Միկրոէլեկտրաֆիզիոլոգիա
Միկրոէլեկտրաֆիզիոլոգիա, ֆիզիոլոգիայի բաժին, ուսումնասիրում է կենդանի օրգանիզմի առանձին բջիջներում ու թելիկներում տեղի ունեցող էլեկտրական երևույթները։ Միկրոէլեկտրաֆիզիոլոգիայի առաջընթացի համար կարևորագույն նշանակություն է ունեցել առանձին բջիջների էլեկտրական պոտենցիալների գրանցման, հատկապես միկրոէլեկտրոդների (ապակյա և մետաղյա) պատրաստման մեթոդների կատարելագործումը։ Տարբերում են նեյրոնների էլեկտրական պոտենցիալների գրանցման ներ և արտաբջջային եղանակներ։ Ներբջջային եղանակով բոլոր բջիջներում հայտնաբերված է մշտապես գոյություն ունեցող պոտենցիալների անդրթաղանթային տարբերություն (թաղանթային կամ հանգստի պոտենցիալ), որը հասնում է մի քանի տասնյակ միլիվոլտի։ Բջջում դրդումն առաջանում է հանգստի պոտենցիալը մինչև որոշակի կրիտիկական (շեմքային) մեծության իջնելիս։ Նշված դեպքում խիստ բարձրանում է բջջաթաղանթի իոնային թափանցելիությունը, որը հանգեցնում է թաղանթով այն իոնների հոսքի առաջացմանը, որոնց համար թաղանթը հանգստի վիճակում վրա թափանցելի է։ Մի քանի միլիվայրկյան հետո լրիվ անհետանում է թաղանթի հանգստի պոտենցիալը, ու ի հայտ է գալիս հակառակ ուղղված գործողության պոտենցիալ։ Հետագայում տեղի են ունենում թաղանթի բևեռացման լրացուցիչ, բավական երկարատև, սակայն ոչ մեծ ամպլիտուդով փոփոխություններ կապված բջջի վերականգնողական գործունեության և նրա դրդման փոփոխման հետ։ Միկրոէլեկտրաֆիզիոլոգիայի մեթոդների օգնությամբ բացահայտվել են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների մի շարք օրինաչափություններ, որոնք օգտագործվում են նաև կլինիկական բժշկության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 543)։ |