Արոսենի կովկասյան
Արոսենի կովկասյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
Ցեղ | Արոսենի (Sorbus) |
Տեսակ | Արոսենի կովկասյան (S. caucasica) |
Միջազգային անվանում | |
Sorbus caucasica |
Արոսենի կովկասյան (լատին․՝ Sorbus caucasica), վարդազգիների ընտանիքին պատկանող 4-7 մ բարձրությամբ ծածկասերմ թուփ կամ փոքր ծառ։
Բնի տրամագիծը 10-12 սմ է։ Բողբոջները աղվամազապատ են։ Տերևների ուրվագիծը ձվաձև կլորավուն է կամ էլիպսաձև, հիմքում սեղմված, բութ գագաթով (երբեմն՝ կարճ սրածայր), 8-13 սմ երկարությամբ և 6,5-11 սմ լայնությամբ, ներքևի կողմից խիտ մոխրասպիտակ թաղիքանման, վերևի կողմից մազմզուկապատ միայն գլխավոր ջղերի ուղղությամբ, 5-7 բլթականի են և սուր ատամնաեզր։ Վահանիկները բազմածաղիկ են, թաղիքասպիտակ աղվամազապատ ճյուղավորություններով։ Բաժակն ունի սուր եռանկյունի, թաղիքանման մազմզուկապատ բաժիններ։ Պսակաթերթիկները սպիտակ են, հակառակ ձվաձև։ Պտուղները օվալաձև են կամ գնդաձև, մերկ, կարմրավուն, հետագայում՝ կապտավուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Հրաշալի դեկորատիվ բույս է, որը մոտ է հայկական և պարսկական արոսենիներին[1]։
Տարածված է Կովկասում, Նախակովկասում, Ղազախստանում, Արևելյան և Հարավային Անդրկովկասում, Թալիշում։ Հանդիպում է նաև Վայքում, որտեղ աճում է վերին լեռնային գոտում, քարքարոտ վայրերում, անտառների եզրերին[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոր բլթակավոր տերևները երկարավուն են, բթավուն, ներքին՝ ամբողջաեզր և արտաքին՝ մանր ատամեզրերով։ Տերևի նուրբ մակերեսը ունի կանաչավուն մոխրագույն թավոտություն։ Մեծ բողբողջները սրացած են։ 5-7 սմ տրամագծով վահանիկանման ծաղկաբույլերը ունեն բազմաթիվ ծաղիկներ։ Առէջները պսակաթերթերից կարճ են։ Պտուղները օվալ են և վառ կարմիր[2]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արփա գետի վերին հոսանք)։ Աճում է նաև Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Հարավային Կովկասում, Թալիշում[2]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում, ժայռոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին միջավայրի որակի վատացման և աճելավայրերի յուրացման հետևանքով սպառնում է արեալի կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։
Պահպանություն չի իրականացվում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (356)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի կովկասյան» հոդվածին։ |
|
|