Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1813[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1882[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Գերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի, (հուլիսի 5, 1813[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 6, 1882[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), Ամենայն Հայոց կաթողիկոս 1866 թվականից։ Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն։
Կյանքի վաղ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Դ կաթողիկոսը (ավազանի անունով՝ Գրիգոր Քերեստեճյան) ծնվել է 1813 թվականի հուլիսի 5-ին, Կոստանդնուպոլսի Սամաթիա արվարձանում, արհեստավորների ընտանիքում։ Նրա հայրը ատաղձագործ Գրիգորի որդի մահտեսի Պետրոսն էր։ Մահտեսի անվանում էին Երուսաղեմ ուխտի գնացած հավատացյալներին։ Պետրոսը դերձակ էր և օսմանյան բանակի ենիչերի զինվորների համար մինթան, այսինքն վերնազգեստ էր կարում։ Իսկ մոր անունը Սրբուհի էր, որը նույնպես մահտեսի էր։ Նրանց ընտանիքում իշխող ջերմեռանդության ու խիստ բարեպաշտական մթնոլորտի մեջ է մեծանում է Գրիգորը, որը յոթ տարեկանում արդեն անգիր գիտեր եկեղեցական շատ աղոթքներ, ինչպես իր հասակակիցներից շատերը այդ ժամանակաշրջանում։ 1820 թվականից Գրիգորի կրթությամբ է սկսում զբաղվել Հովսեփ դպիրը, որն իր տանը հիմնել էր մասնավոր ուսումնարան։ Այստեղ նա շատ երեխաների հետ սովորում է գրել, կարդալ, քրիստոնեական վարդապետություն, ժամասացություն, շարականներ երգել, ինչպես նաև թվաբանական ու քերականական աղքատիկ տեղեկություններ։ Հովսեփ դպիրի մոտ ստացած մակերեսային ուսումը, այնուամենայնիվ, Գրիգորի մոտ սեր է արթնացնում առ եկեղեցին։ Այստեղ նա սովորում է յոթ տարի, մինչև որ Հարություն ամիրա Պեզճյանի հովանավորությամբ և Կարապետ պատրիարքի հսկողությամբ բացվում է Գում Գափուի պատրիարքական եկեղեցու Ժառանգավորաց վարժարանը։ Այստեղ դասախոսում էր ժամանակի հռչակավոր գիտնական, վարժապետ Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանը։ Վարժարանը բացվել էր քահանայության պատրաստվող պատանիների և հասակավոր դպիրների համար։ Գրիգոր Քերեստեճյանն այս վարժարանում սովորում է երկու տարի՝ 1827-1829 թվականներին՝ Գրիգոր Փեշտիմալճյանից ստանալով բարոյական արժեքներ և գիտելիքներ, թեպետ դարձյալ սահմանափակ ու միակողմանի։ Այս տարիներին Գրիգորն այնքան է աչքի ընկնում իր ուշիմությամբ, ջանասիրությամբ և համեստությամբ, որ գրավում է պատվելու և Կարապետ պատրիարքի ուշադրությունը, վայելում նրանց սերը։ 1830 թվականի մայիսի 25-ին պատրիարքը ոսկեգիր կոնդակով նշանակվում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդարանի քարտուղար՝ պաշտոնավարելով չորս տարի Առաքել ավագ քահանայի և ապա Պրուսացի Պողոս վարդապետի օրոք։
