Տորֆային հողեր
Տորֆային հողեր, տորֆաճահճային կամ ճահճատորֆային հողերի խումբ, ձևավորվում է մթնոլորտային տեղումներից, լճացած քաղցրահամ կամ թույլ հոսք ունեցող տարբեր աստիճանի հանքայնացած ստորգետնյա ջրերից առաջացած գերխոնավության պայմաններում, խոնավասեր բուսական խմբավորումների ծածկոցի տակ։ Հիմնականում տարածված են Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում։ Տորֆային հողերին բնորոշ հիմնական պրոցեսը տորֆառաջացման սկզբնական փուլն է։ Տորֆային հողերի նոր շերտերի առաջացման հետ մեկտեղ ստորին շերտերը դառնում են կենսաբանորեն նվազ ակտիվ, դրանցում կտրուկ նվազում է մանրէների քանակը, հողը կորցնում է բերրիությունը և վերածվում տորֆային ծագման ապարի։ Տորֆային հողերի ստորին սահմանը մոտավորապես համընկնում է ամառվա ընթացքում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման սահմանագծին։ Տորֆային հողերը մայրատեսակից տարբերվում են ավելի բարձր ֆիլտրացմամբ և ջրաթափանցելիությամբ։ Տարբերում են բարձրադիր տորֆային և ցածրադիր տորֆային հողատիպերը։ Բարձրադիր տորֆային հողերը զարգանում են ռելիեֆի ջրաբաժանային մասում և գետահովիտների վերին դարավանդներում։ Բնորոշվում են խոնավասեր, թթվածնի գրեթե լրիվ բացակայության, սննդատարրերի նվազ պարունակության և ուժեղ թթվային ռեակցիայի պայմաններում աճող բուսականությամբ։ Հողերին բնորոշ է ուժեղ թթվային ռեակցիան, մոխրային տարրերի ցածր պարունակությունը, ցածր ծավալային կշիռը, բարձր խոնավունակությունը։ Ցածրադիր տորֆային հողերը զարգանում են խորը իջվածքներում և գետահովիտների ստորին դարավանդներում։ Բուսածածկը կազմված է էվտրոֆ և մեցոտրոֆ տեսակներից։ Հողի ռեակցիան չեզոք կամ թույլ թթվային է, մոխրային նյութերը՝ 6–12%, երբեմն՝ 30–50%, խոնավունակությունը 500-700% է, ծավալային կշիռը՝ 0,15-0,20։ ՀՍՍՀ-ում տորֆային հողերը մեծ տարածք չեն զբաղեցնում։ Առանձին կղզյակներով զարգանում են Վարդենիսի, Կալինինոյի և Գուգարքի շրջաններում։ Պատկանում են ցածրադիր տորֆային հողերի տիպին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |