Jump to content

Քոնան՝ ապագայից եկած տղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քոնան տղան, որ եկել էր Ապագայից (ճապ`未来少年コナン, Միրայի Շոունեն Քոնան) 1978 թվականին առաջին անգամ Ճապոնիայում ցուցադրված պոստապոկալիպտիկա ժանրի անիմե սերիալ է։ Այն նկարահանվել է Ալեքսանդր Քեյ-ի "The Incredible Tide" պատմվածքի հիման վրա։

Անիմեն բաղկացած է 26 սերիայից, որոնք ստեղծվել էն Nippon Animation-ի կողմից։ Սա Հայաո Միյաձակիի առաջին ռեժիսոռական փորձն էր, որտեղ նա նաև ներդրում կատարեց հերոսների դիզայնի զարգացման մեջ։

Պատմությունը սկիզբ է առնում 2008 թվականին, երբ մարդկությունը կանգնած է լինում անհետացման եզրին։ Երկու պատերազմող երկրների միջև տեղի ունեցող բախումները (դրանց ընթացքում օգտագործվում են հզոր, նախադեպը չունեցող ուլտրամագնիսական զենքեր) պատճառ են դառնում աշխարհով մեկ տարածվող քաոսին ու ոչնչացմանը։ Հակամարտության արդյունքում տեղի են ունենում երկրաշարժեր, ջրհեղեղներ, Երկիրը դուրս է գալիս իր ուղեծրից, նրա մակերեսի վրա հսկա ճաքեր են առաջանում և հինգ մայրցամաքները ամբողջովին առանձնանում են իրարից և սկսում են սուզվել օվկիանոսի ջրերի տակ։

Մի խումբ մարդիկ փորձում են փախչել Երկրից՝ դուրս գալով բաց տիեզերք։ Սակայն նրանց փորձը չի հաջողվում, տիեզերանավերը վթարների են ենթարկվում՝ փշրելով նրանց բոլոր հույսերը։ Բայց տիեզերանավերից մեկը չի կործանվում և չնախատեսված վայրէջք է կատարում մի փոքրիկ կղզյակի վրա, որը, զարմանալիորեն, կարողացել էր զերծ մնալ ոչնչացումից։ Տիեզերանավի անձնակազմը բնակչություն է հաստատում այս կղզյակի վրա։

Այս ողջ մնացած մարդկանց մեջ 2010 թվականի Հոկտեմբերին ծնվում է Քոնան անունով մի տղա, որը և դառնում է Երկրի փրկության նոր հույսը։ Տարիներ անց, երբ կղզու բնակիչների մեծ մասը արդեն մահանում է և այնտեղ մնում են միայն Քոնանը և նրա պապիկը, տղան հանդիպում է Լանա անունով մի աղջկա, և նրանց ճանապարհորդությունը սկսվում է։

Արկածներ փնտրող երիտասարդների խումբը ճանապարհորդում է աշխարհում մնացած մ��-քանի կղզիների՝ Ինդաստրիայի, Հայ Հարբորի և Րեմնանտի շուրջ և ականատես է դառնում բարև և չար մարդկանց հակամարտությանը։

  • Քոնան (コナン, Կոնան)։ Հնչյունավորել է Նորիկո Օհարան։

Սերիալի գլխավոր հերոս Քոնանը 11 տարեկան տղա է, որը մեծացել է կղզու վրա՝ իր պապիկի հետ միասին։ Քոնանը չափազանց ուժեղ է և կարող է նույնիսկ կախվել ճայռի ծայրից՝ բռնվելով միայն իր ոտնամատերից։ Նա նաև հիանալի լողորդ է և կարող է ջրի տակ 3 րոպեով շունչը պահել։ Լանայի ընկերն է։

  • Լանա (ラナ, Րանա)։ Հնչյունավորել է Միեկո Նոբուսավան։

Լանան նույնպես 11 տարեկան է և Րեմնանտ կղզուց դուրս ապրող առաջին մարդն է, ում հանդիպում է Քոնանը։ Լանան Դոկտոր Լաոյի թոռնուհին է, և Լեպկան ուզում է նրան օգտագործել, որպեսզի Լաոն հայտնի Արևային ուժի գաղտնիքը։ Լանան ունի արտասովոր զգայունություն և կարող է զգալ իր Պապիկի ներկայությունը։ Նա Հայ Հարբորից է։

