Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստվածատուր Աբեղա (1387[1] - անհայտ[1]), հայ գրիչ և մանրանկարիչ։ «Որդի Ատոմի և Շաքար խաթունի»։ Վանական և գեղարվեստական կրթությունը ստացել է Ռշտունյաց երկրի Սուրբ Վարդան անապատում, իր մորեղբայր Հակոբ վարդապետից սովորել է «... զգիր, զծաղիկ, զոս կել և զկազմել և այլ բազում բարութիւն»։ Ձեռագրեր է ընդօրինակել Ակոռիի և Ոստանի վանքերում։ Մատենադարանում են պահվում Աստվածատուր Աբեղայի պատկերազարդած 1417 թվականի (ձեռ. № 4841) և 1419 թվականի (ձեռ. № 2670) Ավետարանները, 1418 թվականի Մաշտոցը (ձեռ. № 4151)։ Աստվածատուր Աբեղան 1403 թվականին Անձնանապատում ընդօրինակել է մի Ոսկեփորիկ (Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 705)։ Ընդօրինակություններ է կատարել կիլիկյան, հատկապես Սարգիս Պիծակի պատկերազարդած ձեռագրերից՝ փորձելով համակցել տեղական՝ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի և Կիլիկիայի XIV դարի գեղանկարչության ավանդույթները։ Աստվածատուր Աբեղայի պատկերներին բնորոշ է մաքուր, վառ գույների (կարմիր, կապույտ, կանաչ, դեղին) և ռիթմիկ գծերի դաշնությունը։ Նրա մանրանկարներում արտացոլվել են ժողովրդական նիստ ու կացի առարկաները, տարազը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 592)։
|