Հրային սալամանդր
Հրային սալամանդր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Salamandra salamandra Linnaeus, 1758 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Հրային սալամանդր, բծավոր սալամանդր, անձրային մողես կամ սովորական սալամանդր (լատին․՝ Salamandra salamandra), պոչավոր երկկենցաղների կարգի իսկական սալամանդրերի ընտանիքին պատկանող կենդանատեսակ։
Համարվում է Եվրոպայում տարածված ամենահայտնի սալամանդրի տեսակը և ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը։
Հրային սալամանդրի տեսակն առաջին անգամ նկարագրվել է 1758 թվականին շվեդ գիտնական և բնագետ Կառլ Լիննեյի կողմից։ Մաշկում թունավոր գեղձերի առկայության շնորհիվ արտաքին միջավայրի թշնամիները բավականին քիչ են։
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայի միջին և հարավային մասերում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։
Բնակվում է ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա։ Հանդիպում է անտառներում, առվակների, գետերի ափերի տերևների տակ և փչակներում։
Հրային սալամանդրերի տարածման արևմտյան սահմանը համարվում է Պորտուգալիայի տարածքը, ինչպես նաև Իսպանիայի և Ֆրանսիայի հյուսիս-արևելքը։ Հյուսիսային սահմանը հասնում է մինչև Գերմանիայի և Լեհաստանի հյուսիսը։ Արևելյան եզրերը հանդիսանում են Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Իրանի տարածքները։
Կա ապացույց, որ սակավ քանակությամբ հրային սալամանդրերը բնակվում են նաև Թուրքիայի տարածքում։ Ապրում է նաև Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Ալբանիայի, Անդորայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Մակեդոնիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքներում։
Որոշակի մեկուսացված պոպուլյացիաներ բնակվում են նաև Բրիտանական կղզիներում։
Նկարագրություն
Մարմնի և պոչի ընդհանուր երկարությունը կազմում է 25-28 սմ։ Պոչը բավականին երկար է և կազմում է գրեթե ընդհանուր երկարության կեսը՝ 12-13 սմ։
Վերջույթները կարճ են, սակայն բավականին հզոր։ Առջևի վերջույթներն ունեն 4 մատ, իսկ հետին վերջույթների մատերը՝ մեկով ավելի։
Մարմնի գունավորումը վառ սև է՝ փայլուն երանգով։ Փորի և մեջքի վրա կան դեղին լավ տեսանելի բծեր։
Կենսակերպ
Վարում է ցերեկային կենսակերպ։ Հրային սալամանդրը հիմնականում խուսափում է բաց և չոր տեղերից։ Առավել ակտիվ է անձրևային օրերին և դա է պատճառը, որ այս պոչավորներին հաճախ անվանում են նաև անձրևային մողես։
Նորմայից ցածր ջերմաստիճանին բավականին լավ է դիմանում և անշարժանում է -2-4 °C ջերմաստիճանային պայմաններում։
Բազմացում և զարգացում
Բեղմնավորումը ներքին է։ Սովորական սալամանդրայի բեղմնավորումը կատարվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում և դա էական նշանակություն չունի։
Ջրոլորտում էգը կոյանոցով վերցնում է ջրի մեջ արուի դրած սպերմատոֆորները։ Ցամաքում բեղմնավորվելիս արուն փաթաթվում է էգին և սեռական բջիջները՝ սպերմատոֆորներն ընկնում են վերջինիս կոյանոցի մեջ։ Զուգավորումը կարող է տևել մեկ ամիս և ավելի, նույնիսկ ամիսներ։
Ծնում է 2-ից մինչև 70 թրթուր։ Կյանքի տևողությունը կազմում է մինչև 18 տարի[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 161 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրային սալամանդր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրային սալամանդր» հոդվածին։ |
|