Jump to content

Ներսես Ա Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Ա Մեծ
Դիմանկար
Ծնվել էմոտ 329[1]
Մահացել է373[2][3][4][…]
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և քահանա
ԱմուսինՍանդուխտ Մամիկոնյան
Ծնողներհայր՝ Աթանագինես[2][3], մայր՝ Բամբիշ[2][3]
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս
ԵրեխաներՍահակ Ա Պարթև[5][3]

Ներսես Ա Մեծ (մոտ 329[1] - 373[2][3][4][…]), Ամենայն հայոց կաթողիկոս (353-373)։ Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցի կաթողիկոսին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնելի սրբերից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Պարթևը ծնվել է մոտ 329 թվականին (ծննդյան վայրը անհայտ է), սերում է Գրիգոր Լուսավորչի տոհմից, Հուսիկ Ա Պարթևի թոռն է։ Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել ու դաստիարակվել է Կեսարիայում։ Կեսարիայում ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ Արշակ Բ արքան նրան նշանակել է արքունի սենեկապետ։ Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի որդի Վարդանի դստեր՝ Սահանդուխտի հետ։ 351 թվականին Արշակ Երկրորդ արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է Կոստանդնուպոլիս ուղևորվող հայկական պատվիրակությանը, մասնակցել հայ-հռոմեական լարված հարաբերությունների կարգավորմանը։

Ներսես Ա Մեծը՝ կաթողիկոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

353 թվականին Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է եպիսկոպոս, ապա մեկնել Կեսարիա, որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց կաթողիկոս։ Ըստ ավանդության այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև 4-րդ դարի եկեղեցական նշանավոր հայրերից Բարսեղ Կեսարացին։ Կաթողիկոս ձեռնադրվելուց մեկ տարի անց՝ 353-354 թվականներին, Ներսես կաթողիկոսը Աշտիշատում գումարում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սով��րությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։ Ժողովի որոշումներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը։ Ժողովի որոշումները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում։ Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ։ Նե��սես Ա-ն հոգ էր տանում որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ։ Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին։ Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց։

Ներսես Մեծի հարաբերություններն արքունիքի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Ա Պարթևը և Արշակ Երկրորդը ներքին ու արտաքին քաղաքականության վարման հարցերում ունեցել են ներհակ դիրքորոշում, որի հետևանքով լարվել են հարաբերությունները։ Կաթողիկոսը բացահայտորեն ընդդիմացել է Արշակ Բ-ին և համակրել ու պաշտպանել Արշակունյաց Մեծ սեպուհ Գնելին։ 353 թվականին Գնելը դավադրաբար սպանվում է, իսկ Ներսես Պարթևին Արշակ արքան մեկուսացնում է Աշտիշատում։ 363 թվականին Հուլիանոս կայսեր զոհվելուց հետո, և նրան հաջորդած Հովիանոս կայսեր կնքած «ամոթալի պայմանագրից» հետո, երբ Մեծ Հայքը զրկվել էր Հռոմի ռազմական օգնությունից և հայտնվել պարսկական զորքերի հարձակման վտանգի առջև, Արշակ թագավորը խնդրում է Ներսես Ա Պարթևին վերստին ստանձնել Հայոց կաթողիկոսի պարտականությունները՝ հուսալով նրա հեղինակավոր միջամտությամբ վերահաստատել հայ-հռոմեական հարաբերությունները։ Ներսես Ա Պարթևը պատվիրակությամբ մեկնում է Հռոմ, որտեղ արիոսյան աղանդավորներին հովանավորող Հռոմի նոր կայսր Վաղեսը Ներսես Ա Պարթևին կալանավորում և աքսորում է Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը։ Կաթողիկոսն աքսորից ազատվում է միայն Պապ Արշակունու օրոք /370-374 թվականներ/ և վերադառնում է հայրենիք։

371 թվականի պարսկական զորքերի դեմ Ձիրավի ճակատամարտում Ներսես Ա Մեծը քաջալերում էր հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված մարտնչեն թշնամու դեմ։ Իսկ ինքը, բարձրանալով Նպատ լեռան գագաթը, ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթում էր, մինչև որ հայոց զորքը լիակատար հաղթանակ տարավ։

Ներսես Ա Մեծի մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 5-րդ դարի պատմագիր Փավստոս Բուզանդի՝ Հայոց կաթողիկոսը սպանվել է Պապ թագավորի կողմից թունավորվելով, սակայն ըստ այլ աղբյուրների կաթողիկոսը ընդամենը ունեցել է առողջական խնդիրներ[փա՞ստ]։ Ըստ եկեղեցական ուշ մի ավանդության, հայրապետը կանխապես իմացել է թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունել է մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային։ Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ է մատուցել, իսկ մահվանից առաջ մերձավորներին պատմել տեսիլքը Հայաստանին սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, նրանց կործանման, երկրում քրիստոնեության վերածաղկման և այլ իրադարձությունների մասին։ Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373 թվականի հուլիսի 25-ին։ Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում։ Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Հայոց եկեղեցին դասել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսին սրբերի շարքը։ Նրա հիշատակը տոնվում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը։

  1. Մանկական Քրիստոնեական Հանրագիտարան, Երևան, 1998։
  2. Հայոց Եկեղեցու Հանրագիտարան, Պրակ Ա, Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, Ս. Էջմիածին, 2008։
  3. Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Ա., Ս Էջմիածին, 2001։
  4. Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն, Երևան 1968։
  5. «Սոփերք հայկականք», հատ Զ. Վենետիկ, 1853 թ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 252.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 243.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 108. — ISBN 978-2-7018-0226-8
  4. 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 243—244.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 252
Նախորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հաջորդ
Փառեն Ա Աշտիշատցի
(348-353)
Ներսես Ա Մեծ
(353-373)
Շահակ Ա Մանազկերտցի
(373-377)