Jump to content

Չադի բնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրի հյուսիսային կեսը գտնվում է Սահարա անապատի սահմաններում, հարավային կեսն ընդգրկում է Սահելը և Սուդան բնամարզի մի մասը։ Ռելիեֆում գերակշռում են 250—400 մ բարձրությամբ տափարակ հարթավայրերը։ Հյուսիսային մասին բնորոշ են ուեդները (ժամանակավոր հոսքերի չոր հովիտներ) և շարժուն ավազներով ծածկված տարածությունները։ Ծայր հյուսիսում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը՛ մինչև 3415 մ), հյուսիս-արևելքում՝ Երդի ու Էննեդի սարավանդները, հարավ-արևելքում՝ Վադայի զանգվածը։ Չադի տարածքը գտնվում է Աֆրիկական պլատֆորմի հյուսիս-արևելքում, Կենտրոնա-Աֆրիկյան վահանի, Սահարայի սալի և Չադ սինեկլիզի սահմաններում։ Մինչքեմբրյան հիմքի մետամորֆային ապարները մերկանում են Տիբեստի, Վադայի զանգվածներում և երկրի հարավ-արևմուտքում։ Պլատֆորմի ծածկույթը կազմված է պալեոզոյի, կավճի ու կայնոզոյի նստվածքային ապարներից։ Տիբեստի և Վադայի զանգվածներում մեծ տարածում ունեն հրաբխային ապարները։ Կան բոքսիտի, անագի, վոլֆրամի, երկաթի, բնական սոդայի, նավթի հանքավայրեր, ոսկու, ցինկի, պղնձի, ուրանի երևակումներ։

Կլիման հյուսիսում չոր արևադարձային անապատային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 15°С է, հուլիսինը՝ 30—35°С, տարեկան տեղումները՝ 100—250 մմ (տեղ-տեղ 50 մմ-ից պակաս), բնորոշ են ավազային փոթորիկներ առաջացնող ուժեղ քամիները։ Հարավում կլիման հասարակածային մուսսոնային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 21—24°С է, ապրիլ—մայիսին՝ 30—33°С, տարեկան տեղումները՝ մինչև 1000 մմ։

Չադ լիճը, նկարված է Ապոլլո 7-ի կողմից,1968 թվականի հոկտեմբերին

Գետային ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային ցանցը համեմատաբար խիտ է երկրի հարավում։ Գետերը (Շարի, Լոգոն, Աուկ, Սալամաթ, Բաթհա) անձրևային սեզոնում հորդանում են, ողողում ընդարձակ տարածություններ և առաջացնում ճահիճներ։ Արևմուտքում Չադ լիճն է։ Երկրի հյուսիսի բուսածածկույթից զուրկ քարքարոտ անապատները հարավում փոխարկվում են թփուտային և կիսաթփուտային ավազային անապատներով։ Ավելի հարավ տիրապետում են սավաննային բուսածածկույթով կարմրագորշ և գորշ հողերը։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհին բնորոշ են հարավում՝ փիղը, ռնգեղջյուրը, ընձուղտը, գոմեշը, առյուծը, ընձառյուծը, գետերում՝ կոկորդիլոսը, գետաձին և այլն։ Շատ են օձերը, մողեսներն ու միջատները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 657