Ռոստամ Զալ
«Ռոստամ Զալ», իրանական հերոսավեպի հայկական տարբերակ, «Շահնամե»- գլխավոր հերոսներից մեկի՝ Զալի որդի Ռոստամի վիպական շարքի պատումներ՝ հայ ժողովրդական բանավոր ավանդության մեջ։
«Ռոստամ Զալը» հիմնական թեմատիկայով (Իրանի և Թուրանի միջև մղվող դարավոր կռիվներ) և հերոսների անուններով նույնանում է իրանական «Շահնամե»-ին, իսկ առանձին միջադեպերի, վիպական մանրամասների, հայանուն հերոսների հավելումներում՝ նրանից տարբերակվում է։ Հորինվել է «Շահնամե»-ի վիպական հենքի վրա, բայց և զգալապես ազդվել 11-12-րդ դարերի Ֆիրդուսու հետևողությամբ կազմված «Բարզունամե» և «Ֆերամորզնամե» պոեմների վիպական մոտիվներից։ Հավանաբար՝ հայերին է փոխանցվել քրդական բանավոր ավանդությունից, հայկական միջավայրում ենթարկվել զգալի վերամշակման, մասնակի տեղայնացման ու փոխակերպումների։
«Ռոստամ Զալ»-ի վրա նկատելի է հայ վիպական ավանդության, մասնավորապես՝ «Սասնա ծռեր»-ի զորեղ ազդեցությունը։ Մի շարք մոտիվներ ու միջադեպեր, որոնք չկան «Շահնամե»-ում (Ռոստամի ձի ընտրելը, պապենական թուրն ստանալը, հարկահաններին պատժելը, երկյուղը թշնամու բանակի մեծությունից, ձիու քաջալերանքը և այլն), «Ռոստամ Զալ»-ի մեջ են մտել «Սասնա ծռեր»-ից։
Որոշ պատումներում Ռոստամի տոհմը ազգակից է Սասնա վիպական հերոսներին, եթե Սանասարից սերում են Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, ապա Բաղդասարից՝ Զալը, Ռոստամը և ուրիշներ։ Այլ պատումներում իրանական վեպի հերոսներն անմիջապես սերում են Մեծ Մհերից, որի որդին է Ռոստամ Զալը, կամ էլ՝ Զալը Սասնա (Սիստան) քաղաքի տերն է, Դավիթը՝ նրա եղբայրը, Բուրզեն՝ Դավթի որդին, իսկ Հովանը՝ Բուրզեի հորեղբայրը։
Այս ազդեցությունը հետևանք է նաև այն իրողության, որ «Ռոսստամ Զալ»-ի շատ վիպասացներ իմացել և պատմել են «Սասնա ծռերը»։
«Ռոստամ Զալը» տարածված է եղել Արևմտյան Հայաստանում (Մոկս, Շատախ, Վան), պարսկահայերի (Մակու) և Ալաշկերտից ու Բայազետից գաղթած հայերի միջավայրում։ Սկսած 1880 թվականներից «Ռոստամ Զալ»-ի պատումները գրառել և հրատարակել են հայ անվանի բանահավաքներ Գարեգին Սրվանձտյանցը, Ե․ Լալայանը, Ս․ Հայկունին և ուրիշներ. շարունակում են գրառվել նաև մեր օրերում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բ. Խալաթյանց, «Իրանի հերոսները հայ ժողովրդի մեջ», Փարիզ, 1901
- Հովսեփյան Գ․, «Ռոստամ Զալ», Թ․, 1905
- «Ռոսաամ Զալ» (խմբագիր և առաջաբանը Մելիք Օհանջանյան Կ․)
- Ֆիրդուսի [ժողովածու], Երևան,1934։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 703-704)։ |