  • Պապիկ (おじい, Օջիի)։ Հնչյունավորել է Մասատո Յամանոուչին։

Քոնանի ավագ պապիկը, ով ողջ է մնում նրանց տիեզերանավի վթարից հետո։ Նրան ցույց են տալիս առաջին սերիայում, բայց երկրորդում նա մահանում է վթարի ընթացքում ստացված վնասվածքների պատճառով։

  • Մոնսլի (モンスリー, Մոնսուրի)։ Հնչյունավորել է Րիհոկո Յոշիդան։

Ինդաստրիա կղզու ռազմական ուժերի երիտասարդ ղեկավարուհին։ Նա երկրորդ անծանոթ մարդն է, ում հանդիպում է Քոնանը։ Նա օգնում է Լեպկային բռնել Լանային և վերջիվերջո աջակցում Ինդաստրիայի՝ Հայ Հարբոր ներխուժելու և այն գրավելու ծրագրին։ Սակայն հետագայում նա ժղտում է Լեպկայի նպատակները և միանում է Քոնանին։

  • Ջիմսի (ジムシィ, Ջիմուշի)։ Հնչյունավորել է Կազույո Աօկին։

Վայրի տղա, ով միայնակ ապրում է մի կղզու վրա, որը Քոնանը այցելում է առաջին անգամ։ Նա արագ ընկերանում է Քոնանի հետ և օգնում նրան Լանային փրկելու գործում։ Ջիմսին վարպետ-որսորդ է, իսկ նրա ստամոքսը միշտ իրեն առաջ է տանում և հանդիսանում է նրա արարքների գլխավոր դրդապատճառը։ Ի սկզբանե Ջիմսին բացասական կարծիք ունի կանանց նկատմամբ, բայց սերիալի ընթացքում նրա և Տերայի հարաբ��րությունները աստիճանաբար զարգացում են ապրում։

  • Դայս (ダイス Դայսու)։ Հնչյունավորել է Իչիրո Նագային։

Դայսը Ինդաստրիա կղզու բնակիչ է և Բարրակուդա նավի հրամանատարը։ Անիմեյում տեղի ունեցող իրադարձություններից առաջ նրան հրամայել էին փախցնել Լանային, բայց նա թողնում է, որ աղջիկը փախչի, որովհետև կապվածության նման բան է զգում նրա հանդեպ։ Դայսը կոմիկական բացասական կերպար է, ով հետագայում դառնում է Քոնանի դաշնակիցներից մեկը։

  • Լեպկա (レプカ, Րեպուկա)։ Հնչյունավորել է Իեմասա Կայումին։

Ինդաստրիա կղզու կառավարության գլխավոր պաշտոնյան և Բարձրագույն Խորհրդի՝ գիտնականների խմբի անդամ է։ Սակայն, դեպքերի զարգացման ընթացքում նա դառնում է Ինդաստրիայի միակ դիկտատորը և սերիալի գլխավոր բացասական կերպարը։ Լեպկան երազում է Լաոյից իմանալ Արևային ուժի գաղտնիքը, որպեսզի դրանով լցնի իր զենքերը և դառնա աշխարհից մնացած տարածքի կառավարիչ։

  • Դոկտոր Լաո (ラオ博士, Րաո-հակասե)։ Հնչյունավորել է Մասատո Յամանուչին։

Լանայի գիտնական պապիկն է։ Նա պատասխանատու է Արևային ուժի զարգացման և դրա՝ առօրյա կյանքում և պատերազմի ընթացքում օգտագործման համար։ Ի սկզբանե նա Ինդաստրիայի Բարձրագույն Խորհրդի անդամ էր, բայց, Լեպկայի ծրագրերի մասին իմանալով, նա լքում է խորհուդը։ Նա փախչում է՝ իր հետ տանելով Արևային էներգիայի աղբյուրին՝ առբանյակային կայանին հասնելու գաղտնիքը։

  • Ումասո (うまそう, Ումասո)

Ումասոն, ում անունը ճապոներենից թարգմանաբար նշանակում է "համեղ է երևում", Ջիմսիի խոզուկն է։

  • Օրլո (オーロ, Օրո)

Վախկոտ երիտասարդ է, ով դավաճանում է Հայ Հարբորին և հետևում Ինդաստրիային՝ Հայ Հարբորի կառավարիչ դառնալու և Ինդաստրիային հաղթելու իր նենգ հաշվարկով։

  • Տերա (テラ, Տերա)

Օրլոյի կրտսեր քույրն է, ով նրա հպատակների երկրորդ ղեկավարն է։ Վիրավորվում է Ինդաստրիայի զինվորների կողմից արձակած հրթիռից։