Չումիզա
Չումիզա | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Setaria italica subsp. italica
|
Չումիզա (լատին․՝ Setária itálica subsp. italica), ձավարային ու կերային հին մշակաբույս է։ Նրանցից պատրաստած ձավարը պարունակում է շուտ լուծվող ածխաջրեր, շուտ եփվում է և լավ ուռչում, իսկ համով չի զիջում կորեկաձավարին։
Չումիզային ձավարը պարունակո��մ է 16,2% հում պրուտեին, 1,8% մոխիր, մինչդեռ կորեկի ձավարը՝ 12,0% հում պրոտեին և 1,6% մոխիր։ Չումիզան մշակվում է նաև կանաչ կեր, չոր խոտ և սիլոս ստանալու համար։ Հատիկը որպես արժեքավոր խտացրած կեր օգտագործվում է բոլոր տեսակի անասունների համար։
Չումիզան մեծ չափով մշակվում է Մանջուրիայում, Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում։ Ավելի պակաս չափով մշակվում է նաև Հնդկաստանում, Աֆղանստանում, Թուրքիայում և Իտալիայում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր ագրոտեխնիկայի պայմաններում չումիզայի յուրաքանչյուր հեկտարից ստացվում է 25-30 ց հատիկ, 75-80 ց խոտ, 200-250 ց կանաչ զանգված։ Չումիզան պատկանում է կորեկանման հացաբույսերի խմբին։ Չումիզայի արմատներն ուժեղ զարգացած են, թափանցում են մինչև հողի 2,5 մ շերտերը։ Ցողունն ունի 1,5-2,0 մ բարձրություն։ Թփակալումը թույլ է։ Ցողունը ճյուղավորվում է հիմքից և իր վրա կրում 10-16 տերև, որոնք ականջիկներ չունեն, մերկ են, երբեմն թավոտ, կանաչ կամ ցողունի հետ միասին ներկված են մանուշակագույն անթոցիանով։ Ծաղկաբույլը ողկույզանման հուրան է, երկար, հարավային ուշահաս ձևերի հուրանի երկարությունը երբեմն հասնում է մինչև 50 սմ-ի։ Հուրանի հիմնական առանցքը,ինչպես նաև կողային ճյուղերը՝ թևերը, խիստ թավոտ են։ Կողային ճյուղերը լինում են տարբեր երկարությամբ և հուրանի հիմնական առանցքի վրա գտնվում են տարբեր հեռավորությամբ։ Չումիզայի ծաղկաբույլի հիմնական առանցքի վրա ճյուղերի դասավորությունը որոշում է հուրանի խտությունը(ցանցառ, խիտ)։ Հուրանի ճյուղավորությունների վրա դասավորված են մանր, միածաղիկ հասկիկները։ Այդ հասկիկներն ունեն երեքական հասկիկային թեփուկներ, որոնցից երկուսն են լավ զարգացած։ Բացի հասկիկներից, հուրանի ճյուղավորությունների վրա փնջերով դասավորված են նաև կոշտ, ատամնաձև, երկար կամ կարճ մազմզուկներ։ Հատիկը մանր է, գնդաձև, սպիտակ,նարնջագույն։ 1000 հատիկի զանգվածը 1,5-4,1 գ է։ Ինքնափոշոտվող է, տոթադիմացկուն, չորադիմացկուն, ջերմասեր[1]։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատիկ ստանալու նպատակով չումիզան ցանում են լայն շարքերով(45 սմ) կանաչ զանգվածի կամ խոտի համար՝ համատարած շարքերով։ Լայնաշարի դեպքում ցանքի նորման վերցնում են 4-6 կգ/հա, համատարած շարքերով ցանելու դեպքում՝ 10-15 կգ/հա։ Ցանքը պետք է կատարել 3-5 սմ խորությամբ, որից հետո անհրաժեշտ է դաշտը տափանել։ Բերքահավաքը կատարում են հատիկի համար՝ լրիվ հասունացման փուլում(եթե կոմբայնով են հավաքում) կամ մոմային հասունացման փուլում (եթե սովորական, հասարակ մեքենայով են հավաքում), խոտի համար՝ հուրանակալման փուլում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «taxon». Germplasm Resources Information Network (GRIN).
- Чумиза հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չումիզա» հոդվածին։ |
|