Վարդապետ ձեռնադրվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով հրաժարական է տալիս Կարապետ պատրիարքը, որի փոխարեն պատրիարք է ընտրվում Պրուսացի Ստեփանոս արքեպիսկոպոսը։ Հենց նա էլ, անսալով Գրիգորի խնդրանքին, 1834 թվականի ապրիլի 7-ին պատրիարքական եկեղեցում նրան ձեռնադրում է սարկավագ, իսկ հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին՝ կուսակրոն քահանա։ Գրիգոր Քերեստեճյանն ընտրում է Գևորգ անունը։ Գևորգ աբեղան իր հոգևոր գործունեությունը սկսում է քարոզչությամբ՝ Կոստանդնուպոլսի Սուրբ Խաչ, Սուրբ Աստվածածին և Սուրբ Հարություն եկեղեցիներում՝ շուտով արժանանալով ժողովրդի համակրանքին։ Ձեռնադրությունից մի քանի ամիս անց պատրիարքը եկեղեցում ներկա լինելով Գևորգ աբեղայի մի քարոզին, խիստ հավանում է այն և դեկտեմբերի 9-ին նրան շնորհում է վարդապետական գավազանի մասնավոր իշխանություն։ Աչքի ընկնելով իր քարոզչությամբ, նա դառնում է ոչ միայն ժողովրդի, այլև ամիրաների ու իշխանների սիրելին, և նրանց խնդրանքով Ստեփանոս պատրիարքը նշանակում է Խասգյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու քարոզիչ՝ վստահելով նաև գյուղի եկեղեցու և դպրոցի կառավարման հոգսը։
Կրթական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ Գևորգ վարդապետի համար բացվում է գործունեության լայն ասպարեզ. նա հատկապես սկսում է զբաղվել մանուկների դաստիարակությամբ ու կրթությամբ։ Հետագայում, հաշվի առնելով նրա նվիրված գործունեությունն այս ասպարեզում, ժողովուրդը Գևորգ վարդապետին տալիս է «Դպրոցների պաշտպան» անունը։ Նրա մի քարոզից ոգևորվելով, կրթության գործին նպաստել է որոշում գլխավոր ամիրաներից մեկը՝ Մկրտիչ Ճեզաիրլյանը։ Նրա տրամադրած գումարով կառուցվում է դպրոցի շենքը, իսկ Գևորգ վարդապետը բարեկարգում է ուսումնական ծրագիրը՝ դասավանդվող առարկաների շարքում ընդգրկելով լեզուներև և բացելով գրադարան։ Նաև կարգվում են առավել գիտակ ուսուցիչներ։ Բայց նրա ամենանշանակալի նորամուծությունն էր օրիորդաց դպրոց հիմնելը այն ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրության մեջ աղջիկների կրթությունն ավելորդ, նույնիսկ վնասակար բան էր համարվում։ 1820-ական թվականներին Կոստանդնուպոլսում քարոզչություն էին սկսել իրականացնել ԱՄՆ-ից ժամանած բողոքական քարոզիչները, որոնք քրիստոնեություն էին քարոզում հատկապես քրիստոնյա հայության շրջանում։ Դրա դեմ պայքարելու համար ընտրվում է Մարզվանի հոգևոր առաջնորդ Հակովբոս եպիսկոպոսը։ Նա բողոքականության տարածման դեմն առնելու համար դիմում է խստությունների, հրապարակավ նզովում է բողոքականությունն ու Մարտին Լյութերի վարդապետությունը, իսկ բողոքականություն ընդունած հայերին աքսորել տվեց։ Գևորգ վարդապետն այդ խիստ միջոցներին դեմ էր, իսկ բողոքականության դեմ պայքարի լավագույն զենքը համարում էր դպրոցն ու ժողովրդի դաստիարակությունը, որով էլ, ի դեպ, գործում էին ամերիկացի քարոզիչները։ Գևորգ վարդապետն անհրաժեշտ էր համարում կանոնավոր դպրոցներ բացել և անվճար ուսում տալ աղքատ ընտանիքների երեխաներին։ Դրան զուգահեռ նա ձգտում էր խնամքի կենտրոն բացել աղքատների ու որբերի համար, աշխատանք հայթայթել անգործ մնացած հայերի համար։ Սակայն պատրիարքը դեռևս չէր հետևում Գևորգ վարդապետի հորդորներին։
