Jump to content

Ավեդի Ավեդրան (Զոլաքար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավեդի Ավեդրան
Նարեկացու Մատյան ողբերգության գրքի պահպանված առաջին տպագիր տարբերակ
գտնվում է Զոլաքարի Ավեդի Ավեդրանում
Տեսակմշակութային արժեք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԶոլաքար
Քարտեզ
Քարտեզ

Ավեդի Ավեդրան, սրբավայր, գտնվում է Զոլաքար գյուղում։ Հայտնի է այստեղ պահպանվող հինավուրց Նարեկ (Մատյան ողբերգության) սուրբ գրքի և հմայիլի շնորհիվ։ Հացատունն աչքի է ընկնում 18-րդ դարի հայկական կոլորիտն հիշեցնող իրերով և հազարաշեն փայտե ծածկով։ Ավեդի Ավեդրանը Բարոյան Արարատի հացատունն է եղել։ Այժմ գտնվում է նրա այրու՝ Ցողիկ տատիկի հոգածության ներքո։

Կառույցի հազարաշեն ծածկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացատունը կառուցվել է 1828-1830-ական թվականներին։ Կառույցի մակերեսը 9 × 8 մ² է, բարձրությունը՝ 5 մ։ Կառուցված է միանման կաղնու փայտից հազարաշեն ծածկով։ Առաստաղի այս տեսակը աչքի է ընկել իր յուրօրինակությամբ ու բացառիկությամբ, որ Հայաստանում հազվադեպ մնացածներից է. եթե նույնիսկ փլվեն պատերը, առաստաղի ամբողջականությունը չի խաթարվի։ Գմբեթածածկը կառուցվել է բազմակողմանի և բազմանկյունանի՝ աստիճանաբար դեպի երդիկ փոքրացող հեծանների կամ գերանների շրջանակներից։ Գմբեթածածկի այս տարբերակը հայտնի է հազարաշեն կամ հազարաշենք անուններով[1]։

Ծածկի անվանումն առաջացել է դրա «հազարավոր» փայտի կտորներով շինված լինելու պատճառով։ Դրանք ավելի նպատակահարմար են անձրևաջրերի արագ հեռացման համար։ Այս տարբերակով ծածկերը տարածված են եղել փայտազուրկ, ձյունառատ ու անձրևոտ շրջաններում և ամենից շատ Բարձր Հայքում, այն ճանաչվում է հազարաշեն կամ Հազարաշենք անունով[1]։ Ամենից շատ այս անունը գործածել են Կարնո, Բայազետի, Բուլանխի, Բասենի, Մուշի, Ալաշկերտի, Սեբաստիայի և սրանց հետ առավել կամ նվազ չափով հաղորդակցության մեջ գտնված շրջանների բնակիչները։ Ըստ հույն պատմիչ Հերոդոտոսի, նմանատիպ ծածկերը առաջին անգամ հանդիպել են Հայաստանում, այնուհետև փոխանցվել է հռոմեական ճարտարապետություն։ Նմանատիպ առասատղ է ունե��ել Խաչատուր Աբովյանի գրեթե երեքդարյա տոհմական տունը[2]։

Ավեդի Ավեդրանի հացատան սյան վրա հին սովորության համաձայն նշված են, թե որ թվին որ ընտանիքն է առանձնացել։ 26 ընտանիք է ապրել, 2000 մարդ կյանք է մտել այս տնից։ Սերնդեսերունդ զբաղվել են փայտամշակմամբ, պահպանվում է և՛ արհեստանոցը, և՛ պատրաստված իրերը։

Նարեկ գրքի Հիշատակարան, որտեղ նշված է հեղինակի անունն ու տարեթիվը: Ձեռագրով նշված է, որ գիրքը տպագրվել է 1751 թվականի մայիսի 5-ին, որը խմբագրման տարեթվի՝ <Ի թվականութեան փրկչի ռէճ, ի թվիս հայոց ռճծ մարտի ամսոյ ի> սխալ վերծանում է:

Գիրքն իրենց հետ բերել են 1829-1830-ական թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Ձիրավ (Զիրո) գյուղից գաղթած և Զոլաքարում հանգրվանած Բարեղամը և եղբայրները։ Այն տպագրվել է 1751 թվականին, Կոստանդնուպոլսում, այս թվագրությունը նշված է ձեռագրով, բայց հիշատակարանում նշված է Երուսաղեմի պատրիարք Մինաս Ամդեցու անունը և թվագրությունը, ըստ որի սա Նարեկի առաջին ամբողջական տպագրություններից է՝ «Գիրք աղոթից սրբոյն Գրիգորի Նարեկացիոյ արարեալ», լույս է տեսել 1701 թվականին Կոստանդնուպոլսում, հրատարակել է Երուսաղեմի պատրիարք Մինաս Ամդեցին[3][4]։  

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասել՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան։ Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը։ Սրա վառ ապացույցը Ավեդի Ավեդրանում պահվող Նարեկն է` «Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարե֊կացւոյ արարեալ», շորջ 3 դար ապրած գիրքը, գրեթե անընթեռնելի է, բայց զորության ուժն անչափելի է։

Ավանդազրույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողիկ տատիկն իր մեծերից լսել է ճշգրիտ պատմություն.

Երբ սատկել են թուխսն ու ճտերը, տանտիրուհին աղերսել է Սուրբ Նարեկին, որ թույլ չտա իր ընտանիքը սովի մատնվի ու հարություն տա թխսին ու ճտերին. Երբ առավոտյան արթնացել է, տեսել թուխսն ու ճուտիկները շրջում են։
Արարատը Գեղամի միակ որդին է եղել, հիվանդացել է, ծնողներն հուսահատվել են, հորեղբոր կինը, որ աղջիկ զավակ ուներ՝ մի քանի ամսական, եկել է Սուրբ գրքի մոտ ու խնդրել՝ պահպանի Արարատի կյանքը, քանի որ տղա զավակն է տոհմի շարունակողը, դրա փոխարեն մատաղ անի իր դստերը… Այդպես էլ եղել է՝ աղջիկ երեխան մահացել է, Արարատը ողջ մնացել։

Ցողիկ տատիկն ասում է. Սուրբը նաև վերահսկել է տան կարգուկանոնը. երբ տանտերերը որևէ սխալ արարք են թույլ տվել, Նարեկը երազի տեսքով ճիշտ ուղու վրա է կանգնեցրել։ Հնում տունը կառուցելիս հատուկ տարածք են հատկացրել ամբարներին, որտեղ տեղավորել են հացահատիկը, ալյուրը։ Բարոյանների տանը ամբարը տեղակայված է այն մասում, որտեղ հատուկ պահարանի մեջ պահվում է Նարեկը։ Մի անգամ որոշել են ամբարը տեղափոխել տան մյուս հատվածը։ Հաջորդ օրը ազգականներից մեկը, որը տեղյակ չէր նրանց տան անցուդարձից, լուր է ուղարկել, թե Սուրբը երազում պատվիրել է ամբարը իր տեղը դնել. այդպես էլ արել են։

Խորհրդային միության կարգերի ժամանակ հրահանգված էր բռնագրավել բոլորի տներից քրիստոնեական նշանակության գրքերն ու իրերը, գյուղում շատերի տներից տարել են, բայց Ավեդի տան Նարեկը տանտերերի խնամքով պահելու շնորհիվ չեն գտել։

1978 թվականին մոմից տանը հրդեհ է բռնկվել, Սուրբ գրքի պահարանը, շորերն ամբողջությամբ վառվել են, բայց գիրքն անվնաս է մնացել։ Ցողիկ տատիկը համոզված է, որ դրանում Սրբի զորությունն է։

Ընտանիքի անդամները համոզված են, որ Սուրբը տարեց, սպիտակամորուս, սպիտակ հագուստով մարդ է, որովհետև բազմիցս իրենց այցելել է երազում՝ վտանգի մասին ահազանգելու կամ բարի լուր հաղորդելու պատվիրանով։ Նույնիսկ ուրիշ գյուղերից մարդիկ են եկել Ավեդրան, մոմ վառել ու ասել, որ երազում տեսել են, Ավեդրանը ու վտանգից ազատվել։

Ավեդրանում խնամքով պահպանվում է հմայիլ, որը ևս Կոստանդնուպոլսում է տպագրվել։ Այն ունի մոտ 20 մետր երկարություն, պահպանվել է կտորից կարված պատյանում[Ն 1]: Ցողիկ տատիկի վկայությամբ, գյուղում երբ կինը ծննդաբերելիս է եղել, հմայիլը տարել են դրել կողքին, որ հեշտ ու անփորձանք ծննդաբերի։

Կառույցի ժառանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ տունն ու Նարեկը տանտիրուհու՝ Ցողիկ տատիկի հոգածության տակ են։

Ցողիկ տատիկը սիրով ու հավատով է ընդունում յուրաքանչյուր այցելուի, 70 տարի առաջ հարս է եկել Զոլաքար, Ավետների ազգի 4-րդ սերնդի ներկայացուցչի՝ Արարատ Բարոյանի այրին է։

Ծնողների ունեցած հավատը փոխանցվել է որդուն՝ Սամվել Բարոյանին, ծնողների հետ 2010 թվականին մեկնել են ուխտագնացության դեպի հայրենի գյուղ՝ Ձիրավ (ներկայումս քրդական գյուղ է), պեղել նախնիների գյուղը, սուրբ հողից բերել Հայաստան։

Սամվել Բարոյանը նպատակ ունի առաջիկայում վերանորոգվելու և նախնական՝ 1820-1830-ական թվականների տեսքի բերելու հացատունը։ Նախատեսվում է տունը դարձնել սրբավայր-թանգարան, թանգարանային արժեք ունի նաև փայտի արհեստանոցը՝ 1950-ական թվականներից կառուցված ու պահպանված։ Կից հյուրատուն, որը ևս ավանդական ոճով է կահավորված, և բոլոր հնարավորություններն ունի հրամցնելու Զոլաքարի ավանդական ուտեստները։

  1. Հմայիլ բառը ծագել է պահլավերեն humav (միջին պարսկերեն՝ humav թարգմանաբար՝ օրհնեալ) բառից։ Հմայիլն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունեցել է պահպանիչ-բուժիչ նշանակություն. այն կրողին պահպանել է փորձանքներից։ Ժապավենաձև հմայիլները եղել են թե՛ ձեռագիր, թե՛ տպագիր։ Հմայիլները, որպես կանոն, զարդարվել են մանրանկարներով, իսկ տպագրերի դեպքում՝ փորագրանկարներով։ Գալարաձև փաթաթվող հմայիլները՝ կազմվել են իրար սոսնձված, առանձին դեպքերում՝ կարված, թղթերից կամ մագաղաթից. դրանց երկարությունը տատանվել է մի քանի մետրից մինչև շուրջ 3 տասնյակ մետրի[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հովհաննես ՋԱՔԱՐՅԱՆ, Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՇԹԱՔԱՐԱՅԻՆ ԾԱԾԿԵՐԸ» (PDF).(չաշխատող հղում)
  2. «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ – Բարի գալուստ». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «ԱՎԵԴԻ ԱՎԵԴՐԱՆ AVEDI AVEDRAN». ՀԱՅԱԳԻՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/554 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Բանբեր Մատենադարանի» (PDF).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիիքպահեստ