20-րդ դարի ծովահենները (ֆիլմ)
20-րդ դարի ծովահենները ռուս.՝ Пираты XX века | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մարտաֆիլմ[1] և ծովահենային ֆիլմ |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Դուրով |
Սցենարի հեղինակ | Ստանիսլավ Գովորուխին և Բորիս Դուրով |
Դերակատարներ | Նիկոլայ Երյոմենկո, Վլադիմիր Եպիսկոպոսյան, Արեն Ռեյնո, Պյոտր Վելյամինով, Տալգատ Նիգմատուլին, Դիլորոմ Կամբարովա, Նատալյա Խորոխորինա և Մայա Էգլիտե |
Օպերատոր | Ալեքսանդր Ռիբին |
Երաժշտություն | Եվգենի Գևորգյան |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա և Յալթայի կինոստուդիա |
Տևողություն | 79 րոպե |
20-րդ դարի ծովահենները (ռուս.՝ Пираты XX века), հանրահայտ խորհրդային կինոնկար, որը նկարահանվել է 1979 թվականին ռեժիսոր Բորիս Դուրովի կողմից։ Շատ կինոքննադատներ այն համարում են առաջին խորհրդային մարտաֆիլմը[2]։ Կինոնկարը 1980 թվականի կինովարձույթի առաջատարն է, որը դիտել են 90 միլիոն հանդիսատես։ Խորհրդային կինովարձույթի պատմության մեջ այն եղել է ամենաշահութաբեր կինոնկարը[3]։
Սյո��ժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային «Նեժին» անվանումով բեռնատար նավը Ֆիլիպիններում դեղագործական արդյունաբերության համար ստանալով ափիոնի մեծ քանակությամբ բեռ, ուղևորվում է Վլադիվոստոկ։ Ճանապարհին, նավի անձնակազմը օգնում է ջրից դուրս գալու Սալեխ անունով մի մարդու, ով պատմում է, որ ինքը փրկվել է հրդեհված բեռնատար նավից։ Շուտով «Նեժին» նավի անձնակազմը նկատում է «Մերկուրի» անունով անհայտ ու լքված նավին։ Նավապետ Իվան Իլյիչը մի խումբ նավաստիներ է ուղարկում դեպի այդ նավը։ Այդ ընթացքում Սալեխը թափանցում է ռադիոխցիկ և մահացու վիրավորելով ռադիստին, շարքից հանում է ռադիոկայանը։ Հանկարծ անհայտ նավը «կենդանանում» է և մոտենում «Նեժինին»։ Անզեն խորհրդային նավաստիների հետ մարտի արդյունքում, ծովահենները զավթում են խորհրդային նավը, ողջ մնացածներին փակում նավասենյակներում, ափիոնի բեռը փոխադրում են իրենց նավ և պայթուցիկ տեղադրում «Նեժին»-ի վրա` այն խորտակելու նպատակով։ Սակայն մեխանիկ Սերգեյին հաջողվում է ազատվել կապանքներից և ազատ արձակել մյուսներին։ Նրանք գաղտնի իջեցնում են մակույկը, և մինչ նավը կխորտակվեր, թաքնվում են կրակի ու ծխի ետևում։
Ջրի հոսանքը նրանց մակույկը դուրս է բերում նավագնացության ուղուց։ Որոշ ժամանակ անց հորիզոնի վրա նրանք ցամաք են նկատում։ Հասնելով ափ՝ կղզու ծովախորշում նրանք հայտնաբերում են ծովահենների` իրենց ծանոթ նավը։ Նավաստիները գերի են վերցնում Նոյ անունով ծովահենին, սակայն վերջինիս սպանում է Մաա անունով կղզիաբնակ աղջիկը, ով իր հաշիվներն ուներ ծովահենների հետ (մինչ այդ, ծովահենները գրավելով կղզին, սպանել էին կղզու տղամարդ բնիկներին և բռնաբարել կանանց)։ Նավապետը գտնում էր, որ ծովահենները կփնտրեն իրենց ընկերոջը և որոշում է գիշերով զավթել նրանց նավը։ Թողնելով կանանց գաղտնի քարայրում՝ նավաստիները զավթում են նավը։ Սակայն ծովահենները գտնում են կանանց և սպիտակ դրոշի ներքո, շարժիչանավակով մոտենում են «Մերկուրի»-ին։
Ծովահենների առաջնորդը հայտնում է, որ աղջիկներն իրենց մոտ են, իրենց մոտ է նաև ռադիոկայանի ռադիոհաղորդիչի ելքային լամպը, բացի այդ, ծովախորշից դուրս գալու նավարկման ուղին հայտնի է միայն իրեն։ Առաջնորդը առաջարկում է փոխանակել նավը շարժիչանավակի, կողմնացույցի, քարտեզի և աղջիկների հետ։ Նավապետը չի համաձայնվում։ Խորհրդային նավաստիները բացում են գաղտնի պահարանը, որի մեջ գտնում են նավարկման ուղու քարտեզը և ծովահենների փողերը։ Սակայն այդ ընթացքում ծովահենների սուզորդը դուրս է բերում ստորջրյա ականները և փակում ծովախորշի ելքը։
Նավապետը ծովահենների առաջնորդի մոտ գնում է բանակցություններ վարելու և պայմանավորվում փոխանակման հարցի շուրջ։ Խորհրդային նավաստիները հեռանում են շարժիչանավակով, որի շարժիչը կարճ ժամանակ անց խափանվում է։ Մինչ բոցմանը զբաղված է շարժիչի վերանորոգումով, Սերգեյը վերադառնում է ծովահենների նավ, ստիպում Սալեխին` ահազանգի ազդանշան տալ, զավթում է մեխանիկական բաժանմունքը` մեքենային տալով արագություն և նավն ուղղում դեպի ժայռերը։ Նավի, ժայռերին բախվելուց հետո, նա ցատկում է ջուրը և վերադառնում յուրայինների մոտ։ Խորհրդային նավաստիները շարժիչանավակով դուրս են գալիս ծով, իսկ ափից, նրանց հայացքով ուղեկցում է Մաան։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Նիկոլայ Երյոմենկո-կրտսեր | ավագ մեխանիկ Սերգեյ |
Պյոտր Վելյամինով | նավապետ Իվան Իլյիչ |
Տալգատ Նիգմատուլին | Սալեխ |
Ռեյնո Արեն | ծովահենների առաջնորդ |
Դիլորոմ Կամբարովա | Մաա |
Նատալյա Խորոխորինա | Մաշա |
Մայա Էգլիտե | Այնա |
Թադեուշ Կասյանով | բոցման Մատվեյիչ |
Վիկտոր Գորդեև | Յուրա Միկոշա |
Գեորգի Մարտիրոսյան | Գեորգի Կլյուև |
Վլադիմիր Եպիսկոպոսյան | մորուքավոր ծովահեն |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ստանիսլավ Գովորուխին | սցենարիստ |
Բորիս Դուրով | ռեժիսոր |
Ալեքսանդր Ռիբին | օպերատոր |
Եվգենի Գևորգյան | կոմպոզիտոր |
Մարտին Ներսիսյան | դիրիժոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0151987/
- ↑ ««Пиратам ХХ века» — 30 лет». Сегодня.ua. 2009 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ История киностудии им. Горького // 28.06.2009 (архивная копия)
|