Jump to content

Մեթոդաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեթոդաբանություն, փիլիսոփայական ուսմունք մեթոդի մասին, որն ընդգրկում է գիտելիքի կառուցվածքի վերլուծությունը, նրա ձեռքբերման փուլերի և եղանակների ուսումնասիրությունը, դրանց հիմնավորումը և ճանաչողական-էվրիստիկական արժեքի վերհանումը։ Ըստ մեթոդաբանական վերլուծության բնագավառի, գիտության ընդհանուր մեթոդաբանությունից սովորաբար տարբերակում են որևէ կոնկրետ գիտության (օրինակ, ֆիզիկայի) մեթոդաբանություն․։ Մեթոդաբանական հետազոտությունները սկսվում են Պլատոնից և Արի��տոտելից։ Վերջինս լեզվական հյուսվածքում առանձնացրեց կշռադատության տրամաբանական ձևերը, որոնց միջոցով ձեռք է բերվում և որոնց մեջ կաղապարվում է գիտելիքը, տվեց դեդուկտիվ գիտությունների (թվաբանության ու երկրաչափության) մեթոդաբանություն։ Նոր ժամանակում փորձնական բնագիտության զարգացումը մեթոդաբանական հետազոտությունները կողմնորոշեց դեպի էմպիրիկ ու տեսական գիտելիքների փոխհարաբերության ու դրանց հիմնավորման ուսումնասիրությունը, մի բան, որ անհրաժեշտ դարձրեց գիտելիքի կազմակերպման դեդուկտիվ-ռացիոնալիստական իդեալի կողքին (Ռ․ Դեկարտ, Գ․ Լայբնից) ինդուկտիվ տրամաբանության և դրան համապատասխան մեթոդաբանության մշակումը (Ֆ․ Բեկոն)։ 17-18-րդ դարերում մեխանիստական, մետաֆիզիկական աշխարհայացքի շրջանակներում ձևավորված մեթոդաբանությունը ելնում էր մեխանիկայի օրենքներով գիտելիքներ ձեռք բերելու պատկերացումից (տես Մեխանիցիզմ։ )։ Այս մեթոդաբանության սահմանափակությունը, գիտության մեջ դիալեկտիկական գաղափարների ներթափանցման կապակցությամբ, առաջինը նկատեց Կանտը՝ «տրանսցենդենտալ մեթոդաբանության» մասին իր ուսմունքում։ Սակայն ո՛չ Կանտին և ո՛չ էլ Հեգելին, որը օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից քննադատեց Կանտի ուսմունքին հատուկ սուբյեկտիվիզմն ու ագնոստիցիզմը, չհաջողվեց ստեղծել գիտական մեթոդաբանություն։ Ավելին, 19-րդ և 20-րդ դարերում, երբ բնագիտության տեսականացման, գիտության մեջ սկզբունքորեն նոր մեթոդների կիրառության և մաթեմատիկական տրամաբանության հզոր ապարատի ստեղծման կապակցությամբ սկսվեց մեթոդաբանական հետազոտությունների նոր փուլը, մեթոդաբանության վերաբերյալ մեխանիստական հայացքը յուրօրինակ ձևով հարություն առավ պոզիտիվիզմի մեջ։ Այն իր նորագույն ձևերում առաջադրեց «տրամաբանականացված գիտության» մի շարք տարբերակներ, որոնց համաձայն գիտելիքի ձեռքբերման, նրա ճշգրտության, օբյեկտիվության, միասնության և զարգացման ներգիտական պայմաններն այնպիսին են, որ ենթադրում են բացառապես ձևական-տրամաբանական նկարագրություն։ Ետնեոպոզիտիվիստական որոշ մեթոդաբանական ուղղություններում փորձ է արվում հաղթահարել այդ դոգման՝ գիտելիքի վերլուծության ժամանակ նկատի ունենալով գիտության պատմությունը, հոգեբանական և հասարակական-մշակութային գործոնները (Կուն, Լակատոս, Ֆեյերբանդ)։ 19-րդե դարի հայ փիլիսոփայության մեջ գիտական ճանաչողության մեթոդների վերլուծությունը նշանակալի զարգացում ապրեց, քանի որ բուրժուական հարաբերությունների ներթափանցումը հայ իրականության մեջ հետաքրքրություն և շահագրգռվածություն առաջ բերեց բնական գիտությունների նկատմամբ և, երկրորդ, հայ լուսավորիչների ծրագրերի մեջ մեծ տեղ էր տրվում դրական գիտելիքների տարածմանը։ ժամանակի հայ փիլիսոփայական մտքում ներկայացված էին մեթոդաբանական բոլոր հիմնական ուղղությունները, ծայրահեղ ռացիոնալիզմը (Ա․ Գուրգենյան, Պ․ էմմանուելյան), որը ձգտում էր գիտությունը համատեղել կրոնական դոգմաների հետ, չափավոր ռացիոնալիստական-դեդուկտիվիստական (Ա․ Գարագաշյան), ծայրահեղ էմպիրիստական-ինդուկտիվիստական (Ա․ Բագրատունի) ուղղությունները, չափավոր ինդուկտիվիգմը (Գ․ Կոստանդյան)։ Միջին, հաշտվողական դիրք ուներ Ն․ Ռուսինյանը։ Իմացության պրոցեսը իր բնույթով դիալեկտիկական է։ Ահա թե ինչու միայն հետևողական դիալեկտիկական մոտեցումն է ի վիճակի հաղթահարելու ձևական-տրամաբանական մոտեցման սահմանափակությունը և տալու իմացության պրոցեսի գիտական նկարագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 380