Jump to content

Անի Քոչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Քոչար
Անի Մանվելի Քոչարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1986 (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԵրկերՀանձնվել չկա՛[1]
ՄասնագիտությունԼրագրող, գրող մանեքենուհի, հոգեբան

Անի Քոչար (իրական անունը՝ Անի Քոչարյան, հունվարի 20, 1986(1986-01-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող[2], լրագրող, մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Քոչարը ծնվել է 1986 թվականի հունվարի 20-ին Երևանում[3][4][5]։

Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցը։ Եղել է դպրոցի «Տիր» աշակերտական հանրապետության մշակույթի նախարարը, ինչպես նաև աշակերտական ժողովի դպիրը` քարտուղարը, դպրոցի թերթի խմբագիրը։ Դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանից արժանացել է «Ապագա հրապարակախոսին» տիտղոսին։ Անին եղել է նաև դպրոցի գեղեցկության մրցույթի հաղթողներից, իսկ տարիներ անց` նույն մրցույթի ժյուրիի անդամ։

2001 թվականին մասնակցել է «ՄԱԿ-ի մոդել» կոնֆերանսին՝ զեկուցելով Պակիստանի մասին։

Դպրոցական տարիներին եղել է սկաուտական շարժման ակտիվ մասնակից և անդամ (ՀՄԸՄ, Հոմենթմեն), բանակումների մասնակցել Հայաստանի տարբեր մարզերում։

Հաճախել է պարի, նկարչության, ասեղնագործության, աէրոբիկայի խմբակների, ինչպես նաև մոդելային դասընթացների։

Դեռևս 10-րդ դասարանում` 2003 թվականին, լինելով արդեն իսկ հայտնի պատանի լրագրող՝ սկսել է հանդես գալ Անի Քոչար գրական կեղծանվամբ։

2008 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը։

2010 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, ինչից հետո 2-րդ մասնագիտություն է ընտրել հոգեբանությունը և մասնակցել ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի կուրսերին։

2010 թվականին սովորել է նաև Երիտասարդ առաջնորդների դպրոցում (ԵԱԴ)։ Ավարտել է բարձր առաջադիմությամբ և գործուղվել Բելառուս։ Բելառուսում մասնակցել է միջազգային երիտասարդական ֆորումի՝ «Բարեկամություն առանց սահմանների» երիտասարդ լիդերների հավաքի, որտեղ ներկայացրել է Հայաստանը։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից տպագրվում է հանրապետական մամուլում («Կանչ», «Արևածաղիկ», «Առավոտ», «Օրրան», «Երկիր», «TV մոլ» և այլն)։

2000-2004 թվականներին եղել է «Կանչ» պարբերականի «Շավիղ» ստեղծագործական խմբի անդամ, ապա ղեկավար. «Կանչի» պատանի լրագրող։

2001 թվականին «Կանչ» պարբերականի կողմից ճանաչվել է «Լավագույն պատանի հրապարակախոս»։

2002 թվականին կրկին «Կանչ» պարբերականի կողմից ճանաչվել է «ՀՀ թիվ 1 պատանի հրապարակախոս»։

Հրապարակումները տպագրվել են նաև «Կանչի» «Հույս, Հավատ, Սեր» մատենաշարում։

Լրագրողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2005 թվականներին հաշմանդամ մարդկանց ինտեգրմամբ զբաղվող «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության անդամ է եղել։ 2001 թվականին ավարտել է այդ կազմակերպության լրագրողական դպրոցը, ստացել վկայական՝ Oxfam, Novib: Մինչև 2014 թվականը շարունակել է համագործակցությունն այդ կազմակերպության հետ, ինչպես նաև հաշմանդամ մարդկանց ինտեգրմամբ և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ այլ կազմակերպության հետ (Աբովյան քաղաքում գործող «Աշխարհն առանց արգելքների» կազմակերպությունն է)։ Բազմիցս մասնակցել է այդ կազմակերպությունների և ՀԿ-երի դաշինքի կազմակերպած սեմինարներին և հավաքներին թե՛ Երևանում և թե՛ Ծաղկաձորում։ 2000-2005 թվականներին այդ կազմակերպության «Արևածաղիկ» ամսագրի լրագրող է եղել՝ լինելով «Podium», «Արժանապատիվ քաղաքացի», «Տարին 12 ամիս» խորագրերի պատասխանատուն։ Կազմակերպության բանավեճի ակումբի անդամ է եղել` անցնելով բանավեճեր վարելու դասընթացը. մասնակցել է նաև Սևանում անցկացված երիտասարդական հավաք-ճամբարին։

2003 թվականին Վրաստանում (Թբիլիսիում) մասնակցել է միջազգային «The one minute վորքշոփ 2003»-ին, որտեղ մեկշաբաթյա սեմինարներին, գործնական աշխատանքներին մասնակցելուց և որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո՝ նկարահանել է «Վերածնունդ» անվանումով 1 րոպեանոց վիդեոարթ` ֆիլմ պատնեշների (ազգային, կրոնական, ռասայական,…) վերացման վերաբերյալ։ Ֆիլմը Ամստերդամում ներկայացվել է մեկ րոպեանոց ֆիլմերի միջազգային մրցույթ-փառատոնում։ Հայաստանում «Վերածննդի» անդրանիկ ցուցադրումը տեղի է ունեցել Երևանի «Նփակ» մշակութային կենտրոնում։ Ֆիլմը ցուցադրվել է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրներում, իսկ 2004 թվականին ցուցադրվել է Լոնդոնի BBC հեղինակավոր հեռուստաընկերությամբ և արժանացել շնորհակալագրի։

2003-2005 թվականներին՝ ուսանողական տարիներին՝ կրթությանը զուգահեռ, աշխատել է Հանրային ռադիոյի «Նաիրի», ապա՝ «Ես, դու, նա» երիտասարդական խմբագրություններում, ապա՝ նորաստեղծ «Լյուն Սե» երիտասարդական ծրագրում՝ որպես լրագրող-խմբագիր։ Հարյուրավոր ռադիոհաղորդումների ��եղինակ և վարող է եղել։ Դարձել է նաև «Միսս Հանրային ռադիո»։

2002 թվականին հեռուստահաղորդավարի դասընթացներ է անցել և որակավորում ստացել «ԱՐ» հեռուստաընկերությունում։

2005 թվականին Երևանում՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, «Բազե նորաձևություն» 1-ին տեղն է զբաղեցրել, ճանաչվել «Բազե-Լավագույն մոդել 2005», ինչպես նաև 2006-ին մասնակցել Արցախում կայացած Բազեին և կրկին արժանացել «Բազե նորաձևության» մրցանակի։

Եղել է «Top model of Armenia 2005» և գործուղվել Չինաստան, որտեղ ավելի քան 7 քաղաքներում, այդ թվում` Շանհայ, Շենժեն, Հյումեն, Գուանջոու, Պեկին, մասնակցել բազմաթիվ ցուցադրությունների, նկարահանումների, միջոցառումների։

2005 թվականին աշխատել է «Ֆինանսական թերթ» ընկերությունում, որի շրջանակներում հրատարակել է «ԲՐԱՎՈ+» ամսագիրը և ղեկավարել է այդ ընկերության մի շարք ծրագրեր։ «ԲՐԱՎՈ+» հանդեսի 1-ին թողարկումն էլ հիմք է ծառայել «CSmedia City» և «CSpublishing House» խոշոր մեդիաընկերությունների հետ համագործակցության, որի շրջանակներում էլ սկսում է հրատարակվել 2006-2015 թվականների Հայաստանի ամենապահանջված երիտասարդական ամսագիրը` «Ես»-ը։ 2006 թվականից հրատարակում է «Ես Yes» երիտասարդական ամսագիրը. նախագծի հեղինակն ու գլխավոր խմբագիրն է եղել։ Ամսագիրը հրատարակում էր նաև հավելվածներ և հատուկ թողարկումներ, որոնց հեղինակն ու գլխավոր խմբագիրը նույնպես Անին էր։

2008 թվականից հրատարակում է «Ես GIRL» աղջկական ամսագիրը. նախագծի հեղինակն ու ղեկավարն է։ Այնուհետև հրատարակել է «Կանանց սերունդ» ամսագիրը։

Անին «Ես» ակումբի հիմնադիր և հանդիպումների վարող է եղել․ ամսագրի ակումբը ամեն անգամ տարբեր հանդիպումներ է կազմակերպել պատանիների և երիտասարդների համար, որի ընթացքում շոուբիզնեսյան աստղի հետ զրույցի ֆորմատով և մոտիվացման սկզբունքով ելույթներ են եղել։ Ակումբը մոտիվացրել է մարզային բնակություն ունեցող հազարավոր երիտասարդների՝ մասնագիտական կողմնորշման, կրթության և այլ հարցերում, հնարավորություն տվել անվճար մասնակցելու «Ես մոդելս» նախագծին, անցնելու մոդելային դասընթացներ, ֆոտոսեսիաներ, նկարահանումներ և ամսագրի մրցույթին մասնակցություն։ Ամսագիրը բոլորովին անվճար պատրաստել է բազմաթիվ լրագրողների և մոդելների, ովքեր այսօր ոլորտի առաջատարներից են։

2008 թվականին դարձել է ՀՀ Ժուռնալիստների միության անդամ։

2009 թվականից դասախոսել է Երևանի պետական թատրոնի հաղորդավարական դպրոցում։ Հարյուրավոր ուսանողներ է պատրաստել հայկական հեռուստառադիոեթերի համար, այսօր նրանցից շատերը հայտնի հաղորդավարներ և լրագրողներ են։

2010 թվականին հիմնել է «Անի Քոչար փրոդակշն» մեդիաընկերությունը, որը զբաղվել է մի շարք լրատվամիջոցների գործունեությամբ և հայտնի մարդկանց PR-ով։ Մեդիաընկերությունը հրատարակել է «Ես Yes» ամսագիրը, «Ես Yes» ամսագրի հատուկ թողարկումներն ու հավելվածները, «Ես GIRL», «Կանանց սերունդ» ամսագրերը, «Բարև, ես եմ» ամսագիրը, ինչպես նաև www.esem.am, www.president.am[6] օնլայն լրատվամիջոցներն ու «Ինտեգրում» ամսագիրը։ Զբաղվել է նաև մեդիահովանավորությամբ. ինֆորմացիոն հովանավոր՝ մշակութային և շոուբիզնեսային միջոցառումների, համերգների, ձայնասկավառակների, տեսահոլովակների, ֆիլմերի, մրցույթների և այլնի համար։

Անի քոչարը «Ես» ամսագրի շրջանակներում իրականացրել է նաև շոուբիզնեսային մրցանակաբաշխությունների կազմակերպում՝ 2007, 2012 թվականներին։

Հասարակական-քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին «Ժառանգություն» կուսակցության «Բարև, Երևան» դաշինքով մասնակցել է ՀՀ Երևանի ավագանու ընտրություններին, ցուցակում եղել է 10-րդ համարը։

2008-2014 թվականներին դրսևորել է հասարակական և քաղաքացիական ակտիվ գործունեություն։ Եղել է «Օրրան» և «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունների բարեկամ, մշտապես մասնակցել Արմինե Հովհաննիսյանի վերոնշյալ կազմակերպությունների միջոցառումներին, դրամահավաք-ճաշկերույթներին և ճամբարներին։

Անի Քոչարը եղել է ՀՕՖ-ի բարեկամների խորհրդի անդամ՝ մասնակցելով Հունիսմեկյան բարեգործական միջոցառումների անցկացմանը Հաղթանակ զբոսայգում, ինչպես նաև «Հայտնի և հանրային մարդիկ՝ երեխաների համար» ցուցահանդես-վաճառք և դրամահավաք են միասին կազմակերպում՝ հանուն ՀՕՖ-ի երեխաների[7]։

Էջմիածնում գտնվող «Մեր տունը» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է, որը զբաղվում է մանկատնից դուրս եկած աղջնակների կրթության ու մասնագիտության ձեռք բերման և նրանց՝ ընտանիք ստեղծելու հարցերով։ Կազմակերպության կողմից Անին արժանացել է մրցանակի։ Մինչ օրս էլ համագործակցում է կազմակերպության հետ։

ՀՀ արվեստի, մշակույթի և մեդիաոլորտի այլ ներկայացուցիչների հետ մասնակցել է մի շարք հասարակական-քաղաքական, քաղաքացիական շարժումների և ակցիաների, այդ թվում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, «Դեմ եմ պարտադիր կենսաթոշակայինին», քաղբանտարկյալների ազատ արձակման և այլն։

Եղել է Նախախորհրդարանի ակտիվիստներից և մասնակցել մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների։

Մասնակցություն է ունեցել բազմաթիվ սոցիալական հոլովակների, նախագծերի՝ մանկատան երեխաների համար, հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանության, մշակութային և լրատվական։

Քոչարը կազմակերպել է մի շարք բարեգործական համերգներ, միջոցառումներ, որոնք տեղի են ունեցել Երևան ու Աբովյան քաղաքներում։

«PanArmenian media Group»-ի «Ջազվե» մեդիաակումբի անդամ։

Անին եղել է մազմաթիվ մոդելային մրցույթների ժյուրիի անդամ, այդ թվում` հեղինակավոր «Ռուսական սիլուետ Հայաստան», «Թոփ մոդել» մրցույթներում և այլն։ Եղել է նաև Ազգային երաժշտական մրցանակաբաժխության ընտրող հանձնաժողովում։

Անին հարյուրավոր հոդվածների, լրագրողական նյութերի, ամսագրերի առաջնորդող հոդվածների հեղինակ է, ռադիոթողարկումների հեղինակ, նրա մասին նկարահանվել են հեռուստաֆիլմեր, նրան նվիրվել են երգեր, Անիին նկարել են տարբեր նկարիչներ, ինչպես նաև որպես արձանի ոգեշնչում և բնորդուհի է հանդիսացել հանրահայտ քանդակագործ Վիգեն Ավետիսի Երևանի Պրահայի այգում գտնվող Սասունցի Դավթի մոր` Ծովինարի քանդակի համար[8]։

Անին եղել է տասնյակ հեռուստաշոուների մասնակից՝ «Երբ պարում են աստղերը», «Երբ պարում են աստղերը The Best», «Աստղային մենամարտեր» և այլն։

Անի Քոչարը Հայաստանի մարզական ֆեդերացիայի պատվավոր անդամ է։

«Հանձնվել չկա՛»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին գրել է «Հանձնվել չկա՛» ինքնակենսագրական մոտիվացիոն գիրքը։ «Հանձնվել չկա» հուշագրությունը Անի Քոչարի կյանքի 2 ամենադժվար տարիների մասին է։ 2018 թվականի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի[9][10][11]։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ փոքր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը․․․

Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները՝ կյանքի ու մահվան սահմանագծին։ Անի Քոչարի գիրքը նվիրված է իր քրոջ դստեր՝ Մանեի հիշատակին։ Տարիներ առաջ նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ։

Գիրքը տպագրվել է 2020 թվականին։ Իր հարցազրույցներից մեկում Անին ասել է․

Այս գիրքը կյանքը շատ սիրելու, մեծ հավատով պայքարելու և երբեք չհանձնվելու մասին է։ Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։ Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում։ Հանձնվել չկա՛[12]։

Անին զբաղվում է քաղցկեղի դեմ պայքարի մոտիվացիոն քարոզով, վիրտուալ ելույթներով և վիդեոուղերձների տարածմամբ։

Մտադիր է նկարահանել հեռուստաֆիլմ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հիման վրա։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Քոչարն ամուսնացել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին[13]։

Հարսանիքի և դրան հաջորդած օրերի մասին Անին ասել է․

2020-ի սեպտեմբերի 25-ին՝ շատ դժվար փորձություններից հետո, կարանտինային պայմաններում՝ սահմանափակ թվով հյուրերով, վերջապես կարողացանք պսակադրվել։ Շատ մեծ ցանկություն ունեի մեղրամիսն Արցախում անցկացնել (գարնանն էլ այնտեղ էինք), սակայն մեզ անակնկալ մատուցվեց, և չծրագրված ճամփորդության մեկնեցինք այլ երկիր։ Ով կմտածեր, որ հարսանիքի հաջորդ օրը կմեկնենք մեղրամիս և հասնելու հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 27-ին, կարթնանանք զանգից՝ Հայաստանում պատերազմ է...

Աշխարհի ամենաերջանիկն էինք, և մի վայրկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ... վերադառնալ էր պետք։ Վերադառնալուց անմիջապես հետո՝ ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ, և բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում և կրկին ինչ ապրումներ ունեցա։ Թվում է, թե մահվանը հաղթած մարդուն այլևս ոչնչով հնարավոր չէ վախեցնել, փաստորեն, հնարավոր էր... Աստծո գործերն անքննելի են...[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լույս է տեսել լրագրող Անի Քոչարի ինքնակենսագրական «Հանձնվել չկա՛» գիրքը
  2. «Լույս է տեսել լրագրող Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» գիրքը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Եղել են օրեր, որ զգում էի՝ պարզապես սիրտս բաբախում է, ուղղակի ողջ եմ. Անի Քոչարը՝ հիվանդության մասին և ոչ միայն
  4. Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վայրկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ. Անի Քոչար
  5. Անի Քոչար. 5 տարվա իմ անձնուրաց նվիրումը 0-ի հավասարվեց
  6. Հայաստանի Հանրապետության Նախագահ
  7. Որքան հիմար եմ եղել ես, այնքան եմ ցավում. Անի Քոչարի կոչը
  8. Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ (շատրվան-հուշարձան, Երևան)
  9. ««Երբ ես մահվան շեմին էի․․․»․ Անի Քոչար Նյութի աղբյուրը` http://old.yelaket.am/?p=41341&l=am». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  10. «Անի Քոչարը՝ հիվանդության, թե ինչու բուժումը Հայաստանում չստացավ և հայրենիք վերադարձի մասին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՍ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՕԴԸ ՏԱՆԵԼ ՉԷԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ․ ԱՆԻ ՔՈՉԱՐ
  12. Հրատարակվել է Անի Քոչարի «Հանձնվել չկա» գիրքը
  13. Ընտրյալս երևանցի է, գործարար. Անի Քոչարը պսակադրությունից օրեր անց ամուսնուն ճանապարհել է առաջնագիծ
  14. Անի Քոչարն ամուսնացել է. մոդելը՝ հարսանիքի, իր ապրումների և ամուսնու՝ առաջնագիծ մեկնելու մասին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]