Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան |
Վայր | «Հաղթանակ» զբոսայգի |
Մասն է | Մայր Հայաստան հուշահամալիր |
Հասցե | 0037 Երևան, Ազատության պողոտա 2 |
Հիմնադրվել է | 1970 |
Հիմնադիր | Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան Ստալինի արձանի քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով Մայր Հայաստան հուշարձանի քանդակագործ՝ Արա Հարությունյան |
Պատվիրող | ՀՀ պետական հուշարձան ID 1.12/10.3 |
Մակերես | 3000 մ² մ² |
Տնօրեն | Վալերի Ռազմիկի Հակոբյան |
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան, Հայաստանի պաշտպանական գերատեսչության կազմում գործող ռազմապատմական թանգարան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1962 թվականին հանվել է Ի. Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» արձանը։ Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է։ 1970 թվականին բացվել է «Սովետական Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարան և անցել ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Բացվել են Արցախին և ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահներ[1]։
Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա`
1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը։ Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայ մարշալների (Հովհաննես Բաղրամյան, Իվան Իսակով (Հովհաննես Տեր-Իսահակյան), Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց)) և գեներալների գործունեությանը։
Պատկերասրահում ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղաներկ դիմանկարները։ Սև գրանիտե հուշ-դահլիճում անմահացված են Խորհրդային Միության հերոսների և Փառքի շքանշանի լրիվ աստիճանների ասպետների, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և անհայտ կորածների անունները։
2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված են ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիորաման։
3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է։ Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը։ Ունի 3000 մ² ընդհանուր ներքին մակերես, երեք հարկ և մեծ դահլիճ, որտեղ կազմակերպվում են միջոցառումներ, բաց դասեր, հանդիպումներ, համերգներ։ Թանգարանի պատշգամբները բացվում են դեպի քաղաքի բոլոր ուղղությունները[1]։
Թանգարանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոնդեր և ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ֆոնդերում կան շուրջ 40 հազար ցուցանմուշներ։ Գործում է երեք բաժին` նվիրված 1918-1920 թվականներին ՀՀ Զինված Ուժերին, Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան պատերազմին, որոնց ցուցանմուշները պարբերաբար թարմացվում են։ Արժեքավոր են ԽՍՀՄ հերոսների մեդալները, շքանշանները, Արա Սարգսյանի փայտե քանդակը, Անգլիայի թագուհու նվերը Բրիտանական ռազմաօդային ուժերի օդաչուներ Աղազարյան եղբայրներին, սահմանափակ քանակով պատրաստված ոսկե բռնակով սուրը` «նվիրյալների համար» մակագրությամբ։ Թանգարանում են պահվում ազատամարտիկների անձնական իրեր` լուսանկարներ, համազգեստներ, նամակներ (Մոնթե Մելքոնյանի զրահաշապիկը, ակնոցը, Թաթուլ Կրպեյանի քաղաքացիական հագուստը, Ջիվան Աբրահամյանի ատրճանակը և այլն)։ Թանգարանին են պատկանում նաև դրսում գտնվող տեխնիկան` կատյուշան, Միգ-15 ինքնաթիռը, Տ-34 տանկը, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին, հետագայում դրանց են ավելացվել ԲՄԴ-ն, ԲՏՌ-155-ը, 75 հրթիռային համալիրը, որը պատերազմի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 ինքնաթիռ։ Համալիրի մեջ է մտնում նաև հերոսների ծառուղին և անհայտ զինվորի հուշարձանը։
