Տրդատ Պալյան
Տրդատ Պալյան արմտ. հայ.՝ Տրդատ Պալեան | |
---|---|
Ծնվել է | 1850[1] |
Մահացել է | հուլիսի 2, 1923[1] |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Հունաստանի թագավորություն |
Մասնագիտություն | բանասեր, մատենագետ, բանահավաք և քահանա |
Տրդատ Սարգսի Պալյան, (1850, Թալաս, Կեսարիայի մոտ - հուլիսի 2, 1923, Աթենք), բանասեր-մատենագետ, բանահավաք, Հայաստանյայց եկեղեցու եպիսկոպոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Զմյուռնիա, սովորել Ներսիսյան նախավարժարանում։ Ավարտելուց հետո անցել է Երուսաղեմ, ընդունել հոգևորական կարգ, օծվել վարդապետ։
- 1884-1887 թվականներին եղել է տեղի Սուրբ Հակոբյանց վանքի ավագ թարգմանիչը։
- 1887 թվականին ընտրվել է Կեսարիայի թեմի առաջնորդ։ Կեսարիայի Ս․ Կարապետ վանքում 1888 թ. բացել է Ժառանգավորաց վարժարան, որը գործել է մինչև 1915 թվականը։
Այն դարձել է Կեսարիայի և շրջակայքի հայության կրթական և մշակութային կենտրոնը։ Վարժարանին կից հիմնել է գրադարան-թանգարան, որտեղ հավաքել է հայ հին ձեռագրեր, հնատիպեր, այլ գրականություն, հին իրեր։ Պալյանը շրջել է Փոքր Ասիայի, Կիլիկիայի, Պաղեստինի հայաբնակ վայրերը, գրի առել հայ ժող․ բանահյուսության նմուշներ։
1910 թվականին հրաժարվել է առաջնորդի պաշտոնից, տեղափոխվել նախ Երուսաղեմ, ապա՝ Մաղնիսա (Զմյուռնիայի մոտ)։
1922 թվականի սեպտեմբերյան հալածանքների ու ջարդերի ժամանակ Զմյուռնիայում բռնագրավել են Պալյանի անտիպ գործերը, հին ձեռագրերը, գրականությունը, իրերը։ Գաղթականության հետ փախել է Աթենք։
1900-ական թվականների սկզբներից թղթակցել է «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Բյուզանդիոն», «Լույս», «Բանասեր», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» պարբերականներին՝ հրապարակել բանասիրական հոդվածներ, ձեռագրացուցակներ, մատենագիտական ցանկեր, նյութեր հայոց եկեղեցիների մասին և այլն։
Հայտնաբերել է մի շարք հայ հնատիպ գրքեր և հրապարակել դրանց ցուցակները, կարևոր դեր կատարել Հակոբ Մեղապարտի հրատարակությունների ժամանակը որոշելու գործում։ Առանձին գրքերով հրատարակված ուսումնասիրություններից են․ «Սուրբ երկիր» (հտ․ 1, ԿՊ, 1892 թ.), «Ցուցակ հայերեն ձեռագրաց ի Թուրքիա» (հտ․ 1, տետր 1-2, ԿՊ, 1892-1893 թթ.), «Հայ աշուղներ, Զմյուռնիա» (հտ․ 1-2, 1911-1912 թթ.), «Հայ վանօրայք ի Թուրքիա[2]. մասն Ա. Գաղատիոյ, Սեբաստիոյ եւ Տրապիզօնի կուսակալութեան մէջ եղած վանօրայք», Զմիւռնիա, տպ. Քէշիշեանի, 1914 թ., Ը, 200 էջ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 86.
- ↑ «Նոր հրատարակութիւնը տե՛ս Տրդատ Եպս. Պալեան, Հայ վանօրայք, (հրատարակութեան պատրաստեց՝ Կարինէ Աւետիսեան), Երեւան, հրատ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 2008։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրդատ Պալյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 86)։ |