Jump to content

Մայր Հայաստան հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Անվան այլ կիրառումների համար տե��ս՝ Մայր Հայաստան (այլ կիրառումներ)
Մայր Հայաստան հուշահամալիր

Մայր Հայաստան քանդակը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ Հայաստանի պետական հուշարձան ID 1.12/10.3
Համայնք Զեյթուն
Գտնվում է Հաղթանակի զբոսայգի
Բարձրություն 22 մետր
Քանդակագործ(ներ) Արա Հարությունյան
Ճարտարապետ(ներ) Ռաֆայել Իսրայելյան
Հիմնադրում նոյեմբերի 29, 1950
Նյութ կոփածո պղինձ
Ներկա վիճակ Կանգուն


Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակներն են ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և «Մայր Հայաստան» արձանի հեղինակը՝ Արա Հարությունյանը։

Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին Ռաֆայել Իսրայելյանն ու Սերգեյ Մերկուրովը արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։

1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը[1][2]։

Ճարտարապետություն

Հուշահամալիրը նախագծվել է հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է, քանդակինը` 22 մետր, սրինը` 11 մետր։ Պատվանդանը, ի հակադրություն արտաքին սառը, ուղղանկյուն ձևերի, ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է և իր մանրամասներով հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե Տաճարը։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։

Հաղթանակի հուշահամալիրի ճարտարապետական և քանդակագործական մասերը համարժեք են և ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն ու իմաստավորում։ Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվարձանի լավագույն նմուշներին։

Հուշարձանի բնորդուհի

Մայր Հայաստան հուշարձանի բնորդուհին հայ մանկավարժ Եվգենյա Մուրադյանն է (ծնվել է 1942)[2]։

Արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը[3]։

Գենյա Մուրադյանը պատմում է, թե ինչպես Արա Հարությունյանն իրեն առաջարկեց դառնալ արձանի բնորդուհի։ Նա 17 տարեկան էր, երբ քանդակագործը նկատեց նրան և մայրիկին ասաց, որ Ստալինի արձանի փոխարեն պետք է դրվի Մայր Հայաստանի արձանը։ Նա խնդրեց Գենյայի մայրիկին աղջկան ուղարկել արվեստանոց, սակայն մայրիկը թույլ չտվեց։ Ավելի ուշ աղջիկը եղբոր հետ գնաց արվեստանոց։ 4-5 սեանսի ընթացքում քանդակեց աղջկա դեմքը, որի մասին նա ասել է․

Շատ հետաքրքիր էր, շատ նման էր, բացի հոնքերից, հոնքերը միացրած էին իրար, ու ինքն ասաց՝ դա վեհ կնոջ, ուժեղ կնոջ իմաստն ունի, որ հայ կինը եղել է ուժեղ, հաղթանակ��ղ, կռվող, պաշտպանող ազգը, հայրենիքը[4]։

Մուրադյանի խոսքերով այդ դրվագը փոխել է իր ներաշխարհը․

Ես ավելի ուժեղացա, ես ինձ զգում եմ այնպես, ինչպես կա կանգնած[4]։

Բնորդուհին նշում է, որ առաջարկն ընդունել է սեփական զգացմունքներից ելնելով և այդ պահին շատ հեռու էր կերպարի իրական նշանակությունն ամբողջ էությամբ ընկալելուց[3]։

Արձանը սկսել են քանդակել 1961 թվականին, և 1967 թվականին պատրաստի վիճակում կիսանդրին մաս-մաս տեղափոխել[2]։

Երևանի ճարտարապետական դիմագծում հուշակոթողի (Մայր Հայաստանի)` քաղաքաշինական տեսանկյունից առանցքային և գերիշխող դերն է ընդգծել արվեստաբան Ա. Կամենսկին[5]։ Հայտնի պատմաբան Զ. Ա Մանֆրեդը գրել է այն խոր տպավորության և հիացմունքի մասին, երբ դիտել է «Երևանի վրա վեր խոյացող, արտահայտչականությամբ ու գեղարվեստական ուժով ապշեցնող Մայր Հայաստան հուշարձանը[6]։

«Մայր Հայաստան»-ի գաղափարը մի զգալի չափով արդեն կանխորոշված էր, կար պատվանդանը, որոշել էին նաև հուշարձանի նշանակումն ու իմաստը, տեղն ու կողմնորոշումը։ 22 մետրանոց կոփածո պղնձից արձանը լինելու էր քաղաքի, երկրի պահապանը, ժողովրդի սիմվոլը։ Քանի որ այն անձնավորելու էր ժողովրդի, մայր հողի գաղափարը, ես ընտրեցի թրով աղջկա, կնոջ, մոր կերպարը։ Իհարկե, թրով կանայք աշխարհում շատ են ստեղծվել, և ես բնավ չեմ հավակնել հայտնագործություն անել։ Չեմ էլ ձգտել շոյել դիտողի հայացքը արձանի մեղմիկ ձևերով։ Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ։ Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ։ Իսկ պատվանդանի ուղղահայաց ձևերը պետք է հատվեին հորիզոնական ծավալներով։ Պատվանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը։ Այդ շարժումը սիմվոլիկ է, թուրը պատյան է դրվում, բայց զգացվում է նաև հանելու պատրաստակամությունը։ Սա կատարվող գործողության երկրորդ իմաստն է, և, իր հերթին, խորհրդանշում է այն, որ մեր ժողովուրդը միշտ պատրաստ է, և հարկ եղած դեպքում պաշտպանելու է իր ձեռք բերած հաջողությունները, իր սիրասուն հայրենիքը։ Ֆիգուրատիվ լուծում որոնելիս եղան բազմաթիվ տարբերակներ, որոնց մեջ կար նաև մոնումենտի շարունակությունը զինվորով ավարտելու տարբերակ։ Սակայն զինվորը կարող էր խորհրդանշել միայն ռազմական ուժի՝ բանակի հաղթանակը, ուստի ամբողջ հայ ժողովրդի գաղափարը պահանջում էր ընտրել Մայր Հայաստանի կերպարը։ Արձանը կոփածո պղնձից է՝ հավաքված երկաթյա հիմնակմախքի վրա։ 22 մետրանոց արձանը կշռում է մոտ 15 տոննա։
- Արա Հարությունյան[7][8]

Մայր Հայաստան զինվորական թանգարան

Թանգարանի ցուցանմուշներից

Պատվանդանի ներսում` շուրջ 3000 մ² օգտակար տարածությունում, 1970 թվականին ի նշանավորումն Հաղթանակի 25-ամյակի բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո։ Թանգարանի ցուցադրությունը կազմված է երկու հիմնական մասից՝ «Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին» և «Արցախյան ազատագրական պատերազմ»[9]։

«Մայր Հայաստան» զինվորական թանգարանը ԱՊՀ-ում հանրապետական, ազգային նշանակության միակ զինվորական թանգարանն է։ Այն ԽՍՀՄ տարածքում գործող միակ թանգարան է, որտեղ գտնվում են ոչ թե պատերազմի կոնկրետ ժամանակահատվածի, կոնկրետ գործողության կամ առանձին ճակատին վերաբերող ցուցանմուշներ, այլև թանգարանն այցելուներին տեղեկատվություն է տրամադրում Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, մարշալների, գեներալների, հերոսների և հասարակ զինվորների մասին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի[10]։

Գաղափարական ընդհանուր մտահղացման մաս են կազմում նաև «Անհայտ զինվորի գերեզմանը», դեպի այն տանող «Հերոսների պուրակը», ինչպես նաև մարշալ Բաղրամյանին և ռուս սահմանապահներին նվիրված ծառուղիները։

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 90-ամյակի կապակցությամբ ՀՀ Զինված ուժերի «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը հանդես է եկել նոր ցուցադրությամբ։ Ավագ Հարությունյանը նշում է, որ նոր ցուցադրությունից հատկապես ուշագրավ են Նեմեսիս գործողությանը նվիրված ցուցադրությունը, Կամավորական շարժումների, մարտերի 100-ամյակին նվիրված ցուցադրությունները, մերօրյա հերոսների, նախորդ տարի (2014) ադրբեջանական ագրեսիային դիմակայած և հերոսի մահով ընկած զինվորների մասին զուցադրությունները[11]։

«Բավական է» սոցիալական արշավը

2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ աղջիկ երեխայի միջազգային օրը, Մայր Հայաստան արձանի լուսավորությունը փոխվեց, դառնալով կարմիր։ Դա տեղի ունեցավ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին դեմ նույն օրը մեկնարկած «Բավական է» սոցիալական արշավի շրջանակում։ Արշավը, որի մտահղացումը Doping Creative Agency-ինն էր և իրականացվել էր ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ և UNFPA Armenia-ի ֆինանսավորմամբ, միտված էր Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների, ապագայում երևույթի ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունների մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը, երկրով մեկ հանրային քննարկման խթանմանը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսմանը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։

Կարմիր Մայր Հայաստան, #Բավականէ սոցիալական արշավ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։ Red Mother Armenia, #Bavakane Social Campaign against sex-selective abortions in Armenia, October 11, 2019

Հուշարձանի ընտրությունը պայմանավորված էր մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին, այն երկրի ամենաբարձր արձանն է և տեսանելի է քաղաքի շ��տ հատվածներից։ Մայր Հայաստանը ոչ միայն ռազմական խորհուրդ կրող արձան է, այլ նաև հայ կնոջ հավաքական կերպարն է, ինչն այն դարձնում է հարմար հարթակ՝ աղջիկ երեխայի և ընդհանրապես հասարակության մեջ կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի մասին բարձրաձայնելու համար։ Միջոցառման օրը արձանի լուսավորությունն անջատվել էր։ Այնուհետև հատուկ տեխնիկայի կիրառմամբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով։ Այս գույնն ասոցացվում է տագնապի կամ կանգ նշանի գույնի հետ և անմիջապես գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանի պատվանդանի վրա պրոյեկցիայի միջոցով հեռարձակվում էին արշավի հիմնական ուղերձները։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մայր Հայաստան հուշարձանի մոտից իր դստեր հետ ուղիղ կապով դիմեց իր հետևորդներին՝ խոսելով արշավի կարևորության մասին։

Կարմիր Մայր Հայաստան, #Բավականէ սոցիալական արշավ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։ Red Mother Armenia, #Bavakane Social Campaign against sex-selective abortions in Armenia, October 11, 2019

Տ-34 տանկի գողություն

Զբոսայգու ցուցանմուշների մեջ ներառված է Տ-34 տանկ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Սովետական բանակի տանկերից մեկը, իսկ 1974 թվականի հոկտեմբերի 30-ին բերվել է Թբիլիսիից։ 1990 թվականին տանկը գողացել են ֆիդայական շարժման մասնակիցները՝ այն գործարկելու հույսով։ Մեկ ամիս անց տանկը հայտնաբերվել է Էջմիածնի շրջակայքում[12]։

Հուշադրամներ

2020 թ. ապրիլի 21-ին ՀՀ Կենտրոնական բանկը թողարկեց արծաթե հուշադրամ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» հուշարձանը Երևանում և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը, իսկ դարձերեսին՝ վահան և գեորգիևյան ժապավեն[13][14]։

Պատկերասրահ

Հայրենական պատերազմի զոհերի և հերոսների հիշատակին նվիրված խաչքարեր

Պատվանդանի տակ թանգարանի մուտքի զարդաքանդակներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Рождение "Матери Армении". Собеседник Армении. N 7, 20 июля, 2007 г. էջ 18.
  2. 2,0 2,1 2,2 Լեգենդն ապրում է. «Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»
  3. 3,0 3,1 ««Մայր Հայաստանի» բնորդուհին՝ չմարող լեգենդ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  4. 4,0 4,1 «Քանդակեց իմ դեմքը, շատ նման էր, բացի հոնքերից, հոնքերը միացած էին, ասաց, որ դա վեհ կնոջ, ուժեղ կնոջ խորհուրդն ունի»(չաշխատող հղում)
  5. А. Каменский. "Судьбы и характеры"// Творчество, 1983, №7.
  6. Զ. Ա. Մանֆրեդ. «Նապոլեոն Բոնապարտ», նախաբան, Երևան,1975
  7. Зурабов Б. А. Арутюнян. Мастера советского искусства. Москва. Советский художник,1986.
  8. «Քաղաքն ու քանդակագործը», «Սովետական Արվեստ», N9, 1973:
  9. Հռիփսիմե Սիմոնյան (2008 թ). Սա մեր երկիրն է, Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 125–128. ISBN 978-99930-4-959-3.
  10. Մայր Հայաստան զինվորական թանգարանը բացառիկ է ԱՊՀ-ում armeniasputnik.am կայքում, 09.05.2016
  11. «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը բացել է նոր ցուցադրություն ԵՐԵՎԱՆ, 2015, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ
  12. Մի ցուցանմուշի պատմություն. թանգարանային տանկի երկրորդ մարտական «գրոհը»
  13. «Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  14. Թողարկվել են «Գեւորգ Չավուշ» եւ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները (ֆոտո)
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/10.3


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։