Ցուցանմուշների համալրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալրումը պարբերաբար, գրեթե ամեն օր տեղի ունեցող շղթայական աշխատանք է, ի դեպ, նաև բավականին բարդ ու դժվարին։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի ցուցասրահների համալրման կամ նորացման առումով աշխատանքները գերազանցապես են կատարվում և, կարելի է ասել, գրեթե ավարտված են, նույնը դեռևս չի կա��ող ասվել Արցախյան պատերազմի հետ կապված ցուցասրահների համալրման աշխատանքների մասին, քանի որ պատերազմը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում և համալրումն ու հավաքչական աշխատանքները դժվար են երկու տեսանկյունից։ Նախ՝ Ազատամարտում զոհված ազատամարտիկների հարազատները, բարեկամները, ընկերները, հասկանալի է, որ դժվարությամբ են ցանկանում իրենց մոտ պահվող այդ իրերը, փաստաթղթերը՝ որպես ցուցանմուշ պետական պահպանությանը հանձնել։ Մյուս կողմից էլ այն ազատամարտիկները, ովքեր ողջ-առողջ են, իրենց ձեռքի տակ եղած իրերը նույնպես որպես հիշատակ են պահում։ Թանգարանի ղեկավարությունը բոլորին կոչ է ուղղել, որպեսզի թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի, թե՛ Արցախյան պատերազմի հետ կապված իրենց մոտ պահպանվող ցուցանմուշները, սկսած փաստաթղթերից, լուսանկարներից, վկայականներից, պարգևատրումներից, անձնական իրերից, հանձնեն ՀՀ Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան, որովհետև պետական պահպանությունը միակ և երաշխավորված, ապահովված մեթոդն է, և, վերջիվերջո, դրանք սերունդների համար պետք է ծառայեն։
Ռազմական պատմության թանգարանում ներկայացվող թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում գերազանցապես ներկայացված են մեր ժողովրդի ռազմական պատմության երկու հիմնական թեմաները. առաջինը՝ մեր հայ զորավարների, հայ ռազմիկների մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին, և երկրորդը՝ Արցախյան ազգային-ազատագրական պատերազմը։ Այդ երկու թեմաներից զատ կան նաև ցուցադրություններ՝ նվիրված ռուսական կայսրության բանակի հայազգի գեներալներին, մեր ֆիդայական շարժմանը և Հայաստանի առաջին հանրապետությանը։
- Հայ զորավարների, հայ ռազմիկների մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին
- Արցախյան ազգային-ազատագրական պատերազմ
- ռուսական կայսրության բանակի հայազգի գեներալներ
- ֆիդայական շարժում
- Հայաստանի առաջին հանրապետություն։
Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ցուցադրությունում ներկայացված են հայ անվանի զորահրամանատարները, հինգ մարշալները, նրանց գործունեության հետ կապված լուսանկարները, փաստաթղթերը, անձնական իրերը, Մարշալ Բաղրամյանի աշխատասենյակի կահույքը, Հայաստանի վեց ազգային դիվիզիաները, որոնց կազմի մեջ են մտնում հիմնականում պատերազմի մարտական գործողություններին մասնակցած հինգ դիվիզիայի ողջ մարտական ուղին ամփոփող և արտացոլող առանձին ցուցասրահներ, որոնց մեջ, իհարկե, առանձնակի տեղ զբաղեցնում է Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան, որը, ինչպես հայտնի է, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում միակ ազգային դիվիզիան էր, որը մասնակցեց Բեռլինի Ռայխստագի գրավմանը։
Թանգարանում նաև կա գեղարվեստական նկարների պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են Խորհրդային Միության հայ հերոսները, ինչպես նաև հայազգի շուրջ 60 գեներալները, ովքեր ակտիվ ձևով ղեկավար-հրամանատարական պաշտոններ են զբաղեցրել պատերազմի ընթացքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվում է հիշատակի սրահով։ Այստեղ գտնվող գրքերում ցուցադրված է Հայկական ԽՍՀ-ից այն ժամանակ մոբիլիզացված, այսինքն՝ զորակոչված և զոհված Հայաստանի քաղաքացիների անուն-ազգանունները, որոնք, ռազմական պատմության թանգարանը հրատարակել է 4 հատորով, իսկ պատերին անմահացված են Խորհրդային Միության հայ հերոսների անունները։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան առաջին պատերազմին նվիրված ցուցադրությունը սկսվում է խաղաղ ցույցերից, որոնց (երբ արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ խաղաղ միջոցներով հնարավոր չէ հաղթանակի հասնել) հաջորդեցին հայկական ջարդերըՍումգայիթում և Բաքվում։ Հաջորդաբար ցուցադրված են երկրապահ-կամավորական ջոկատները, ըստ ժամանակագրության՝ Շահումյանի և Գետաշենի մարտական գործողություններից սկսած մինչև զինադադարի կնքում։
Այդ ամենի մեջ առանձնակի ուշադրություն է դարձված Շուշիի ազատագրման ռազմական գործողությանը՝ հաշվի առնելով նրա ունեցած դերակատարությունը թե՛ ռազմավարական և թե՛ քաղաքական ու աշխարհաքաղաքական հարցերում։
Թանգարանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին հարկ
- ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
- ՓԱՌՔԻ ՀՈՒՇԱՍՐԱՀ (Խորհրդային Միության հերոսների և Փառքի երեք աստիճանի ասպետների անուններ, Հայրենական Մեծ Պատերազմում Հայաստանի Հանրապետությունից զոհվածների անուններ)
- ՖԻԴԱՅԻՆԵՐ
- ՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ (1918-1920թթ.) ԵՎ ՆՐԱ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ
- ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՖՂԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ (1979-1989)
- 76-րդ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԻՎԻԶԻԱ (հայերի մասնակցությունը Մոսկվայի, Ստալինգրադի, Կիևի ճակատամարտերին, գեներալներ Ալեքսանդր Կարաօղլանով, Սարգիս Մարտիրոսյան, Ասքանազ Կարապետյան, Անդրանիկ Ղազարյան, գնդապետ Գեդեոն Միքայելյան, դիվիզիայի մարտական ուղու էլեկտրոնային քարտեզ)
- 408-րդ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԻՎԻԶԻԱ
- ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
- ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԻԶԻԱՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ
- 89-րդ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՄԱՆՅԱՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԻՎԻԶԻԱ (գեներալներ Նվեր Սաֆարյան, Միխայիլ Հարությունով, Ալեքսանդր Մնացականով, Բորիս Վլադիմիրով, Աշոտ Ամատունի, Ստեփան Խանամիրյան, Միքայել Մուրադյան, դիվիզիայի մարտական ուղու էլեկտրոնային քարտեզ)
- ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԾՈՎԱԿԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎ (հայ ծովայինների մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին)
- ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՇԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ, ԽՍՀՄ ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՇԱԼ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
- 390-րդ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԻՎԻԶԻԱ (հայ օդաչուների մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին, մարշալ Արմենակ Խանփերյանց, գեներալներ Արտեմ Միկոյան, Ղևոնդ Հակոբյան, Ալեքսեյ Միկոյան, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան, դիվիզիայի մարտական ուղու էլեկտրոնային քարտեզ)
- ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻՆ, ՀԱՅ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐ
- ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ (Խորհրդային Միության հերոսների և գեներալների յուղանկարներ)
- ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՇԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ
- ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
- 409-րդ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԻՎԻԶԻԱ (հայերի մասնակցությունը Լենինգրադի և Սևաստոպոլի պաշտպանությանը, Փառքի երեք աստիճանի ասպետներ, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարներ, գեներալներ Միքայել Պարսեղով, Աշոտ Ղազարյան, Տարաս Թուսուզյան, Ժորա Իսահակյան, Ռաֆայել Մարտիրոոսյան)
- ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
- 2-րդ ՀԱՐԿ
- ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
- ՆԱԽԱՍՐԱՀ (Մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով), ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրիներ, Ռայխստագի գրավում և Մարտեր Կովկասի համար դիոռամաներ)
- ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄ, ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
- ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՎ ԳԵՏԱՇԵՆԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՏԵՐ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԾՎԱՇԵՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
- ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐ, ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
- ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՋՈԿԱՏՆԵՐ, ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
- ՋԱՎԱԽՔԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱ
- ՀԵՐՈՍՆԵՐԻ ՍՐԱՀ (ՀՀ Ազգային Հերոսներ, Արցախի Հերոսներ, ՀՀ Գերբ և Դրոշ, Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի ռազմաբեմի մակետ, Գուրգեն Մարգարյան)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐ, ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ ԵՎ ՀՐԵՏԱՆԻ
- ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ (դիոռամայով)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
- ԼԱՉԻՆԻ ԵՎ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԶԻՆԱԴԱԴԱՐ
- ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ
- ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐ
- ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
- 3-րդ ՀԱՐԿ
- ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանի ֆոնդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, որը ստեղծման օրվանից կոչվում էր «Սովետական Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմում 1941-1945 թվականներին», սկզբնապես, բնականաբար, հավաքվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող նյութեր։ Իսկ երբ թանգարանն անցավ ՀՀ ՊՆ համակարգ, ֆոնդերը սկսվեցին համալրվել նաև Արցախյան ազատագրական պատերազմին մասնակցած կամավորականների, զինծառայողների, ՀՀ Զինված Ուժերի գործունեությունն արտացոլող նյութերով։
1. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՖՈՆԴ
Այս ֆոնդում պահպանվում են հայ ֆիդայիների, ցարական բանակի հայ գեներալների, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հ. Բաղրամյանի, ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Հ. Բաբաջանյանի, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս Ի. Իսակովի, ավիացիայի մարշալ Ա. Խանփերյանցի (Ս. Խուդյակով), ավիացիոն գնդի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ն. Ստեփանյանի, ԽՍՀՄ ԶՈւ հայ գեներալների, Խորհրդային Միության հերոսների, Փառքի շքանշանի լրիվ աստիճանների ասպետների, հայկական 6 դիվիզիաներում ռազմական գործողություններին մասնակցած ռազմիկների, ՀՀ Ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի ու զորատեսակների, Արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցների անհատական և խմբային լուսանկարները, ալբոմները։
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՖՈՆԴ
Այս ֆոնդում պահպանվում են Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից զորահրամանատարների ու ռազմիկների գործունեությունն արտացոլող հրամանագրեր (օրինակ` Հ. Բաբաջանյանին ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում շնորհելու մասին), շնորհակալագրեր, ռազմաճակատային նամակներ, պարգևատրման վկայականներ, զինվորական և շքանշանային գրքույկներ, պատվոգրեր, թռուցիկներ, հրամաններ, բնութագրեր, մարտական ուղիներ։
3. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՖՈՆԴ
Այս ֆոնդում պահպանվում են ռազմական թեմաներով կատարված գեղանկարներ, հայ մարշալների ու գեներալների, Խորհրդային Միության հերոսների, ՀՀ Ազգային հերոսների յուղաներկ դիմանկարներ։ Թանգարանի պատկերասրահում հավաքական ներկայացված են Խորհրդային Միության հերոսների և գեներալների դիմանկարները։ Պահպանվում են կոմպոզիցիոն քանդակներ, կիսանդրիներ։ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված գեղանկարների մեծ մասի հեղինակը ճանաչված ռազմական նկարիչ Մակիչ Արզումանյանն է, քանդակներինը` նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը և Վ. Պետրոսյանը, Արցախյան շարք գեղանկարներինը` Սերգեյ Պողոսյանը։
4. ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՖՈՆԴ
Այս ֆոնդում պահպանվում են ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Հ. Բաբաջանյանի և վաստակավոր փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Ռ. Կապրիէլյանի բոլոր պարգևները, ԽՍՀՄ պետական, գերատեսչական և հասարակական կազմակերպությունների շքանշանների, մեդալների, կրծքանշանների, հուշամեդալների հավաքածու, ՀՀ և ԼՂՀ պետական և գերատեսչական շքանշաններ ու մեդալներ։
5. ԻՐԵՐԻ ՖՈՆԴ
