Զապել Եսայան
Զապել Մկրտչի Եսայան (Հովհաննիսյան) (4.2.1878, Կ.Պոլիս - Սկյուտար, 1943), հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր։
Ավարտել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանը (1892), Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895-ին լույս է ընծայել Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։ Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։ Եսայանը 1908-ին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։ 1915-ին խույս տալով ձեռբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։ 1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։ 1926-ին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։
Գրականություն Զ. Եսայանի մասին
- Սևակ Արզումանյան, Զապել Եսայան (կյանքը և գործը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1965, 296 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (հատորում զետեղված է «Զապել Եսայան» գլուխը, որը գրել է Ս. Արզումանյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։
- Գասպարյան Դ., Փակ դռների գաղտնիքը, Գասպարյան Դ., Երևան, 1994:
Արտաքին հղումներ
- Զապել Եսայանին Գտնելով, հոդված «Ազգ» օրաթերթում
- Ակնարկ մը՝հազիւ մեր ետին թողած 2008 Տարուայ Տարեդարձներու և Տարելիցներու վրայ