Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վիտամինային անբավարարություն, հիվանդություն, որն առաջանում է համապատասխան վիտամիններ չպարունակող, որակապես ոչ լիարժեք սննդի երկարատև ընդունման հետևանքով։ Մի քանի վիտամինների միաժամանակյա բացակայությունից առաջանում է պո-լիավիտամինոզ։ Սննդից վիտամինների ոչ լրիվ բացակայության դեպքում (որը նկատվում է ավելի հաճախ) զարգանում են ավիտամինոզների թեթև ձևերը՝ հիպովիտամինոզներ։
Վիտամինային անբավարարության փորձնական ճանապարհով առաջինն իրականացրել է ռուս բժիշկ Նիկոլայ Լունինը, 1880 թվականին։ Որևէ վիտամինի լրիվ բացակայությունն օրգանիզմում կոչվում է ավիտամինոզ (օրինակ՝ ավիտամինոզ A կամ B, В2, С ), իսկ մասնակի անբավարարությունը՝ հիպովիտամինոզ (թերվիտամինային վիճակ)։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ է վիտամինների որոշակի քանակություն, որի մի մասն ընդունվում է սննդի հետ, մյուսը՝ սինթեզում են աղիքների բակտերիաները։ Մարդու վիտամինային պահանջը մեծանում է ֆիզիկական ծանր աշխատանքի, հղիության, ներզատիչ գեղձերի և վարակիչ հիվանդությունների ժամանակ։ Ըստ առաջացնող պատճառի տարբերում են արտածին (էքսոգեն) և ներծին (էնդոգեն) վիտամինային անբավարարություն։ Արտածին կամ սննդային վիտամինային անբավարարությունը պայմանավորված է սննդում վիտամինների անբավարար պարունակությամբ կամ բացակայությամբ։ Հաճախ հետևանք է սննդամթերքների ոչ ճիշտ պահպանման կամ տեխնոլոգիական մշակման կանոնների խախտման (քայքայվում են վիտամինների մեծ մասը)։ Վիտամինային փոխանակության նշված խանգարումները կարելի է վերացնել վիտամինացված սննդի ընդունմամբ։ Ներծին անբավարարության առաջացման երկու պատճառ գոյություն ունի, առաջինը պայմանավորված է վիտամինների քայքայման պրոցեսների ուժեղացմամբ, ստամոքս-աղիքային համակարգում դրանց ներծծման խանգարմամբ, սինթեզի ընկճմամբ։ Դիտվում է հելմինթոզների, լյամբլիոզի և լյարդի որոշ հիվանդությունների դեպքում։ Երկրորդը հետեանք է օրգանիզմի վիտամինային պահանջի մեծացման և նյութափոխանակության պրոցեսների խանգարման։ Վիտամինային անբավարարությունը զարգանում է աստիճանաբար։ Ախտանշանները և բուժումը՝ ըստ պահանջվող վիտամինի։ Կանխարգելումը՝ վիտամիններով հարուստ սննդամթերքների, բանջարեղենի և մրգերի բավարար ընդունում, սննդի արդյունաբերության, հասարակական սննդի ձեռնարկություններում և կենցաղում սննդամթերքի ճիշտ պահպանություն և տեխնոլոգիական մշակում։ Վիտամինային պատրաստուկներ, վիտամինացված սնունդ։ Կանխարգելման միջոցառումները նշանակություն ունեն հիմնականում արտածին ավիտամինոզների դեպքում։ Այն կարող է պայմանավորված լինել սննդում վիտամինների պակասով, դրանց ներծծման և յուրացման պրոցեսների դժվարացմամբ, ինչպես նաև հակավիտամինների (թիամինազներ, սուլֆանիլամիդներ, որոշ անտիբիոտիկներ և այլն) ազդեցությամբ։ Դրսևորվում է հիմնականում անասունների մսուրային շրջանում։ Վիտամինային անբավարարություն հաճախ դիտվում է մատղաշի աճման շրջանում, հղի անասունների և բարձր մթերատու կենդանիների օրգանիզմում։ Առաջացնում է մթերատվության, պտղատվության նվազում, հիվանդացության (հատկապես մատղաշի) բարձրացում, մայրերի և արտադրողների գլխաքանակի տնտեսական օգտագործման ժամկետների կրճատում։ Վիտամինային անբավարարության դեպքում կենդանիներից ստացվում են կենսաբանորեն ոչ լիարժեք սննդամթերք (կաթ, միս, ձու և այլն), ցածրորակ հումք (բուրդ,, կաշի, մորթի)։ Բուժումը և կանխարգելումը․ հիգիենային պայմանների բարելավում, լիարժեք, վիտամիններով հարուստ կերեր, վիտամինային պատրաստուկների ներարկումներ։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 622)։
|