Այս ֆոնդում պահպանվում են Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հ. Բաղրամյանի, ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Հ. Բաբաջանյանի, ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալների զինվորական համազգեստները, Անաստաս Միկոյանի քաղաքացիական հագուստը, ՀՀ Ազգային հերոսների ռազմաճակատային հագուստը, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյա�� ազատագրական պատերազմի մարտի դաշտերում օգտագործված անձնական իրեր (ծխախոտատուփեր, ժամացույցներ, կողմնացույցեր, բժշկական գործիքներ, սպայական պայուսակներ, ՀՀ ԶՈւ դաշտային համազգեստներ, և այլն)։ Այս ֆոնդում է պահպանվում Աղազարյանների գերդաստանին Մեծ Բրիտանիայի թագուհու նվիրած պատվո զարդանախշ թուրը, Խորհրդային Միության մարշալ Հ. Բաղրամյանի աշխատասենյակի կահույքը։
6. ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՖՈՆԴ
Այս ֆոնդում պահպանվում են Առաջին համաշխարհային պատերազմի, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակաշրջաններին վերաբերող զինատեսակներ։ Թանգարանի հարակից տարածքում ցուցադրվում են հետևյալ զինատեսակները` Հետևակի թրթուրավոր զրահամեքենա, Զրահամեքենա-152, Տանկ Տ-34, Ինքնաթիռ ՄԻԳ-15, Կատյուշա ԲՄ-13, Զենիթային հրանոթ 76 մմ, Ս-75 Զենիթա-հրթիռային համալիր. Արձակման կայանք։
Աշխատաժամեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատաժամանակը՝ Ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 10.00 - 17.50, շաբաթ-կիրակի` 10.00 - 15.00[1]:
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանն ԱՊՀ անդամ-մասնակից պետությունների մեջ միակ ռազմական և պետական թանգարանն է, որի մուտքը և կազմակերպվող էքսկուրսիաները անվճար են, իհարկե, այդ ամենը կատարվում է Պաշտպանության նախարարության հոգածության շնորհիվ։
«Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին «Հաղթանակ» զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը[2]։
1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը[2][3]։
Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 51 մետր է։ 1970 թվականին բացվել է «Սովետական Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» թանգարանը։ 1995 թվականին այն վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարան և անցել ՀՀ Պաշտպանության Նախարարության ենթակայության ներքո[2]։
Մայիսի 9-ի եռատոնի նշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռատոն է. այն ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի տոնն է, այլև Շուշիի ազատագրման, նաև Արցախի Պաշտպանության բանակի ու Երկրապահ կամավորականների միության տոնն է։
Մայիսի 9-ի տոնակատարությունների ողջ ծրագրերի ու միջոցառումների առանցքը թե՛ այցելուների համաժողովրդական զանգվածների և թե՛ տոնական միջոցառումների հանդիսավոր պետական մակարդակով նշման առումով իրավամբ կարելի է համարել «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը։
Շուշիի ազատագրման ռազմագործողության քարտեզի նվիրումը Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանին
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մայիսին Panorama.am լրատվամիջոցը հաղորդել է, որ գեներալ-մայոր, Հայաստանի ազգային և Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ «Կոմանդոս», Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանին նվիրեց Շուշիի ազատագրման ռազմական գործողության քարտեզը, որն իր ստորագրությամբ հաստատել էր ԼՂՀ այն ժամանակվա պաշտպանության կոմիտեի նախագահ, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը[4][5]։ Լրագրողների հետ զրույցում Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ այդ քարտեզի վրա աշխատել են իրենց հարյուրավոր մարտական ընկերների հետ միասին։ Կոմանդոսի փոխանցմամբ՝ հենց քարտեզն է մեծապես օգնել ռազմական գործողությունների կազմակերպման և փայլուն ավարտման հարցում[4][5]։
Մենք 3000 հոգի ունեինք, թշնամին 2500, ռազմական գիծը 45 կիլոմետր էր։ Մեզ պետք էր 7500 հոգի։ Մենք չունեինք այնքան զինամթերք, ինչքան հարկավոր էր։ Ռազմական խորամանկության դիմեցինք։ Թշնամին կարծեց, թե մենք Քյոսալարն ենք ազատագրելու, քանի որ մի խումբ ուղարկել էինք հենց այդ ուղղությամբ։ Նրանք էլ գիտեին, որ մենք այդքան զինամթերք չունենք ու դժվար կլինի Շուշիի վրա հարձակումը։ Մեր զորքը պատրաստ էր, մեր հրամանատարները լավ գիտեին թշնամու դիրքերը ու որ կողմից կարող են շրջապատել նրան։ Նրանք այդպես էլ արեցին ու հասանք հաջողության, մայիսի 9-ին Շուշին ազատագրվեց [4][5]։ |
Տ-34 տանկի գողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսայգու ցուցանմուշների մեջ ներառված է Տ-34 տանկ, որը երկրորդ համաշխարհային պատերազմին եղել է Խորհրդային բանակի տանկերից մեկը, իսկ 1974 թվականի հոկտեմբերի 30-ին բերվել է Թբիլիսիից։ 1990 թվականին տանկը գողացել են ֆիդայական շարժման մասնակիցները՝ տանկը գործարկելու հույսով։ Մեկ ամիս անց տանկը հայտնաբերվել է Էջմիածնի շրջակայքում[6]։
Այցելություններ և համագործակցություն հասարակական տարբեր կազմակերպությունների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ հասարակությունը զգալի հետաքրքրություն է ցուցաբերվում «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան նկատմամբ։ Մասնավորապես՝ 2014 թվականին թանգարանը, բացի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այցելուներից, ունեցել է նաև այցելուներ 75 օտար պետություններից, ընդ որում այդ այցելուների աշխարհագրական շրջանակը բավականին լայն է՝ սկսած Հարավային Աֆրիկայից մինչև Նորվեգիա, Նոր Զելանդիայից մինչև Կանադա։ Թանգարանը շուրջ 40.000 այցելու է ունեցել։ Այսինքն՝ թանգարանի ցուցադրությունների նկատմամբ հետարքրքությունը բավականին մեծ է։ Բայց դրանով հանդերձ՝ թանգարանի դռներն առաջին հերթին բաց են հենց երիտասարդների, պատանիների, ՀՀ աշակերտության, ուսանողության, զինվորների, կուրսանտների համար, որովհետև թանգարանն առաջին հերթին նրանց է ուղղված, քանի որ Հայաստանի ապագան նրանց ձեռքերում է լինելու։ Թանգարանը նաև առավել ակտիվ աշխատում է, բնականաբար, վետերանական և վետերանների և ազատամարտիկների տարբեր միությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև դպրոցների հետ։
Ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն աշխատանք է կատարում երիտասարդ սերնդի մեջ հայ ժողովրդի երկու մեծ հաղթանակների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու, պատմությանը ծանոթացնելու ուղղությամբ։ Թանգարանն իր հնարավորության սահմաններում ինչպես գիտամեթոդական, այնպես էլ ցուցադրական նյութերով աջակցում է դպրոցներում, զորամասերում, տարբեր ուսումնական հաստատություններում փառքի սրահների կամ փոքր թանգարանների ձևավորման, ստեղծման գործում։ Տարբեր միջոցառումներ են իրականացվում ոչ միայն թանգարանի ներսում, այլ նաև շարժական ցուցադրություններ են կազմակերպվում, այսպես ասած, արտագնա կարգով։ Իսկ որպեսզի թանգարանի կյանքը նաև ավելի աշխուժանա, թանգարանում բազմիցս բաց դասեր են տեղի ունենում, այսինքն՝ դասարանը գալիս է պատմության ուսուցչի կամ զինղեկի գլխավորությամբ և Հայրենական կամ Արցախյան պատերազմի հետ կապված համապատասխան դասը տեղի է ունենում թանգարանի համապատասխան ցուցասրահներում։ Դասերին նաև մասնակցում են ծնողները։
Երիտասարդների մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով թանգարանը հնարավորության սահմաններում օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ։ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի էջ, որը նույնպես միտված է թե՛ ռազմահայրենասիրական դաստիարակության քարոզչությանը, իհարկե, առաջին հերթին, երիտասարդության շրջանում, թե՛ մեր ռազմական պատմության ամենից տարբեր փուլերի ներկայացմանը։ Ֆեյսբուքյան էջի նկատմամբ հետաքրքրությունն առավել մեծ է հենց երիտասարդության շրջանում։ Թանգարան մեծ մասամբ այցելում են նաև լրագրողներ, գիտաշխատողներ և վերջապես Երևանի բուհերի թանգարանագիտություն և մշակույթ ֆակուլտետների ուսանողները, ովքեր իրենց պրակտիկան անցկացնում են թանգարանում, իսկ նրանցից ոմանք իրենց ավարտական աշխատանքները գրում են կամ թանգարանի վերաբերյալ, կամ Արցախյան և Հայրենական պատերազմի թեմաներով։
Հասցե, հեռախոս, համացանցային կայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասցե՝ Հայաստան, 0037, Երևան, Ազատության պող., 2 շենք («Հաղթանակ» զբոսայգու տարածքում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)[1][7]։
Հեռախոս՝ +374 10 201400[1]:
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս տնօրենն է ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Վալերի Հակոբյանը։ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրենն ընտրվում է հայ ռազմական գործիչների հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացնող ՀՀ կառավարական տարբեր հանձնաժողովների կազմում[8]։ 1995 թվականից ի վեր տարբեր տարիներին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրել են փոխգնդապետ, պատմաբան Արա Թադևոսյանը, քաղաքացիական ծառայող, բանասեր Նվեր Սարգսյանը, պատմաբան Ավագ Հարությունյանը։
Աշխատակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականից ի վեր «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում աշխատել են մի շարք կարող անհատներ։ Այդ թվում՝ հայկական թանգարանային գործի լավագույն գիտակներից մեկը՝ ՀՀ Զինված ուժերի մայոր, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Ասքանազ Ռուբենի Աբրահամյանը՝ որպես գիտական հարցերով փոխտնօրեն, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ, ռազմական պատմաբան Ռաֆայել Սամվելի Թադևոսյանը՝ որպես գլխավոր խորհրդատու[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի ցուցասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայկական Ընդարձակ Տեղեկատու Բազա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան
- ↑ Լեգենդն ապրում է. «Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին» 14:43, 23 Հունիս, 2018
- ↑ 4,0 4,1 4,2 Պանորամա.ամ, Panorama.am, 2015 թ. մայիսի 16
- ↑ 5,0 5,1 5,2 Արկադի Տեր-Թադևոսյանը Շուշիի ազատագրման պլանը հանձնեց «Մայր Հայաստան» թանգարանին
- ↑ Մի ցուցանմուշի պատմություն. թանգարանային տանկի երկրորդ մարտական «գրոհը»
- ↑ ««Սփյուռ» տեղեկատու։ Spyur.am». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
- ↑ Հավելված N 5: ՀՀ վարչապետի 2013 թ. մարտի 26 -ի N 233 - Ա որոշման. Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ [1] Արխիվացված 2021-02-26 Wayback Machine
- ↑ «Հայ զինվոր», ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, #46 (962) 22.11.2012 – 28.11.2012,: [2]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայր Հայաստան հուշահամալիր
- Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ
- Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Ա)
- Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Ս)
- Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Մ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկիր մեդիա։ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան։
- «Արարատ» հեռուստաընկերություն։ Գիշերը Թանգարանում / Հաղորդում 7 / Մայր Հայաստան Թանգարան - Մաս 1. Published on May 16, 2015. [3]
- Արարատ հեռուստաընկերություն / Ararat TV. Գիշերը Թանգարանում / Հաղորդում 8 / Մայր Հայաստան Թանգարան - Մաս 2. Published on May 30, 2015 [4]
- Լրատվական ռադիո: 12:55 - 18 / Մարտ / 2015 թ.: ԱԿ 106.5՝ Ավագ Հարությունյանի հետ։ Ի՞նչ դեր ունեն ռազմական թանգարանները նոր սերնդի ռազմական և ազգային դաստիարակման գործում, և արդյո՞ք դրանք ամբողջությամբ արտացոլում են հայ ժողովրդի ռազմական պատմությունն ու փորձը։ Այս և այլ թեմաների մասին զրուցել ենք ՀՀ Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանի հետ։ [5]
- Սոյուզինֆո, Союзинфо, АРМЕНИЯ В ГОДЫ ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЫ. ВКЛАД НАРОДА АРМЕНИИ В ОБЩУЮ ПОБЕДУ. АВАГ АРУТЮНЯН. Директор Военного музея «Мать Армения» МО РА, кандидат исторических наук. [6](չաշխատող հղում)
- «Օրակարգ» լրատվական ծառայություն, «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի բացառիկ ցուցանմուշները: 15:34 09 մայիս, 2015։ [7] Արխիվացված 2017-04-29 Wayback Machine
- «Հայ զինվոր»։ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ։ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ` ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ։ [8]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան» հոդվածին։ |