Հակովբոս պատրիարքի հետ հարաբերությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակովբոս պատրիարքը սկսում է կասկածանքով վերաբերվել Գևորգ վարդապետին, քանի որ նա խիստ միջոցներ չէր գործադրում բողոքականության դեմ։ Նրանց հարաբերությունները սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ վարդապետը պատրիարքի ձեռքը չմատնեց բողոքականությանը հարած մի քանի հայրենակցի։ Հակովբոս պատրիարքը նրան հրամայում է, իբրև աքսոր, հաստատվել Բերայում, զբաղվել այնտեղի քարոզչությամբ։ Այդ պաշտոնն այն ժամանակ պատվավոր չէր համարվում։ Գևորգ վարդապետը պատրաստ էր սիրով մեկնել իր ծառայության նոր վայրը, սակայն ընդվզում են Խասգյուղի բնակիչներն ու ամիրաները՝ դիմելով պատրիարքին և պահանջելով չհեռացնել իրենց վարդապետին։ Միաժամանակ նրան են դիմում Միջգյուղի բնակիչներն ու ամիրաները, խնդրելով Գևորգ վարդապետին ծառայության նշանակել իրենց մոտ։ Պատրիարքը տեսնելով ժողովրդի համակրանքը, հրաժարվում է վարդապետին Բերա աքսորելու մտքից, բայց նրան չի թողնում իր նախկին պաշտոնին, այլ 1840 թվականին հրամայում է տեղափոխվել Միջգյուղ։ Բայց շուտով, երբ Անգլիայի դեսպանը պաշտպանում է բողոքական քարոզիչների գործունեությունը, Հակովբոս պատրիարքը ինքն է՛լ համոզվում է, որ նրանց դեմ խստությամբ պայքարել հնարավոր չէ, այլ միայն դպրոցով, որի կարիքը Կոստանդնուպոկսում զգացվում էր դեռ 18-րդ դարի սկզբից։ 1838 թվականին ամիրա Կարապետ Պալյանի ջանքերով Սկյութարում հիմնվում է Սուրբ Երուսաղեմի ճեմարանը, որի պահպանության ու զարգացման համար մեծ ջանքեր է ներդնում պատրիարքը։ Բայց մյուս ամիրաները թշնամանք տածելով Կարապետ Պալյանի հանդեպ, չեն աջակցում դպրոցի պահպանմանը։ Արդյունքում վեճ է ծագում ժողովրդի և ամիրաների միջև, ինչի պատճառով Հակովբոս պատրիարքը հրաժարական է տալիս, իսկ պատրիարքական աթոռին 1840 թվականի հոկտեմբերի 28-ին կրկին բազմում է նրա նախորդը՝ Ստեփանոսը։ Ազգային Գերագույն ժողովի որոշմամբ Գևորգ վարդապետը գնում է Արմաշ՝ իբրև պատրիարքի հրավիրակ, իսկ նույն տարվա դեկտեմբերին, շարունակելով ծառայել Միջգյուղի համայնքին, Ստեփանոս պատրիարքի հավանությամբ ստանձնում է պատրիարքական փոխանորդության պաշտոնը, որը վարում է մինչև 1843 թվականի հունվարի 22-ը։ 1841 թվականի հունվարի 15-ին պատրիարքը նրան շնորհում է վարդապետական ծայրագույն իշխանություն (ծայրագույն վարդապետ) և եպիսկոպոսության աստիճան վկայական, թեև նա չի կարողանում իսկույն ժամանել Էջմիածին՝ ձեռնադրվելու համար։
Պրուսայի հոգևոր առաջնորդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի տարի անց Գևորգ վարդապետը հիվանդանում է, և այդ օրերի պատրիարք Մատթեոսը, Միջգյուղի ամիրաներ Մաքսուդի ու Ջանիկի խորհրդով, նրան ուղարկում է Պրուսայի հանքային ջերմուկները՝ բուժվելու։ Պրուսայում ևս Գևորգ վարդապետը շատ շուտով նվաճում է քաղաքացիների սերը, որոնք խնդրում են պատրիարքին, որպեսզի նրան կարգի իրենց հոգևոր առաջնորդ։ Մատթեոս պատրիարքն ընդառաջում է նրանց խնդրանքին և 1844 թվականի օգոստոսի 2-ին Գևորգ վարդապետին նշանակում Պրուսայի առաջնորդ։ Նա պաշտոնը ստանձնելու է մեկնում հոկտեմբերի 7-ին՝ սուլթան Աբդուլ Մեջիդի հրովարտակի ստացվելուց հետո, և բնակչությունը նրան դիմավորում է մեծ շուքով ու ցնծությամբ։ Պրուսան հիմնականում թուրքախոս քաղաք էր, որտեղ ծառայող քահանաներն անգամ հայերեն լավ չէին խոսում, իսկ հայապահպանության հիմնական հոգսն ընկած էր եկեղեցու ուսերին։ Եվ այս պարագայում քաղաքի նոր առաջնորդի գլխավոր խնդիրն էր հավատացյալների շրջանում մայրենի լեզուն տարածելն ու ամրապնդելը։ Դրա հիմնական միջոցը դպրոցն էր, ինչպիսիք թեև կային Պրուսայում, սակայն շատ վատ ու նախնական վիճակում։ Դրանցում հայ մանուկները թուրքական ձևով հավաքվում էին մեկ սենյակում, որը հենց ամբողջ դպրոցի շենքն էր, հազիվ սովորում էին ճանաչել հայոց գրերը՝ առանց կարողանալու հասկանալ կարդացածի իմաստը։ Նրանք նաև հայերենով երկու խոսք իրար կապակցել չէին կարողանում։ Իսկ ծնողները, որոնք հիմնականում արհեստավորներ էին և վաճառականներ, մի-երկու տարի դպրոց ուղարկելուց հետո իրենց զավակներին հանում էին դպրոցից և ուղարկում մեկ այլ արհեստավորի կամ վաճառականի մոտ։ Եվ այս իրավիճակում Գևորգ վարդապետն սկսում է բարեկարգել երկսեռ դպրոցները։ Նախ անհրաժեշտ էր դպրոցի նորմալ շենք, որի համար անհրաժեշտ գումարը շատ արագ հավաքվեց վարդապետին մեծապես սիրող ու հարգող հայ ամիրաների ու ժողովրդի հանգանակություններով։ Կառուցվում է դպրոցին վայել երկհարկանի շենք, որում կար ութ հարմար սենյակ, և Կոստանդնուպոլսից հրավիրվում են քիչ թե շատ պատրաստված վարժապետներ ու վարժուհիներ։ Այս ամենին գումարվում է Գևորգ վարդապետի քարոզչությունը ուսման, կրթության, մայրենի լեզվին լավագույնս տիրապետելու մասին՝ ոգևորելով թե՛ վարժապետներին, թե՛ աշակերտներին, թե՛ նրանց ծնողներին։ Ամեն օր ներկա լինելով դասերին, նա իր բարերար ազդեցությունն էր թողնում կրթական գործընթացի վրա՝ խրախուսելով դժվարացողներին և գովելով առաջադիմողներին։ Նաև աղքատ ընտանիքների աշակերտներին ապահովում էր գրենական պիտույքներով։ Բայց դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված էին ոչ միայն աղքատները, որոնց խնդրի լուծումը, ինչպես տեսանք, հեշտ էր, այլև այն երեխաները, որոնց ծնողները չէին կարևորում կրթությունը։ Եվ վարդապետը կարողանում է նաև նրանց համոզել իր ազդեցիկ խոսքով՝ հաճախակի զրուցելով շատ ընտանիքների հետ։ Նա նաև պայմանավորվում է վաճառականների ու արհեստավորների հետ, որպեսզի նրանք չընդունեն ոչ մի աշակերտի, եթե չունենան դպրոցի վկայական։ Այսպիսով, դպրոցում սկսում է սովորել 500 տղա և 400 աղջիկ։ Օսմանյան կայսրությունում այսքան մեծ թվով աղջիկների կրթությունն ապահովելը, հիրավի, մեծ ջանքերի շնորհիվ միայն հնարավոր եղավ իրականացնել։ Շուտով դպրոցի շենքը սկսում է չբավականացնել և կարիք է ստեղծվում երկսեռ դպրոցի ևս մեկ շենք կառուցելու։ Վարդապետը նաև Խասգյուղից ու Միջգյուղից Պրուսա է բերում 12 աշակերտ, որոնք իր ծախսով պետք է սովորեին դպրոցում։ Իսկ դրա նպատակն էր, որպեսզի խաղերի և առօրյա խոսակցությունների ժամանակ այս բացառապես հայախոս երեխաները բնական ճանապարհով փոխանցեին հայոց խոսքը իրենց թուրքախոս հասակակիցներին։ Գևորգ վարդապետն իր գործունեության շնորհիվ բարի համբավ էր վայելում ոչ միայն իր ժողովրդի շրջանում։ 1846 թվականի հունիսի 11-ին նա սուլթան Մեջիդից ստանում է Իֆթիխարի (Գոհունակության) ականակուռ շքանշան։
Եպիսկոպոս ձեռնադրվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]1841 թվականի հունիսի 7-ին Գևորգ վարդապետը Կոստանդնուպոլսից մեկնում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Հունիսի 29-ին նա կանգ է առնում Ալեքսանդրապոլում և այստեղ բռնկված Ժանտախտի պատճառով երեք օր մնում կարանտինում։ Դրանից հետո նա հանգրվանում է Ալեքսանդրապոլի առաջնորդարանում։ Այդ միջոցին Թիֆլիսում էր գտնվում Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, և վարդապետը կաթողիկոսին է ուղարկում Ստեփանոս և Մատթեոս պատրիարքների տված՝ եպիսկոպոսության վկայականներն ու Պրուսայի ժողովրդի հանրագիրը առ այն, որ տեղի բնակչությունը ցանկանում է, որպեսզի նրան եպիսկոպոսի աստիճան շնորհվի։ Կաթողիկոսը հրավիրում է Գևորգ վարդապետին Թիֆլիս։ Երբ այնտեղ նրանք հանդիպում են, Ներսես Աշտարակեցին ոտքի է կանգնում, գրկում ու համբուրում է նրան և ասում. «Յառաջ քան զմարմնոյդ ծանօթութիւն, հոգի քո և սխրագործութիւնք ծանօթ են ինձ»։ Կաթողիկոսը տասնմեկ ամիս հյուրընկալում է Գևորգ վարդապետին Թիֆլիսում, և 1848 թվականի հունիսի 24-ին միևնույն կառքով միասին մեկնում են Էջմիածին։ Հաջորդ ամսի 11-ին Ներսես Աշտարակեցին Մայր տաճարի մեջ Գևորգ վարդապետին ձեռնադրում է եպիսկոպոս։ Դրանից հետո բռնում է վերադարձի ճամփան և սեպտեմբերի 28-ին հասնում է իր վիճակը, որտեղ արժանանում է առավել հանդիսավոր ու շքեղ ընդունելության, քան առաջին գալուստին։ Ներկա էին նաև օտարերկրացիներ։
Պրուսայի 1855 թվականի երկրաշարժը
[խմբագրել | խմբագրել կոդը]1855 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գևորգ եպիսկոպոսը բացակայում էր իր վիճակից, երբ հզոր երկրաշարժ տեղի ունեցավ՝ ավերելով Պրուսայի բազմաթիվ բնակելի շենքեր, կամուրջները, եկեղեցին ու մզկիթը։ Աղետից փրկված ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ ծանր կացության մեջ՝ զրկվելով կացարանից, հագուստից ու ապրուստի միջոցներից։ Շատ ընտանիքներ հեռանում են Կոստանդնուպոլիս։ Այսպիսով, օգնության կարիք ունեին թե՛ Պրուսայում մնացած բնակիչները, թե՛ մայրաքաղաք մեկնածները։ Կտրված էր քաղաքի երկու թաղամասերի միջև հաղորդակցությունը։ Գետից այն կողմ էր գտնվում դպրոցի շենքը, և այս կողմում դասերը կազմակերպելու համար անհրաժեշտ էր դպրոցի շենք վարձել։ Եպիսկոպոսն անձնական միջոցներ չուներ այդ ամենը կազմակերպելու համար, ուստի սկսում է շրջել հայ մեծահարուստների ու ամիրաների տներում, պերճախոս լեզվով ներկայացնել Պրուսայի բնակչության թշվառ վիճակը և գումար խնդրել՝ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հավաքված գումարով պարեն է ձեռք բերվում ու հատկացվում առանց ապրուստի մնացած սովյալ ժողովրդին, շենք է վարձվում դպրոցի համար և վերակառուցվում են Պրուսայի եկեղեցու փլուզված կամարները։
