Jump to content

Փոխազդեցություն (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխազդեցություն ֆիզիկայում, մարմինների կամ մասնիկների (ատոմներ, մոլեկուլներ, ատոմային միջուկներ, տարրական մասնիկներ, քվարկներ) փոխներգործությունը, որը հանգեցնում է դրանց շարժման վիճակի և կառուցվածքի փոփոխությանը։

Դասական մեխանիկա և էլեկտրամագնիսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական մեխանիկայում մարմինների փոխազդեցությունը քանակապես բնութագրվում է ուժով կամ պոտենցիալ Էներգիայով։ Էլեկտրամագնիսական երևույթների հետազոտումը և էլեկտրամագնիսական դաշտի հայտնագործումը (Մ․ Ֆարադեյ, Ջ․ Մաքսվել) ստիպել են հրաժարվել դասական մեխանիկայում իշխող հեռազդեցության այն գաղափարից, ըստ որի՝ մարմինների փոխազդեցությունը տեղի է ունենում դատարկ տարածության մեջ, ակնթարթորեն։ Էլեկտրամագնիսական դաշտը, որն ստեղծվում է Էլեկտրական լիցք ունեցող ցանկացած մարմնի կամ մասնիկի միջոցով և իր հերթին ազդում յուրաքանչյուր լիցքավորված մարմնի և մասնիկի վրա, էլեկտրամագնիսական փոխազդեցությունների նյութական փոխանցիչ Է։ Ապացուցվել Է, որ Էլեկտրամագնիսական դաշտի տարածման արագությունը վերջավոր է և հավասար է լույսի արագությանը վակուումում (300000 կմ/վրկ)։ Էլեկտրամագնիսական դաշտի տարածման արագության վերջավոր լինելու հանգամանքի շնորհիվ հաստատվել է մոտազդեցության պատկերացումը, որը հետագայում վերագրվել է նաև մյուս փոխազդեցություններին։

Դաշտի քվանտային տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտի քվանտային տեսությունն էապես զարգացրել է փոխազդեցություն հասկացությունը։ Դաշտի քվանտային բնույթի համաձայն, յուրաքանչյուր դաշտի համապատասխանում են որոշակի մասնիկներ՝ տվյալ դաշտի քվանտները։ Այսպես, լիցքավորված մասնիկներն առաքում և կլանում են ֆոտոններ, որոնք և կազմում են մասնիկները շրջապատող Էլեկտրամագնիսական դաշտը։ Երբ լիցքավորված մասնիկները ֆոտոններ են փոխանակում, նրանց միջև առաջանում է Էլեկտրամագնիսական փոխազդեցությունը։ Այս դեպքում ֆոտոններն են հենց, որ հանդես են գալիս որպես Էլեկտրամագնիսական փոխազդեցության կրողներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։