Jump to content

Սերգեյ Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հախվերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Հախվերդյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1946(1946-09-27)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 3, 2021(2021-01-03) (74 տարեկան)
Մահվան վայրԳորիս, Սյունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԳորիսի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ

Սերգեյ Գեղամի Հախվերդյան (սեպտեմբերի 27, 1946(1946-09-27), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 3, 2021(2021-01-03), Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան), արձակագիր, պատմաբան, դոցենտ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գեղամի Հախվերդյանը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Գորիս քաղաքում։ Սովորել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 1964-1968 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին անդամակցել է հայրենասիրական ՀԵՄ ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին, ակտիվորեն մասնակցել 1965 թվականին Հայոց Մեծ եղեռնի հիշատակին նվիրված ցույցերին։ Սովորել է ասպիրանտուրայում, ծառայել Խորհրդային բանակում։ Ունի սպայական կոչում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1995 թվականներին եղել է Գորիսի երկրագիտական թանգարանի տնօրեն։ Նրա օրոք թանգարանը ձեռք է բերել ու ֆոնդավորել հարյուրավոր հնագիտական, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ։ 1992-1995 թվականներին աշխատել է Գորիսի «Սյունիք» և «Տաթև» համալսարաններում, աշխատակցել Գորիսի քաղաքապետարանի «Բանբեր Գորիսի» խմբագրակազմին։ 1993-1996 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի սյունիքյան թղթակիցը, ստորագրել տասնյակ հոդվածներ, որոնք լուսաբանել են Գորիս քաղաքի ռազմական առօրյան, հասարակական-քաղաքական կյանքը։ 1989 թվականին Գորիսի քաղաքապետարանի պատվերով ձեռնարկել է գրելու «Գորիսի պատմությունը»։ Գիրքը լույս է տեսել 1996 թվականին։ 1996 թվականին կրկին հրավիրվել է աշխատելու Գորիսի ԲՈՒՀ-ական մասնաճյուղում, ակտիվորեն զբաղվել պատմագիտությամբ։ Պրոֆեսոր Գ. Գրիգորյանի հետ հեղինակել է 2001 թվականին հրատարակված «Սյունիքի պատմություն» դասագիրքը, 2005 թվականին՝ «Գորիսի ամփոփ պատմություն» գիրքը[2], 2007 թվականին՝ հրատարակվել է «Պատմագիտական նոթեր. Սյունիք» գիրքը, ուր ամփոովել են հեղինակի գիտական հոդվածները։ Նա 30 գիտական հոդվածների հեղինակ է։ 2008 թվականին ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

Հախվերդյանը ղեկավարել է ԳՊՀ պատմության և իրավագիտության ամբիոնը։ Արժանացել է ՀՊՃՀ ռեկտորի վաստակագրի, Գորիսի քաղաքապետարանի շնորհակալագրի, Սյունիքի մարզպետարանի կողմից՝ «Ակսել Բակունցի» հուշամեդալի։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հախվերդյանը Ռուբեն գրական կեղծանունով, ուսանողական տարիներից սկսած զբաղվել է գրական գործունեությամբ։ Նրա պատմվածքները տպագրվել են հանրապետական, մարզային մամուլում, ժողովածուներում, հնչել ռադիոյով։ 2009 թվականին լույս է տեսել « Բարի արև- բարև» գիրքը, ուր ամփոփած են հեղինակի 20 պատմվածքներ։

«Բացարձակապես իրար նման 2 շենք Գորիսում չեք գտնի։ Նայելով այդ տների պատուհանների կամարներին, քիվերին, պարակալներին, ողջ արտաքին տեսքի լուծումներին՝ իսկույն կարելի է եզրակացնել, թե տանտերն ինչ խավի ու ճաշակի մարդ է եղել։ Սակայն նույնիսկ ոչ հարուստ բնակչի պատկանած ցածրահարկ տունը կարող է դիտողին հրամցնել ճարտարապետական գեղեցիկ լուծումներ և ձևեր։ Գորիսեցին, հարուստ, թե աղքատ, սրբատաշ պատը չի սիրել՝ համարելով, որ այն պակաս արտահայտիչ կարող է լինել։ Սրբատաշ միայն 1-2 շենք կա՝ հնուց մնացած, որոնք թեպետ խիստ նախշազարդ են, բայց և չձգող։ Սրբատաշ քարն օգտագործվել է միայն շենքի անկյուններում, կամարներում կամ գոտիներում։ Իսկ ահա ճեղքված որձաքարից շարած պատերի կարանները մի առանձին տեսք և շուք են տալիս ողջ շինությանը։ Մուգ որձաքարը անկանոն շրջանագծերով գրկող վառ սպիտակ կարանները հեռվից այն տպավորությունն են թողնում, որ կարծես շենքը հագել է հովազի մորթի։ Կարանների շաղախն արվել է տեղական բարձրորակ կրից և մանր մաղած գետավազից, ընդհանուր շինանյութը եղել է տեղական՝ անսպառ որձաքարը, կիրը և ավազը։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Գորիսի կամարակալ մեծ և փոքր դարպասները։ Գորիսի տները սկզբնապես ունեցել են տախտակյա տանիքներ և դա, ինչպես պնդում են տարեց մարդիկ, թույլ էր տալիս ձեղնահարկում երկար ժամանակ ապահով պահել չոր լավաշ հաց»։
- Հատված Ս. Հախվերդյանի «Գորիսի ամփոփ պատմություն» գրքից, Երևան, «Զանգակ-97», 2005 թ., էջ 187
Սյունիքի հեթանոսական շրջանի, մասնավորապես երաժշտության, վիպերգության մասին վկայում է Մովսես Խորենացին։ Պատմահոր գրի առած ավանդազրույցներն ու առասպելները հայտնի են գողթան երգեր անունով։ Գողթն գավառը, որի մի մասն էր կազմում Արևիքը (ներկայիս Մեղրին), մտնում էր Սյունիքի մեջ։ Խորենացին իր առասպելների մեծ մասը բառացի գրի է առել գողթան երգիչներից։ Դրանք հայ բանաստեղծության հնագույն շրջանի մարգարիտներն են։ Գուսանական արվեստը Սյունիքում վաղուց ի վեր զարգացած էր և դրա ավանդները շարունակվում են առ այսօր։ Գուսանների ելույթներն, ըստ էության, տոնական ներկայացումներ էին, որոնց մասնակցում էին պարուհիներ։ Խնջույքների ժամանակ հանդես եկող դերասանուհի-պարուհիները կոչվում էին վարձակներ։ Երկրորդ դարում Բակուր Սյունեցու կազմակերպած խնջույքում վարձակ Նազենիկի մասին գրել է Խորենացին։ Նազենիկը անչափ գրավիչ էր, գեղեցիկ և երգում էր «ձեռամբ», այսինքն՝ ելույթ էր ունենում մնջախաղով։
- Հատված Գր. Գրիգորյանի, Ս. Հախվերդյանի «Սյունիքի պատմություն» գրքից՝ Երևան, «Հրազդան», 2001, էջ 61-62
Ամնեն ինչ հասկացա՝ գիշերողները շատ վաղ հեռացել են՝ իրենց հետ տանելով հորս սիրելի, հուշեր արթնացնող ռազմաավարային ծածկոցը։ Ես կամացուկ քայլեցի հետ, զգուշորեն հանվեցի ու պառկեցի։ Երազս փշրվեց, ձի քշելը մտքիցս թռավ։ Ես որոշեցի շուկայում անպայման փնտրել ու գտնել ադրբեջանցիներին (հայրս հազիվ թե ինքը դա աներ)։

Եթե դեմքերը չհիշեմ, ապա կգտնեմ կարմրամաշկ ձին ու վարդագույն, սպիտակ երիզագծերով ծածկոցը։ Կգտնեմ ու հետ կբերեմ, չնայած արդեն դեն նետելու քրջակտոր էր, և եթե հորս համառությունը չլիներ, ապա վաղուց լաթի կտորներ էին դարձել։ Ես ինձ տղամարդ զգալով՝ ուզում էի ինչ-որ կերպ հասկացած լինել հորս տարօրինակ սերը ռազմաավարային գերմանական ծածկոցի նկատմամբ, որը մի կոր ու չոր նստատեղով աթոռի հետ որպես պատերազմի հուշ հանգրվանել էր մեր տանը։

Իսկ եթե չգտա՝ կիրակին կիրակի չի լինի ոչ ինձ, ոչ հորս համար։
- Հատված Ս.Հախվերդյանի « Բարի արև- բարև» պատմվածքների գրքից՝ Երևան, « Զանգակ-97»,2009 թ էջ 89

Ամուսնացած էր, ունի երկու տղա, մեկ աղջիկ և յոթ թոռ։ Աղջիկը՝ Նազելի Հախվերդյանը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, աշխատում է Գորիսի պետական համալսարանում՝ որպես հոգեբանության դասախոս։ Կինը՝ Լենա Հայրապետյանը ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի է[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մելիք-Հայկազ Բ». sarc.am. 2016 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 21-ին.
  • ԳՊՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
  • Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղ
  • «Զանգեզուր» թիվ 17 (7330),10.12.2009 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]