Տավուշի բերդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց և մշակութային արժեք |
Տեղագրություն | ք. Բերդ, Հայաստան |
Վարչական միավոր | Բերդ |
Գտնվում է ափին | Տավուշ |
Երկիր | Հայաստան |
Կառուցված | X դար |
Կառուցող | Աշոտ Երկաթ |
Շինանյութ | ձու,կիր, Տավուշ գետի քար, տեղի կավ, |
Ընթացիկ վիճակ | կիսաքանդ |
Հրամանատարներ | Ցլիկ Ամրամ |
Կապված անձինք | Աշոտ Երկաթ, Ցլիկ Ամրամ |
Տավուշի մարզ,քաղաք Բերդ | |
Tavush fortress Վիքիպահեստում |
Տավուշի բերդ կամ Ցլիկ Ամրամի բերդ, միջնադարյան բերդ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն։ Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է վատ վիճակում։ Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերը անհայտ են։
Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Տավուշի բերդը 9-10-րդ դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատոնի թագաովրների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրում է նրանց դիմադրությունը և գրավում Տավուշի բերդը։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XI դդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին[1]։ XIV դ. վերջից անտերունչ մնացած Տավուշը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։ Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիսարևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։
Բերդի ավերակները, որոնք մինչև օրս էլ նշմարվում են, գտնվում են Բերդ քաղաքում, մի բարձր ու զառիթափ լեռան վրա։ Նրա շինությունները բռնել են բավական մեծ տարածություն։ Այժմ դրանք բոլորը, գրեթե առանց բացատրության, գտնվում են հողի հաստ շերտի տակ։ Այստեղ կատարվել են մասնակի պեղումներ[1]։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից և տեղափոխվում Սևանի կողմերը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 244, էջեր 244 — 520 էջ. — 500 հատ։
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.