Jump to content

Գաբրիել Պատկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պատկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաբրիել Պատկանյան
Ծնվել էփետրվարի 26, 1802(1802-02-26)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էապրիլի 13, 1889(1889-04-13) (87 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունգրող, ուսուցիչ և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԱղաբաբյան դպրոց[1]
ԶավակներՀովհաննես Պատկանյան և Ռափայել Պատկանյան
Գաբրիել Պատկանյան Վիքիդարանում

Գաբրիել Սերովբեի Պատկանյան (փետրվարի 26, 1802(1802-02-26), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 13, 1889(1889-04-13), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ։

Սերովբե Պատկանյանի որդին է, Միքայել Պատկանյանի եղբայրը, Ռափայել Պատկանյանի հայրը։

Կենսագրություն

1805 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աստրախան։ Սովորել է հոր՝ Սերովբե Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգևոր սեմինարիայում։ Տիրապետել է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին։ 1827 թվականին նշանակվել է Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպիր և հոգևոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվել քահանա։ 1818 թվականին թարգմանել է Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը (հրատարակվել է 1827) և գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը։ 1826 թվականին տեղափոխվել է Նոր Նախիջևան, քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն, աշխարհագրություն, աչքի ընկել հասարակական գործունեությամբ։ Պատկանյանը եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ է քաշել եկեղեցական եկամուտների համար հաշվետու լինելու հարցը։ Այս պատճառով 1832 թվականին հեռացվել է վարժարանից։ 1836 թվականին բացել է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտել են Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը և այլք։ 1847 թվականին Ներսես Աշտարակեցու հրավերով տեղափոխվել է Թիֆլիս, նշանակվել Նորաշեն եկեղեցու վանահայր, 1850 թվականին կարգվել Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակել «Արարատ»[2] աշխարհաբար շաբաթաթերթը։ 1852 թվականին Նոր Նախիջևանում Հ․ Խալիբյանի դեմ կազմակերպված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվել է Ռոստովի բանտում։ 1860 թվականին ազատվել է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվել, իսկ 1861 թվականին Գ․ Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվել է Վյատկա։ Հայ հասարակայնության և մասնավորապես իր որդիների՝ Ռափայել և Հ․ Պատկանյանների ջանքերով 1862 թվականին փոխադրվել է Կոստրոմա, ապա, մեկ տարի անց, Պետերբուրգ, որտեղ զբաղվել է ուսուցչությամբ և գրական աշխատանքով[3][4][5]։

Ստեղծագործական աշխատանք

Կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնական աշխատություններ։ Հրապարակախոսական հոդվածներում նշել է աշխարհաբարի առանձնակի դերն ազգի կազմավորման գործում, անդրադարձել հայ ժողովրդի առջև ծառացած այլազան խնդիրների։

Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի և Սաթենիկայ», «Յուլունսն Շամիրամայ», «Արի արքայն արքայից», «Վահագն» և այլ բանաստեղծություններ դարձել են ժամանակի սիրված երգերից։ «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջևան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք և հիմար», «Առ Հայրենիս», «Փունջ հայոց պատմության» բանաստեղծություններում արտահայտել է ժամանակի ոգին, ազատագրական պայքարի կոչ արել։ «Վարդնամակ կամ Արկածք Վարդանա», «Դյուցազն մեր ժամանակի» գործերը հայ արկածային վեպի առաջին փորձերից են։ Պատկանյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դյուցազներգությունը։ «Շավարշ երկրորդ կամ Նորոգյալ Հայաստան» (1864), «Անուշավան․․․» (1875), «Հռիփսիմե կամ փրկություն Հայաստա��ի» (1875), «Զավան և Փառնակ Ա» (1877), «Պարույր կամ Առումն Նինվեի» (1876) և այլ գործերում Պատկանյանն աշխատել է պատմական հերոսների անունների տակ ներկայացնել ժամանակի մարդկանց և դեպքեր, ինչպես նաև անցյալի հերոսական կերպարներով ոգեշնչել երիտասարդ սերնդին, արթնացնել ազգային ինքնագիտակցությունը։

Գրել է պատմական ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը» (1863), «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից» (1863) և այլն։ Մեծ արժեք է ներկայացնում «Հիշատակարան» աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ և գրելաձևի վարպետությամբ դասվում է հայ նոր գրականության նշանակալից երևույթների շարքը։ 1850 թվականին թարգմանել է Շեքսպիրի «Համլետը», որից պահպանվել են մի քանի տեսարաններ։

Գրականություն

  • «Արձագանք» 1889, № 14, 18։
  • Երվանդ Շահազիզ, Տեր-Գաբրիել քահանա Պատկանյանց, Թ․, 1910, 141 էջ։
  • Նազարյան Շ․, Գաբրիել Պատկանյանի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը (1830-60-ական թթ․), Ե., 1956։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 151.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԱՐԱՏ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. Գաբրել Պատկանյան և Ներսես Աշտարակեցի(չաշխատող հղում)
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  5. «Շուշանիկ Նազարյան. Գաբրիել Պատկանյանի Կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը. (1830 -1860-ական թթ.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Պատկանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 151