Jump to content

Սպառողի ավելցուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպառողի ավելցուկը դրամական գումարի, որը սպառողը պատրաստ է վճարել, և իրականում վճարվածի տարբերությունն է[1]։

Բարիքի արժեքը կամ գինը որոշվում է դրա վերջին միավորի սահմանային օգտակարությամբ, թեև առաջին միավորի օգտակարությունը սպառողի համար ավելի բարձր է, քան վերջին միավորինը։ Այստեղից է ձևավորվում սպառողի ավելցուկը, որի բովանդակությունը հետևյալն է․ սպառողը տվյալ բարիքի խմբաքանակի համար վճարում է դրա վերջին միավորի օգտակարությամբ որոշված գնով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հաջորդ միավորի հաշվով նա ունի որոշակի օգուտ։ Ավելի հստակ ներկայացնելու համար դիտարկենք հետևյալ օրինակը։ Սպառողը առաջին կոստյումի համար պատրաստ է վճարել 80 դոլար, երկրորդի համար՝ 60 դոլար, քանի որ վերջինիս օգտակարությունը առաջինի համեմատությամբ նվազել է։ Երրորդ կոստյումի համար նա պատրաստ է վճարել 40 դոլար, որովհետև դրա օգտակարությունը, նախորդի համեմատությամբ, փոքր է։ Նույն տրամաբանությամբ՝ չորրորդ կոստյումի համար պատրաստ է վճարել 20 դոլար։ Շուկայում կոստյումի գինը, ըստ սահմանային օգտակարության տեսության, որոշվում է վերջին միավորի օգտակարությամբ։ Մեր դեպքում կոստյումի գինը 20 դոլար է։ Չորս կոստյում գնելու համար սպառողը ծախսում է՝ 4ˑ20=80 դոլար։ Սակայն սպառողի անհատական գնահատականը հավասար է 80+60+40+20=200 դոլար։ Այսինքն՝ սպառողը շահել է՝ 200-80=120 դոլար։ Դա էլ համարվում է սպառողի ավելցուկ։

Առաջին միավորի բարիքի ձեռքբերման համար սպառողը պատրաստ է վճարել 80 դոլար, բայց վճարում է 20-ը, նրա օգուտը կազմում է 80-20=60 դոլար։ Երկրորդ միավոր բարիքի համար պատրաստ է վճարել 60, բայց վճարում է 20 դոլար, նրա օգուտը կազմում է 60-20=40 դոլար։ Երրորդ միավոր բարիքի համար պատրաստ է վճարել 40 դոլար, ձեռք է բերում՝ 20 դոլարով, օգուտը՝ 40-20=20 դոլար։ Չորրորդ միավորը պատրաստ է ձեռք բերել 20 դոլարով և դրա դիմաց վճարում է 20 դոլար։ Գնորդի օգուտը կոչվում է սպառողի ավելցուկ և կազմում է 60+40+20=120 դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Курс экономической теории (под общей редакцией Чепурина М., Киселевой Е.,), Киров, 2006. էջ 116։
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- էջ 178։