Գևորգ եպիսկոպոսն ընտրվում է Պոլսո պատրիարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլսո Հակովբոս պատրիարք օրոք ամիրաների ու ժողովրդի միջև ծագել էր տարաձայնություն, որը ժամանակի ընթացքում սրվելով վերաճել էր մեծ վեճի։ Բանն այն է, որ արհեստավորներն ու վաճառականները ցանկանում էին տեր կանգնել իրենց իրավունքներին, իսկ ամիրաները չէին ցանկանում զրկվել պատրիարքարանի գործերի վրա ունեցած ազդեցությունից և առաջնորդ նշանակելու արտոնությունից։ Հակովբոս պատրիարքը ծերության պատճառով հրաժարական տվեց իր պաշտոնից։ 1858 թվականի հոկտեմբերի 17-ին Պոլսում գումարվեց ժողով, որին ներկա էր նորընտիր Մատթեոս կաթողիկոսը, և պատրիարք ընտրեց Գևորգ եպիսկոպոսին։ Այսպիսով, դժվար ժամանակներում Գևորգ եպիսկոպոսը ստանձնեց Պոլսո պատրիարքի պաշտոնը։ Այդ շրջանում Ազգային սահմանադրությունը շատ տարրական էր, և Գևորգ պատրիարքը պետք է ջանար կազմել սահմանադրական կանոնադրությունը և հաստատել տալ։ Այդ նպատակով նա մի քանի անգամ ժողովի հրավիրեց ամիրաներին, եկեղեցականներին, արհեստավորներին ու վաճառականներին, որի արդյունքում վերջապես ստեղծվեց ժամանակի լուսավորյալ եկեղեցականներից ու աշխարհականներից կազմված մեծ հանձնաժողով, որը պիտի պատրաստեր Ազգային սահմանադրության կանոնադրությունը։ 1860 թվականի սկզբին արդեն պատրաստ էր մշակված ծրագիրը։ Գևորգ պատրիարքից դժգոհ էին ամիրաները, քանի որ նա կողմ էր Սահմանադրությանը, իսկ արհեստավորներն ու վաճառականները ևս դժգոհ էին, քանի որ նա դեմ էր սահմանադրական որոշ կետերով պատրիարքի արտոնությունների սահմանափակմանը։ 1860 թվականի մարտի 18-ին կայացած ժողովի ժամանակ որոշվում է պատգամավորներ ուղարկել Գևորգ պատրիարքի մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Ձանձրացած այս ամենից, պատրիարքն իսկույն իր հրաժարականն է ներկայացնում Բարձր դռանը, որը սակայն չի շտապում արձագանքել։ Իսկ հայերը, չնայելով դրան, գումարում են ևս մեկ ժողով և նոր պատրիարք ընտրում ադրիանապոլսեցի Սարգիս եպիսկոպոսին։ Իրադրությունը խճճվում է, և Գևորգ պատրիարքն անձամբ է ներկայանում և խնդրում ընդունել իր հրաժարականը։ Այսպիսով Սարգիս եպիսկոպոսը հաստատվում է Պոլսո պատրիարքական աթոռի վրա, իսկ 1860 թվականի մայիսի 24-ին ընդունվում է Սահմանադրությունը։ Սակայն հակասահմանադրական կողմի ճնշումների արդյունքում նոր պատրիարքը ևս հեռանում է պաշտոնից, որը երկար ժամանակ թափուր է մնում։
1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։
Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։ 1874 թվականին հիմնել է Գևորգյան ճեմարանը, ապա Էջմիածնի թանգարանը։ Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուա��ք օրհնութեանց» (1882) գրքերը։ Լինելով լավ շարականագետ՝ կազմակերպել է հայկական ձայնագրության նոր(Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։ Կաթողիկոսական գահին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Մակար Ա Թեղուտցին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանուկ Աբեղյան, Գևորգ Դ. Մեծագործ Կաթողիկոս Ամենայն Հայոց, Էջմիածին, 2014 թ.: http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2016/01/Gevorg-D-ter-hambardzum.net_.pdf
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝ Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի |
Կաթողիկոս 1866–1882 |
Հաջորդող՝ Մակար Ա Թեղուտցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 19)։ |