Տրանսանտարկտիկական լեռներ
Տրանսանտարկտիկական լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Վարչատարածքային միավոր | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Տեղադրություն | Անտարկտիդա |
Նյութ | մագմատիկ ապարներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 4528 մետր |
Երկարություն | 3500 կմ |
Մակերես | 584 000 կմ² |
Մեծագույն գագաթ | Mount Kirkpatrick? |
Տրանսանտարկտիկական լեռներ (անգլ.՝ Transantarctic Mountains), լեռնաշղթա, որը գտնվում է Անտարկտիդայում, Ադեր հրվանդանի (Վիկտորիայի երկրի հարավում) և Կոստայի երկրի միջև։ Բաժանում է Արևմտյան և Արևելյան Անտարկտիդան և կազմված է առանձին լեռնային համակարգերից, որոնք իրենց հերթին նույնպես հաճախ բաժանվում են ավելի փոքր լեռնաշղթաների։ Տրանսանտարկտիկական լեռների կազմի մեջ մտնում են Շեկլտանի լեռնաշղթան, Դյուֆեկի զանգվածը, Պենսակոլայի լեռները, Քուին-Մոդ լեռնաշղթան, Քուին-Ալեքսանդրա լեռնաշղթան, Խորլիկի լեռները, Բրիտանիա լեռնաշղթան, Արքայազն Ալբերտի լեռները և Ադմիրալտի լեռները[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսանտարկտիկական լեռները ձգվում են ամբողջ Անտարկտիդայով՝ Ռոսսի ծովից մինչև Ուեդդելի ծով։ Այդ լեռնաշղթան հանդիսանում է Երկրի վրա ամենաերկարներից մեկը, նրա երկարությունը Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն կազմում է 2000 մղոնից (3200 կմ) ավել[1], իսկ համաձայն Ռուսական մեծ հանրագիտարանի՝ համարյա 4000 կմ։ Լեռների լայնությունը 200-ից 600 կմ է։ Լեռների միջին բարձրությունը կազմում է 2000-ից 3000 մետր։ Համակարգի ամենաբարձր կետը Կերկպատրիկ լեռն է (Քուին-Ալեքսանդրա լեռնաշղթա, 4528 մ)[2]։ Արևելյան կիսագնդում լեռների երկայնքով ձգվում է Արևելաանտարկտիկական սառցե վահանը, իսկ արևմտյան կիսագնդի կողմից տեղակայված է Ռոսսի ծովը, Ռոսսի շելֆային սառցադաշտը և Արևմտաանտարկտիկական սառցե վահանը[3].: Լեռներից դեպի արևմուտք սառցե ընդերքը հիմնականում գտնվում է ցամաքի վրա՝ ծովի մակարդակից ցածր[4]։
Հյուսիսային Տրանսանտարկտիկական լեռներն ընդգրկում են զանգվածներ, որոնք ձգվում են Ռոսսի ծովի երկայնքով Վիկտորիայի երկրի տարածքով 78-րդ զուգահեռականից դեպի հյուսիս։ Այդ շրջանում են տեղակայված 3000 մետրից ավել բարձրություն ունեցող զգալի քանակությամբ գագաթներ, այդ թվում Էրեբուս հրաբուխը Ռոսսի թերակղզում և Ադմիրալտի լեռների առավել բարձր գագաթները, ինչպես նաև Մակ-Մերդոյի չոր հովիտները։ Հարավային Տրանսանտարկտիկական լեռները տեղակայված են 78-րդ զուգահեռականից դեպի հարավ Ռոսսի շելֆային սառցադաշտի արևմտյան մասի երկայնքով մինչև Ուեդդելի ծով։ Այս համակարգի ամենահյուսիսային մասը Ռոյալ Սոսայետի լեռնաշղթան է։ Հարավանտարկտիկական լեռների կենտրոնական մասը Բիրդմոր սառցադաշտից դեպի հարավ զբաղեցնում են Անտարկտիդայի առավել ուսումնասիրված լեռնաշղթաները, որոնցից մի քանիսը համարվում են մայրցամաքի ամենաբարձր գագաթները՝ հատկապես Քուին-Ալեքսանդրա լեռնաշղթայի սահմաններում։ Բիդմոր սառցադաշտից հարավ ընկած է Կուին-Մոդ լեռնաշղթան, որի առավել բարձր գագաթներից որոշները օղակում են բևեռային լեռնաշղթան, իսկ մյուսները ձգվում են Ռոսսի սառցադաշտի երկայնքով։ Ավելի հեռու դեպի հյուսիս տեղակայված են Խորլիկի, Տիլի և Պենսակոլայի լեռները, այդ կողմից Տրանսանտարկտիկական լեռները եզրափակում է Շեկլտոնի լեռնաշղթան[5]։
