Jump to content

Արմեն Վարդանյան (գնդապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Վարդանյան
սեպտեմբերի 21, 1974(1974-09-21) - նոյեմբերի 7, 2020(2020-11-07) (46 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՇուշի, Շուշիի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումոստիկանության գնդապետ
ՊաշտոնՀայաստանի ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատար (2018-2020)
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ, Ապրիլյան պատերազմ (2016), 44-օրյա պատերազմ
ԿրթությունՀունաստանի ռազմական ակադեմիա (1999) և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարան (2009)
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան Մարտական ծառայության մեդալ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ Գարեգին Նժդեհ մեդալ Հայաստանի զինված ուժերի 20-ամյակ հոբելյանական մեդալ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ
«Օրենքի պատվար» մեդալ և «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ

Արմեն Մամիկոնի Վարդանյան (սեպտեմբերի 21, 1974(1974-09-21), Վաղարշապատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2020(2020-11-07), Շուշի, Շուշիի շրջան, Արցախ), հայ ռազմական և իրավապահ մարմինների գործիչ, Հայաստանի ոստիկանության զորքերի գլխավոր վարչության շտաբի պետի տեղակալ-օպերատիվ բաժնի պետ (2018), հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատար (2018-2020), ոստիկանության գնդապետ, 44-օրյա պատերազմի մասնակից, Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի[1][2] և Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր[3][4]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Վարդանյանը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքում[3][4]: 1991 թվականին ավարտել է Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը[3][4]: 1991 թվականին ընդունվել է Երևանի «Գլաձոր» համալսարան:

Զինվորական կրթություն և ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսատ թողնելով ուսումը 1993 թվականին զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության՝ Հայաստանի զինված ուժերում, ծառայել Տավուշի մարզի Կոթի գյուղի զորամասում[3][4]: 1994 թվականին ընդունվել և 1999 թվականին ավարտել է Հունաստանի ռազմական ակադեմիան[3][4]: 1999 թվականից անցել է ծառայության Հայաստանի զինված ուժերի № զորամասում, որտեղ զբաղեցրել է դասակի, վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի և գումարտակի հրամանատարի պաշտոններ[3][4]: 2001 թվականին գործուղվել է Հունաստանի հատուկ նշանակության զորքերի պատրաստման կենտրոն, մասնակցել մեկամսյա դասընթացի: 2002 թվականին Հունաստանում մասնակցել է խաղաղապահ զորքերի գործողությունների ուսուցման կենտրոնում կազմակերպված պարապմունքներին: 2007-2009 թվականներին սովորել է ՌԴ ՊՆ համազորային ակադեմիայում, այնուհետև ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ № զորամասում, որտեղ զբաղեցրել է գումարտակի հրամանատարի պաշտոնը, որից հետո հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի պաշտոնը[3][4]։

Ծառայությունը ոստիկանության զորքերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2018 թվականներին ծառայության է անցել Հայաստանի ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում (№1033 զորամաս) որպես հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ[3][4]: 2018 թվականի մարտի 26-ին նշանակվել է Հայաստանի ոստիկանության զորքերի գլխավոր վարչության շտաբի պետի տեղակալ-օպերատիվ բաժնի պետ[3][4]: 2018 թվականի հուլիսի 27-ից զբաղեցնում էր Հայաստանի ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարի պաշտոնը[3][4]:

Մարտական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1994 թվականներին ծառայելով Հայաստանի զինված ուժերում՝ մասնակցել է Տավուշի մարզի պաշտպանական մարտերին[4]:

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զորամասի անձնակազմի հետ, որպես գնդի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ մասնակցել է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարի պաշտպանությանը[4]:

2018 թվականից մինչև 2020 թվականը, որպես ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար, Արմեն Վարդանյանն իր ենթակա ստորաբաժանումով մարտական հերթապահություն է իրականացնում Հայաստանի պետական սահմանին՝ Տավուշի մարզում[4]:

2020 թվականի սեպտեմբերի 29-ից՝ իր ենթակա զորամասի հետ միասին միացել է 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, մասնակցել` Քարվաճառի, Հաթերքի և Շուշիի պաշտպանական մարտերին[4]: 2020 թվականի նոյեմբերի 4-ից ղեկավարել է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղից մինչև Լիսագոր գնացող ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ պայքարը[4]: Գտնվելով առաջնագծում և հմտորեն ղեկավարելով մարտը, իր ենթակաների հետ ետ է շպրտել ադրբեջանական զինված ուժերին՝ պատճառելով մարդկային և զինտեխնիկական մեծաթիվ կորուստներ[4]: Նոյեմբերի 5-ից իր անձնակազմի հետ գտնվելով շրջափակման մեջ` շարունակել է մարտը Շուշիի պաշտպանության համար[4]: Նոյեմբերի 7-ին, երբ արդեն գերակշռող արդբեջանական զինված ուժերը մտել էին Շուշիի հարակից անտառները և փակել ավտոճանապարհը, ընդհանուր նահանջ հրամանի ժամանակ մնացել է առաջնագծում և շարունակել մարտ վարելը` ապահովելով ողջ մնացածների և վիրավորների նահանջը[4]: Զոհվել է նույն օրը՝ նոյեմբերի 7-ին, Շուշիի մատույցներում[3][4]։

Արմեն Վարդանյանի զինվորական կարգով հրաժեշտ տալու արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 31-ին, ոստիկանության զորքերի զորամասում, իսկ հուղարկավորությունը` փետրվարի 1-ին, Վաղարշապատի քաղաքային գերեզմանատանը[3]։

2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Արմեն Վարդանյանի ծննդյան օրը, նրա ծննդավայր Վաղարշապատում տեղի ունեցան հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ, որոնք մեկնարկեցին Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հերոսների պուրակից[5]: Այնուհետև, միջոցառումը շարունակվեց համայնքապետարանում, որտեղ ներկաները դիտեցին Արմեն Վարդանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պատրաստած տեսաֆիլմը[5]։

Ամուսնացած էր, ունի մեկ որդի և երկու դուստր[3]: Ազգականն է՝ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը[4]:

Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք շքանշանների և մեդալների, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի[3]։[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «ԱՐՄԵՆ ՄԱՄԻԿՈՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». president.am. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 «Գնդապետ Արմեն Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով». iravaban.net. 2021 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 «Գնդապետ Արմեն Վարդանյանը նահատակվեց հանուն հայրենիքի․». aravot.am. 2021 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ․ ԳՆԴԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ». police.am. 2021 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 «Պատերազմի հերոս Արմեն Վարդանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ՝ Էջմիածնում». aravot.am. 2021 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 22-ին.