Jump to content

Սուրբ Աստվածածին վանք (Կարմրավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ՏեղագրությունՎանա լիճ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Աստվածածին վանք (Կարմրավոր)[1], գտնվում է Արևմտյան Հայաստանի Վան մարզի Վարագա և Ձիաթռնուկ լեռների լանջերի հարթության վրա։ Կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ։

Վանքը բաղկացած էր եկեղեցուց և գավիթից, տարածքը պարսպապատ էր։ Եկեղեցին կառուցված էր անտաշ քարերից։ Գմբեթը կանգնած էր 2 քառանկյուն և 8 կիսասյուների վրա։ Եկեղեցու կոզակը կիսաբոլոր էր և ուներ խաչկալ՝ Սուրբ Աստվածածնի պատկերով, իսկ կողքի խորանները նվիրված էին Սուրբ Յովհաննեսին և Սուրբ Գևորգ։ Ինչ վերաբերվում է գավիթին, այն հասարակ կառույց էր՝ բաղկացած 2 ամբողջական և 8 կիսասյուներից և առանց գմբթի։

Վանքից բացվում էր սքանչելի տեսարան դեպի Վանա լիճ, Այգեստան, Սիփան, Արտոս և Նեմրութ։

Վանեցի մտավորական Գևորգ Շերենցը վանքի մասին ասել է[2]՝

Ահա արևելեան կողմից ահաւոր զառի վայրով տարածւում են հսկայ լեռան, Ձիաթռնուկի (մասն Վարագայ լեռան) միշտ թարմ և կանաչ մարգագետինները՝ իրանց գոյնզգոյն ծաղիկներով։ Հիւսիսից, հարաւից և արևմուտքից տեսարանը ընդարձակւում է հեռուն, շա՛տ հեռուն մինչև Վանայ ծովի երեք կողմից լայնածաւալ անարգել հորիզոններ. մի հայեացքով հեշտ կ՚լինի ըմբռնել արևմտեան ամբողջ գաւառներ իրանց յայտնի գիւղերով. Վանայ ընդարձակ դաշտ, Այգեստանը, որն ինչպէս մի շքեղապանձ թագուհի այդ ընդարձակութեան մէջ. մեծ պողոտաները ամբողջ բերդաքաղաք. Շամիրամայ թաղի մրգաստան այգիներ. Արտամետ. Ծվստան գիւղեր իրանց այգիներով ու պրակներով. Կտուց. Լիմ, Առ-Տէր, Աղթամար կղզիները իրանց ագարակներով։

Սուրբ Աստվածածին վանքը վերանորոգվել է երկու անգամ, առաջինը՝ 1868-1870 թվականներին, երկրորդ անգամ Համիդյան ջարդերից հետո՝ 1895-1896 թվականներին։

1873 թվականի ապրիլ ամսին վանք է այցելել Երեմիա Տևկանցը, ըստ նրա հաղորդած տեղեկության, վանքը չի ունեցել վանահայր և ենթարկվել է ուղղակիորեն Վանի թեմի առաջնորդին։ Վանքում ապրել է մեկ միաբան՝ Աստվածատուր Վարդապետը, որը տեղափոխվել էր Լիմ անապատից, մեկ վերակացու, մեկ տիրացու, երկու մշակ, հինգ հոտաղ և երկու տնտես։

1880-1881 թվականներին Օսմանյան Հայաստանի մի շարք գավառներում սկսվել է սով, 1895-1896 թվականների կոտորածներից հետո վանքում գործել է որբանոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Քարտէսներ». web.archive.org. 2021 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին. {{cite web}}: Text "Եկեղեցիներ և վանքեր 3 :։ Houshamadyan - a project to reconstruct Ottoman Armenian town and village life" ignored (օգնություն); Text "Կրօնք" ignored (օգնություն); Text "Վանի վիլայէթ" ignored (օգնություն); Text "Վանի քազա" ignored (օգնություն)
  2. «Վան-Տոսպի եկեղեցիներն ու վանքերը». 2018.