Անդրեյ Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրեյ Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1925[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հուլիսի 7, 2010 (85 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռադիոֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Համակարգային հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | օպտիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1956) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Aleksandr Pistolkors? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդրեյ Լեոնի Միքայելյան (Андрей Леонович Микаэлян, հունիսի 14, 1925[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 7, 2010, Մոսկվա, Ռուսաստան), Ռուսաստանի հայազգի ականավոր գիտնական, ֆիզիկոս-ինժեներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1990 թ․)։
Հետազոտությունների բնագավառները եղել են ռադիօպտիկան, լազերային ֆիզիկան, հոլոգրաֆիան, օպտիկական հիշողության համակարգերը, նեյրոնային ցանցերը և տեղեկատվական տեխնոլոգիաները։ Հայտնի է Միքայելյանի ոսպնյակ հասկացությունը, նրա գրադիենտային ֆոտոնաբյուրեղական հարթ ոսպնյակի հաշվարկները[2]։ Բազմակի կիզակետման երևույթի հայտնագործության հեղինակ, 1982, JSC 257,1951 թվականի առաջնությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրական ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Լևոն Անդրեյի Տեր-Միքայելյանը (1867-1943 թ.), ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը և Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ 1918 թվականին նա Սիբիրում ղեկավարել է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու շինարարությունը, որն ընդհատվում է Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։ XX դարի այդ մասշտաբային շինարարությունը ԽՍՀՄ-ում վերսկսվեց 50 տարի անց և այժմ էլ կոչվում է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղի (ԲԱՄ)։ Սիբիրից տուն վերադարձի ճանապարհին Լևոն Տեր-Միքայելյանը հանդիպումներ է ունեցել Կոլչակի և Հայկ Բժշկյանցի հետ։ 1918-1920 թթ. եղել է Հայաստանի առաջին հանրապետության տրանսպորտի նախարարը։
-
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյան
Մայրը՝ Եվգենիա Իվանի Տեր-Միքայելյանը (օրիորդ Նաբաթյան, 1887-1964 թ.) ծնվել է Բաքվի մեծահարուստ նավթարդյունաբերողի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց Թիֆլիսի տուն են այցելել Կովկասյան հանրապետություններ տեղափոխված (տարհանված) մշակույթի և արվեստի բազմաթիվ հայտնի ՀԽՍՀ գործիչներ։ Նրանց տանը եղել են Այվազովսկու և Բաշինջաղյանի կողմից նվիրած նկարներ։
Եղբայրը՝ Միքայել Տեր-Միքայելյանը (1923-2004 թ.), Հայաստանի ականավոր տեսաբան ֆիզիկոս էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982 թ.)։ Հետազոտությունների բնագավառը եղել է բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական և Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թվականին ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու։
Կրթություն և պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949 թ․ ավարտել է Մոսկվայի Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (ռուս.՝ МЭИС)։
- 1952 թ․ պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուական ատենախոսությունը։
- 1952 թ․ պաշտպանել է տեխնիկական գիտությունների դոկտորական ատենախոսությունը։
- 1957 թ․ շնորհվել է Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի պրոֆեսորի կոչում։
- 1958 թ․-ից եղել է ԽՍՀՄ Ռադիոօպտիկայի ինստիտուտի («Վեգա» ռադիոշինություն միավորման կազմում) լաբորատորիայի գիտական ղեկավարի, բաժնի և, այնուհետ, տնօրենի պաշտոններում։
- 1984 թ․ դեկտեմբերի 26-ին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (Ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի և ավտոմոտացման բաժին)։
- 1990 թ․ դեկտեմբերի 15-ին ընտրվել է Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (Ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի և ավտոմոտացման բաժին)։
- 1991-2006 թթ․ Ռուսաստանի ԳԱ Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն և գիտական ղեկավար։
- 2006 թ․-ից՝ Ռուսաստանի ԳԱ Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների կենտրոնի գիտական ղեկավար։
Գիտական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ցույց է տվել, որ անհամասեռ միջավայրերում, որոշակի պայմաններում, էլեկտրամագնիսական ալիքների տարածումն ուղեկցվում է դրանց բազմակի կիզակետման երևույթով, այսինքն՝ էլեկտրամագնիսական դաշտի կառուցվածքը տարածման ընթացքում պարբերաբար վերականգնվում է։ Այս երևույթը դրվել է ուղղորդիչ համակարգերում ազդանշանների հաղորդման նոր սկզբունքի հիմքում, ինչպես նաև օգտագործվել ալիքատարների նոր դասի ստեղծման համար, որոնք լայնորեն կիրառվում են որպես կապի օպտիկական գծեր։ Այդպիսի «ինքնակիզակետող» ալիքատարները՝ «սելֆոկները» (անգլ.՝ selffocusing - ինքնակիզակետող), ոչ միայն ավելի պարզ ու էժան են կաբելային համակարգերից, այլև թույլ են տալիս հաղորդել զգալիորեն ավելի մեծ ծավալի ինֆորմացիա։ Բազմակի կիզակետման երևույթի հիման վրա ստեղծվել են անտենային տեխնիկայում և օպտիկայում կիրառվող նոր տեսակի ոսպնյակներ, որոնք կրում են հեղինակի անունը՝ Միքայելյանի ոսպնյակ։ Օգտվելով վերոհիշյալ երևույթից՝ պատկերն առանց աղավաղման կարելի է հաղորդել մեկ ճկուն մանրաթելով՝ հնարավորություն, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ։ Բազմակի կիզակետման երևույթը, որպես գիտական հայտնագործություն, մտցվել է ԽՍՀՄ պետական գրանցման մատյանը (1982, JSC 257,1951 թվականի առաջնությամբ)։
Անդրեյ Միքայելյանը հիմնել է արդի ռադիոէլեկտրոնիկայի նոր ուղղություն, որը կապված է գերբարձր հաճախականությունների տիրույթում ֆեռիտների հետազոտման և օգտագործման հետ։ Կատարել է գիրոտրոպ միջավայրերի էլեկտրադինամիկային, հոլոգրաֆիային վերաբերող հիմնարար հետազոտություններ, մշակել ֆեռիտներում ոչ գծային երևույթների տեսությունը։
Եղբոր՝ Միքայել Տեր-Միքայելյանի հետ կատարած մի շարք աշխատանքներ նվիրված են օպտիկական գեներատորներին և ուժեղացուցիչներին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինյան մրցանակի դափնեկիր (1961 թ․),
- Աշխատանքային պատվո մեդալ (Զինվորական պատվո մեդալ) (1970 թ․),
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1971 թ․),
- Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր (1980 թ․),
- Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային հանրության (անգլ.՝ SPIE) Ոսկե մեդալ (1994 թ․)[3],
- Ռուսաստանի Պետական մրցանակի դափնեկիր (1995 թ․)[4],
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ կարգի շքանշան (1999 թ․)[5],
- Ալեքսանդր Պոպովի անվան ոսկե մեդալ (2005 թ․)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1985. — հատոր 11. — էջ 678.
- ↑ «Գրադիենտային ֆոտոնաբյուրեղական հարթ ոսպնյակ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային հանրության (SPIE) Ոսկե մեդալ։(անգլ.)
- ↑ Ռուսաստանի դաշնության 1995 թվականի Պետական մրցանակի դափնեկիրներ։(ռուս.)
- ↑ [«Ռուսաստանի դաշնության Նախագահի հրամանագիր (սեպտեմբերի 10, 1999 թ․, № 1215 ) Ռուսաստանի դաշնության պետական պարգևներ շնորհելու մասին։(ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Ռուսաստանի դաշնության Նախագահի հրամանագիր (սեպտեմբերի 10, 1999 թ․, № 1215 ) Ռուսաստանի դաշնության պետական պարգևներ շնորհելու մասին։(ռուս.)]
- ↑ [http://www.ras.ru/about/awards/awdlist.aspx?awdid=20 Ռուսաստանի անվանական պարգևներ և մեդալներ։(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայ ազգ» հիմնադրամի կայքում(ռուս.)
- Ռուսաստանի ԳԱ կայքում(ռուս.)
- Ակադեմիկոս Ա․ Լ․ Միքայելյանի 85-ամյակին նվիրված հոդված www.ras.ru կայքում (ռուս.)
- Ռուսաստանի Компьютерная оптика հանդեսում Արխիվացված 2017-08-07 Wayback Machine(ռուս.)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Միքայելյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 678)։ |
- Հունիսի 14 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 2010 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Հայ գիտնականներ
- Հայ ռադիոֆիզիկոսներ
- Հայ ֆիզիկոսներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