Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
I Will Survive (անգլ. թարգմանաբար՝ «Ես ողջ կմնամ»), Գլորիա Գեյնորի երգացանկի ամենահայտնի երգը, որը թողարկվել է 1978 թվականի հոկտեմբերին։ Երգի հեղինակներն են Ֆրեդի Փերենը և Դինո Ֆեկարիսը։
Երգի պատմությունը ներկայացվում է այն մարդու անունից, որն իր սիրելիի հետ կապերը խզել է, և նա հավաքում է բոլոր ուժերը հետագայում ապրելու համար։ Այս երգը հաճախ օգտագործվում է որպես ֆեմինիստական շարժման, ԼԳԲՏ համայնքի և ՄԻԱՎ-ով վարակվածների օրհներգ[2][3][4]։ Այն դիսկո ոճի ամենահայտնի երգերից մեկն է և Գլորիայի Գեյնորի սուպերհիթը, որը 1979 թվականին «Billboard Hot 100»-ում գրավել է առաջին հորիզոնականը։ 1980 թվականին երգն արժանացել է «Գրեմմի» մրցանակի` որպես «Դիսկո ոճի լավագույն երգ», ինչպես նաև «Rolling Stone» ամսագրի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկում զբաղեցրել է 489-րդ հորիզոնականը։
Բացի Գլորիա Գեյնորից՝ երգը տարբեր ժամանակներում կատարել են Դայանա Ռոսը (1995), «Cake» խումբը (1996), «R.E.M.» խումբը (1996), «Crazy Frog»-ը (2006), Շիրլի Բեսսին (2007) և շատ այլ կատարողներ, այդ թվում` «U-stay»-ը, որի քավեր տարբերակն օգտագործվել է որպես «Բախելով երկնքի դռները» ֆիլմի սաունդթրեք, ինչպես նաև Դեմի Լովատոն, որի քավեր տարբերակն «Angry Birds» մուլտֆիլմի սաունդթրեքն է։ Երգը նաև հնչել է «Ելումուտ», «Կեղտոտ կոյոտ բար», «Հղին», «Հին երգեր գլխավորի մասին 3» ֆիլմերում և հիմք հանդիսացել Ռոբբի Վիլիամսի «Supreme» երգի համար (2000):