, գնահատականներով, որոնք պետք է ընթերցողի մոտ լավ տրամադրություն ստեղծեն։ Հեքիաթ-շվանկը նաև չի սկսվում «Մի անգամ...» կամ դրան նմանօրինակ համարժեքներով, որ հաճախ հանդիպում է Գրիմ եղբայրների մոտ։

Մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթն արտահայտում է զանազան, ոչ միայն Գերմանիայում տարածված «ժողովրդական իմաստություններ», ինչպիսիք են՝ «Հասարակ մարդը միշտ երջանիկ է», «Երջանկությունը փողի մեջ չէ», «Ազատությունը փողից թանկ է» և այլն։ Մյուս կողմից, հեքիաթը Սեբաստիան Բրանտի «mundus vult decipi» («Աշխարհը ցանկանում է խաբված լինել») լատինական պարադոքսի իլյուստրացիան է։ Հանսի վարքը, նրա գործողությունները հակասում են ցանկացած տրամաբանության, որը ապակողմնորոշում է ընթերցողին։ Գերմանացի փիլիսոփա Վոլֆդիտրիխ Զիգմունդը գտնում է, որ Բախտավոր Հանսը ընթերցողին նախազգուշացնում է չմտնել տարբեր կասկածելի գործարքների մեջ, և միևնույն ժամանակ օգնում է նրան կյանքի անխուսափելի անհաջողություններն ու հիասթափություններն ընկալել որպես մխիթարանք և մարդկային ճակատագրում իմաստների որոնում։ Վիլհելմ Զալբերը մատնանշում է Տուն՝ իր ակունքը, անկասելի վերադառնալու մոտիվը։ Ամերիկա-գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Մարկուզեն հեքիաթի նյութի հիման վրա գրել է «Երջակության փիլիսոփայություն» (Philosophie des Glücks.) իր աշխատությունը։

Գերմանիայի սահմաններից դուրս գտնվող մշակութային այն գործիչներից, որոնք աշխատել են այս հեքիաթի կերպարների վրա, հարկ է նշել դանիացի գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1917) Հենրիկ Պոնթոպիդանին, որը գրել է «Բախտավոր Հանսը» բազմահատոր ողբերգական (1898-1904) սագա, խորհրդային կրկեսի արտիստ Օլեգ Պոպովին, որը հեքիաթն օգտագործել է իր ռեպրիզներում։ Յանոշի (Janosch) մանկական շարքում Հանսը լավատեսության մարմնավորում է, որը ընդունում է գրոտեսկային ձևեր (երբ նրանից սագը փախչում է, Հանսն ուրախանում է, որ տիրոջից միայն մեկն է վերցրել, երբ նա պատերազմում կորցնում է ոտքը, ուրախանում է, որ երկուսը չի կորցրել և այլն)[2]։

«Բախտավոր Հանսը» հեքիաթն իր արտացոլումն է գտել կինոմատոգրաֆիայի, երաժշտության և գրականության մեջ։

Ֆիլմագրություն (ընտրյալ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1936 – Hans im Glück (1936), ռեժիսորներ Ռոբերտ Հերլտի և Վալտեր Ռյորիգի բեմադրությունը։
  • 1949 – Hans im Glück (1949), ֆիլմ-մյուզիքլ, ռեժիսոր՝ Պետեր Համել։ Դերերում՝ Գուննար Լյոլլեր, Էրիխ Պոնտո, Գերտրուդա Կյուկելման, Բերո Բրեմ։
  • 1956 – Hans im Glück, սև-սպիտակ հեռուստասերիալ։
  • 1976 – Hans im Glück, հեռուստատեսային ֆիլմ ժամանակակից կյանքից՝ հիմնված հեքիաթի սյուժեի վրա։ Ռեժիսոր՝ Վոլֆգանգ Փեթերսեն, գլխավոր դերում՝ Յուրգեն Պրոխնով։
  • 2006 – «Բախտավոր Հանսը։ Փոխանակում հեքիաթային անտառում» (Hans im Glück — Tauschrausch im Märchenwald), կարճամետրաժ կատակերգական ֆիլմ PRO7 գերմանական ալիքի հեքիաթային շարքից։
  • 2015 – Hans im Glück (2015), ARD ալիքով ցուցադրված սուրբծննդյան չորս ֆիլմ-հեքիաթներից մեկը։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոմպոզիտոր Ռոլանդ Ցոսը 2004 թվականին հեքիաթը մարմնավորել է «Լիդերմերլի» (Liedermärli) հեքիաթային թեմայով շվեյցարական երաժշտական կոմպոզիցիայում։

Գերմանիան ունի «Բախտավոր Հանսը» արագ սննդի սրճարան-ռեստորանների ընդարձակ ցանց (2018 թվականին՝ 59 բաժանմունք)։ Բաժանմունքներ ունի նաև Ավստրիայում, Շվեյցարիայում և Սինգապուրում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, Եր., 2007, էջ 150։
  2. Janosch: Hans im Glück. In: Janosch erzählt Grimm’s Märchen. Fünfzig ausgewählte Märchen, neu erzählt für Kinder von heute. Mit Zeichnungen von Janosch. 8. Auflage. Beltz und Gelberg, Weinheim und Basel 1983, ISBN 3-407-80213-7, S. 5-8.
  3. Hans im Glück Standorte, Hans im Glück Webseite, 6. April 2018

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Heinz Rölleke (изд.)։ Grimms Märchen und ihre Quellen. Die literarischen Vorlagen der Grimmschen Märchen synoptisch vorgestellt und kommentiert. Zweite, verbesserte Auflage. Schriftenreihe Literaturwissenschaft, Band 35. Wissenschaftlicher Verlag Trier, Trier 2004, ISBN 3-88476-717-8, S. 110—121, 559.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բախտավոր Հանսը» հոդվածին։