Տրանսանտարկտիկական լեռնաշղթայի գագաթներն ու չոր հովիտները հանդիսանում են Անտարկտիկայի սառույցից ազատ եզակի վայրերից։ Մակ-Մերդոյի չոր հովիտները, որոնք գտնվում են Մակ-Մերդոյի նեղուցից ոչ հեռու, իրենից ներկայացնում է Անդարկտիկայի համար բացառիկ երևույթ՝ ձյունն ու սառույցն այնտեղ բացակայում են չափազանց քիչ տեղումների քանակի և հովիտներում սառցի աբլյացիայի պատճատով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսանտարկտիկական լեռների շրջանում ջերմաստիճանները չափազանց ցածր են։ Ձմռան միջին ջերմաստիճանը տատանվում է -37 °C-ից մինչև -30 °C, իսկ ամռանը՝ −21 °C-ից մինչև −17 °C: Առավել մեղմ կլիմա դիտվում է լեռների արևմտյան լանջերին, որտեղ ջերմաստիճանները հազվադեպ են իջնում −14 °C-ից, իսկ ամռան ամիսներին կարող են բարձրանալ մինչև 0 °C[3]:
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսանտարկտիկական լեռնաշղթան էապես ավելի հին է մայրցամաքի մնացած բոլոր լեռնաշղթաներից, որոնք մեծ մասամբ հրաբխային ծագում ունեն։ Լեռնաշղթան ձևավորվել է տեկտոնական բարձրացման արդյունքում Արևմտաանտարկտիկական ռիֆտի ձևավորման ժամանակահատվածում, որը տեղակայված է արևելքում, այսինքն՝ մոտավորապես 65 մլն տարի առաջ՝ վաղ կայնոզոյում։
Իր երկարության մեծ մասում Տրանսանտարկտիկական լեռները իրենցից ներկայացնում են բարձրացված խիստ կտրտված սարավանդ։ Նրա հիմքում ընկած է ծալքավոր հրաբխային-նստվածքային համալիր տարբեր աստիճանների փոխակերպված ապարներով և գրանիտային ինտրուզիաներով, որոնք թվագրվում են ռոսսյան ծալքավորությանը (վաղ պալեոզոյ)։ Դրա վրա տեղակայված են նստվածքային և հրաբխային ֆաներոզոյան ապարների հաստ շերտեր[6]։ Վերին շերտերը ձևավորվել են ավազաքարերեց և կավային թերթաքարերից[2]։ Տրանսանտարկտիկական լեռների տակ հայտնաբերվել են քարածխի մեծ պաշարներ, որոնք իրենց ծավալով դասվում են այս օգտակար հանածոյի աշխարհի խոշորագույն հանքավայրերի թվին։
Սառույցը Արևելաանտարկտիկական սառցե վահանից սահում է Տրանսանտարկտիկական լեռների երկայնքով մի քանի սառցադաշտերով Ռոսսի ծովի, Ռոսսի շելֆային սառցադաշտի և Արևմտաանտարկտիկական սառցային վահանի ուղղությամբ։ Այս սառցադաշտերը հիմնականում սահում են Տրանսանտարկտիկական լեռների առանցքին ուղղահայաց և այն բաժանում են լեռնային համակարգերի։ Ենթադրվում է, որ այս սառցադաշտերի մեծ մասը տեղակայված է երկրաբանական մեծ խզվածքի երկայնքով։
Հետազոտման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Տրանսանտարկտիկական լեռները տեսել է Ջեյմս Կլարկ Ռոսսը 1841 թվականին Ռոսսի ծովի կողմից։ Ռոսսի շելֆային սառցադաշտի կողմից դեպի Հարավային բևեռ շարժվելիս Տրանսանտարկտիկական լեռները հանդիսանում են միակ բնական արգելքը, որը պետք է հաղթահարել։ 1908 թվականին Էռնեստ Շեքլտոնի արշավախումբը առաջին անգամ հատել է լեռնաշղթան Բիդմոր սառցադաշտի երկայնքով, բայց մինչև բևեռ հասնել չի հաջողվել։
Ռոբերտ Սքոթը վերադարձել է Բիդմոր սառցադաշտի մոտ 1911 թվականին, այն ժամանակ, երբ Ռուալ Ամունդսենը հատել է լեռնաշղթան Ակսել-Հեյբեկի սառցադաշտի երկայնքով։
Լեռնաշղթայի մեծ մասը մնացել է չուսումնասիրված մինչև 1950-ական թվականները, երբ Հայջամպ գործողության և միջազգային երկրաֆիզիկական տարվա շրջանակներում իրականացվել է ավիալուսանկարահանում և ամբողջ մայրցամաքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ «Տրանսանտարկտիկական լեռներ» անվանումն առաջարկվել է 1962 թվականին Անտարկտիկայի անվանումների խորհրդատվական հանձնաժողովի կողմից։
Լեռների ստորոտում տեղակայված են ամերիկյան, բրիտանական և նորզելանդական հետազոտական կայանները։ Լևերետի սառցադաշտի միջոցով, որը գտնվում է Թագուհի Մոդ լեռներում, 2006 թվականին դրվեց Մակ-Մերդո - Հարավային բևեռ մայրուղին Մակ-Մերդո և Ամունդսեն-Սկոտտ կայանների միջև[7]։
Կենսաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսի ծովի երկայնքով Վիկտորիա Երկրում ապրում են պինգվիններ, փոկեր և ծովային թռչուններ։ Կենսաբազմազանությունը ներքին մայրցամաքային շրջաններում սահմանափակվում է քարաքոսերով, ջրիմուռներով և սնկերով։
Պալեոնտոլոգիական գտածոները ցույց են տալիս, որ Արևելաանտարկտիկական սառցե վահանի բացակայությունը ուշ նեոգենի կեսերին (17-2,5 մլն տարի առաջ) մայրցամաքային միջին ջերմաստիճանն ամռանը կազմել է 5 C°, և այդ շրջանում՝ 480 կմ Հարավային բևեռից հեռու գոյություն է ունեցել տունդրա[8]։ Գտածոների մեջ, որոնք վերաբերվում են ավելի վաղ երկրաբանական շերտերին՝ դևոնի ժամանակաշրջանի ձկներ են, յուրայի ժամանակաշրջանի գիշատիչ տերոպոդ կրիոլոֆոզավր, որի ոսկորները գտնվել են Կերկպատրիկ լեռների մոտ և այլն[9]։
-
Երկնագույն սառույցով պատված Ֆրիկսել լիճը Տրանսանտարկտիկական լեռների Չոր սարահարթերում
-
Բիդմոր սառցադաշտի տեսքը վերևից 1956 թվականին
-
Բերդ սառցադաշտը տիեզերքից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.britannica.com/place/Transantarctic-Mountains%7CTransantarctic Mountains |2019-11-05}}
- ↑ 2,0 2,1 Трансантарктические горы // Телевизионная башня — Улан-Батор. — М. : Большая российская энциклопедия, 2016. — С. 337. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 32). — ISBN 978-5-85270-369-9.
- ↑ 3,0 3,1 «Transantarctic Mountains». MountainIQ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Transantarctic Mountains». National Science Foundation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Gildea D. Transantarctic Mountains // Transantarctic Mountains - Mountaineering in Antarctica: Travel Guide. — Primento and Editions Nevicata, 2015. — ISBN 978-2-51103-138-4
- ↑ Faure G., and Mensing T. M. Preface // The Transantarctic Mountains: Rocks, Ice, Meteorites and Water. — Springer, 2010. — P. ix. — ISBN 978-90-481-9390-5
- ↑ Уайтхаус Д. (2003 թ․ մարտի 5). «Начали строить дорогу на Южный полюс». Би-би-. Վերցված է 2019-011-05-ին.
- ↑ Rees-Owen R. L., et al. The last forests on Antarctica: Reconstructing flora and temperature from the Neogene Sirius Group, Transantarctic Mountains(անգլ.) // Organic Geochemistry. — 2018. — Vol. 118. — P. 4—14. —
- ↑ Willis P. (2007 թ․ օգոստոսի 16). «Fossils from the final frontier» (անգլերեն). ABC. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gunter Faure, Teresa M. Mensing, The Transantarctic Mountains: Rocks, Ice, Meteorites and Water, Springer
- Damien Gildea, Transantarctic Mountains — Mountaineering in Antarctica: Travel Guide
- Sokol, E. R., C. W. Herbold, C. K. Lee, S. C. Cary, and J. E. Barrett, Local and regional influences over soil microbial metacommunities in the Transantarctic Mountains, Ecosphere 4(11):136. https://dx.doi.org/10.1890/ ES13-00136.1 2013
- I.B. Campbell, G.G.C. Claridge, Antarctica: Soils, Weathering Processes and Environment, PP 30 – 32
- A.R. Lewis, D.R. Marchant, A.C. Ashworth, S.R. Hemming, M.L. Machlus, Major middle Miocene global climate change: Evidence from East Antarctica and the Transantarctic Mountains Արխիվացված 2018-11-29 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրանսանտարկտիկական լեռների քարտեզ(անգլ.)
- Տրանսանտարկտիկական լեռների երկրաբանությունը(անգլ.)
- Տրանսանտարկտիկական լեռները Peakbagger.com-ում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսանտարկտիկական լեռներ» հոդվածին։ |
|