Jump to content

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի երաժշտական ընկերության Ոսկե դահլիճը, որտեղ կայանում են համերգները

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգ (գերմ.՝ Das Neujahrskonzert der Wiener Philharmoniker), Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամենամյա ավանդական համերգ, որ կազմակերպվում է հունվարի 1-ին Վիեննայում` Վիեննայի երաժշտական ընկերության Ոսկե դահլիճում։

Պատմություն և ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդույթը սկզբնավորվել է Ձմեռային օգնություն ծրագրի շրջանակներում, որը կազմակերպում էր Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը 1933-1943 թվականներին[1]։

Առաջին համերգը կայացել է 1939 թվականի դեկտեմբերի 31-ին։ Հետագա տարիներին համերգի օրը տեղափոխվել է հունվարի 1-ին։

Ներկայումս ամանորյա ծրագիրը բաղկացած է նույնական երեք համերգներից, որոնք տարբերվում են միայն տոմսերի արժեքով։ Կապված տոմսերի նկատմամբ եղած հսկայական պահանջարկի հետ` կազմակերպիչներն այն տարածում են վիճակախաղի միջոցով, որը կազմակերպվում է նվագախմբի պաշտոնական կայքում հունվարի 2-ից փետրվարի 28/29-ն ընկած միջակայքում, այսինքն` համերգից գրեթե մեկ տարի առաջ։

40 տարիների ընթացքում համերգները ղեկավարել են ավստրիացի դիրիժորները, այդ թվում` Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Վիլի Բոսկովսկին։ Սկսած 1987 թվականից` ամեն տարի համերգի կազմակերպման համար հրավիրվում է աշխարհի ամենահայտնի դիրիժորներից որևէ մեկը։

Ոսկե դահլիճի ձևավորումը 1980-2014 թվականներին որպես նվեր կազմակերպել են իտալական Սան Ռեմո քաղաքի քաղաքային իշխանությունները[[|]][de]: Սկսած 2015 թվականից դահլիճը զարդարվում է Ավստրիայում աճեցված ծաղիկներով։

2013 թվականի համերգ

Համերգի նվագացանկը չնչին բացառություններով կազմված է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի ավստրիական թեթև երաժշտությունից` վիեննական վալսեր, պոլկաներ, մազուրկաներ, Շտրաուսների ընտանիքի (Յոհան Շտրաուս (հայր), Յոհան Շտրաուս, Յոզեֆ Շտրաուս, Էդուարդ Շտրաուս) մարշեր, ինչպես նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Յոզեֆ Լաների, Յոզեֆ Հելմեսբերգերի, Օտտո Նիկոլայիի, Էմիլ ֆոն Ռեզնիչեկի, Ֆրանց ֆոն Զուպեի գործեր։

Համերգում սովորաբար կատարվում է 12 ստեղծագործություն` 6-րդից հետո ընդմիջումով։

Հիմնական մասին բիսերի արդյունքում հաջորդում են ևս երեք համար` արագ պոլկա, Շտրաուս որդու «Հիասքանչ, կապույտ Դանուբում» և վերջապես Շտրաուս հոր «Ռադեցկու մարշը», որի կատարման ժամանակ, ավանդույթի համաձայն, հանդիսատեսները ծափահարում են տակտով, իսկ դիրիժորը նրանց շրջվում է դեմքով և նվագախումբը ղեկավարում այդ ծափահարություններով։ Բիսերին հաջորդող կատարումների ավանդույթը ձևավորվել է հավանաբար 1945 թվականին, երբ համերգում առաջին անգամ կատարվել է «Հիասքանչ կապուտակ Դանուբին» ստեղծագործությունը։ Հաջորդ` 1946 թվականին, առաջին անգամ կատարվել է «Ռադեցկու մարշը»` նույնպես բիսերի պահանջով։ Հետագայում այդ ստեղծագործությունները ոչ հազվադեպ կատարվել են ինչպես հիմնական ծրագրում, այնպես էլ բիսերով։ Սկսած 1958 թվականից` նրանք անփոփոխ կերպով ընդգրկվել են համերգի` արդեն ավանդույթ դարձած վերջնամասում[2]։

Համերգի ընդհանուր տևողությունը կազմում է 2.5 ժամ։

Համերգի հեռարձակման բազմամյա ավանդույթ է ձևավորվել ինչպես ռադիոյով, այնպես էլ հեռուստատեսությամբ։ Հեռուստատեսային հեռարձակումը Ավստրիայում իրականցնում է ORF ընկերությունը` սկսած 1959 թվականից (1969 թվականից` գունավոր հեռարձակում), 1985 թվականից հեռարձակումը կազմակերպվել է նաև ԱՄՆ-ում։ 2010 թվականին հանդիսատեսների լսարանը կազմել է 50 միլիոն մարդ 72 երկրներում. այդ թվում ընդգրկված են ինչպես եվրոպական (նրանք հեռարձակումը ստանում են Եվրատեսիլի ալիքներով), այնպես էլ այլ աշխարհամասերի հանդիսատեսները[3]։ 2015 թվականին համերգը հեռարձակվել է 90 երկրներում։ 2016 թվականին համերգն առաջին անգամ ցուցադրվել է Բրազիլիայում, Վիետնամում և Պակիստանում։

Առնվազն սկսած 1964 թվականից` հառուստատեսային թողարկումը ներառում է մի քանի համար, որոնք կատարում են Վիեննայի պետական օպերայի բալետային թատերախմբի արտիստները։ Տարբեր տարիներ հրավիրվել են նաև Փարիզի ազգային օպերայի, Բավարիայի պետական օպերայի, Մարիինյան թատրոնի արտիստներ և Վիեննայի օպերայի բալետային դպրոցի աշակերտներ։ Նկարահանումներն իրականացվում են Ավստրիայի պատմական ամրոցներում, պալատներում ու թանգարաններում։ Պարերի բեմադրիչներից են եղել Ջոն Նոյմայերը, Բորիս Էյֆմանը, Ժան-Գիյոմ Բարը, Էշլի Փեյջը, Ռենատո Ձանելան, Դավիդ Բոմբանը, Իրժի Բուբենիչեկը։ Արտիստների համար հագուստներ են մոդելավորել այնպիսի նշանավոր մոդելավորողներ, ինչպիսիք են Քրիստիան Լակուրան (1997), Վալենտինոն (2010) և Վիվիեն Վեսթվուդը (2014)։ Մի քանի անգամ բալետային համարները կատարվել են Վիեննայի երաժշտական ընկերության շենքում հենց համերգի ժամանակ[4]։

Սկսած 1992 թվականից` հեռուստատեսային ծրագրի մեջ ներառված է նաև երաժշտական ֆիլմ, որը եթեր է արձակվում սրահում 25-րոպեանոց ընդմիջման ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. BBC:«The New Year tradition with a dark history», 1 January 2015
  2. За исключением 1967 года, когда вальс был исполнен в основной программе, и 2005 года, когда Лорин Маазель решил не исполнять его в знак траура по жертвам цунами, случившегося в 2004 году.
  3. «The Independent. Vienna New Year concert reaches record 72 countries». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. В 2004(?), 2008, 2011, 2014 и 2017 годах
  5. «Zubin Mehta to Conduct 2015 Vienna Philharmonic New Year's Concert» (անգլերեն). theviolinchannel.com. 2013 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  6. Riccardo Muti dirigiert das Neujahrskonzert 2018
  7. New Year's Concert 2016 with Mariss Jansons
  8. Dudamel leitet Neujahrskonzert 2017

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգ» հոդվածին։