Ծնվել է դեկտեմբերի 31-ին, Թիֆլիսում։ Ավարտել է տեղի վարժարանը և մեկնել ռազմաճակատ, մարտնչել Կարսի, Սարիղամիշի, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի մարտերում, ապա մասնակցել Սարդարապատի հերոսական ճակատամարտին։ Ռազմաճակատում ապրած արհավիրքների խորն ազդեցության ներքո ընտրում է բժշկի մարդասիրական մասնագիտությունը։ 1918 թվականին ընդունվել է Անդրկովկասի բժշկական ինստիտուտ, երկու տարի անց մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակել Մոսկվայի բժշկական ինստիտուտում՝ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1930 թվականն աշխատել է նրա ուրոլոգիական կլինիկայում[4], այնուհետև՝ մարզային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտում։ 1950-1975 թվականներին ԳՀԻ ուրոլոգիական կլինիկայի տնօրեն, 1949 թվականից միաժամանակ՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության 4-րդ վարչության ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երևանի զինվորական հոսպիտալներում ղեկավարել է ուրոլոգիական բաժանմունքներ[5]։
Արամ Աբրահամյանի և տիկնոջ Մարիա Աբրահամյանի՝ Հայաստանին նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվել է Ռուսական արվեստի թանգարանը[6][7]։
Աբրահամյանը հետազոտել է երիկամների ջրակալման, նորագոյացությունների, միզաքարային հիվանդության և միզուկի տրավմատիկ նեղացումների վիրահատական բուժման հարցերը[5]։ Աշխատանքները վերաբերում են երիկամի ջրակալման, ուռուցքների, միզաքարային հիվանդության, միզուկի վնասվածքային նեղացումների հարցերին[8]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 42)։