Սիմոն Տերյան
Սիմոն Տերյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1941 Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 30, 2000 (58 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայաստանի էստրադային նվագախումբ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Սիմոն Տերյան (հոկտեմբերի 21, 1941, Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 2000, Երևան, Հայաստան), հայ երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոն Տերյանը ծնվել է Արցախի Բանանց գյուղում։ 1958 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ։ Համալսարանական երաժշտական համույթի համերգներից մեկում ընկերների խնդրանքով փոխարինել է համույթի վատառողջ մեներգչին, որից հետո շարունակել է երգչի կարիերան։ Հանդես է եկել «Պատանեկություն» և «Կռունկ» էստրադային համույթներում։ Եղել է Ռոբերտ Ամիրխանյանի երգերի առաջին կատարողներից մեկը։ 1968 թվականին Կոնստանտին Օրբելյանի հրավերով միացել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, որտեղ աշխատել է շուրջ 13 տարի։ Համույթի կազմում համերգներով հանդես է եկել ողջ ԽՍՀՄ տարածքում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Ունեցել է շուրջ 7 հազար համերգ։ Հանդես է եկել Խուլիո Իգլեսիասի, Ջաննի Մորանդիի, Լիլի Իվանովայի, Մարիլյա Ռոդովիչի, Ալլա Պուգաչովայի և այլ հայտնի արտիստների հետ։ Ճանաչվել է Շառլ Ազնավուրի երգերի լավագույն կատարողը։
1982 թվականին անսպասելիորեն հեռացել է բեմից։ Չեն պահպանվել նրա 1960-1970-ականների ելույթների ձայնագրությունները։ Պահպանվել են միայն համերգների ընթացքում կատարված 10-12 սիրողական ձայնագրությունները և 1994 թվականին ձայնագրված 6 երգեր։ 1980-1990-ականներին աշխատել է որպես երաժշտական դպրոց-ստուդիայի տնօրեն, «Կարին» միավորման արհմիության կոմիտեի նախագահ, 1995-2000 թվականներին եղել է պատանեկան «Բոհեմ» մրցույթի ժյուրիի նախագահը։ 1994 թվականին Երևանի մարզահամերգային համալիրում կայացել է «Վերջին սկիզբ` Սիմոն Տերյան» խորագրով թատերականացված համերգ-բենեֆիսը, որի ավարտին վերջին անգամ ելույթ է ունեցել հայտնի կատարումներով[1]։
Մահացել է Երևանում, սրտի կաթվածից։