Ծնողները՝ Գրիգոր և Խաթուն։ Սովորել է Կաֆայի Ս. Նշան վանքում, ապա տեղափոխվել Թոխաթ և աշակերտել տաղասաց Ստեփանոս քահանա Թոխաթեցուն։ Ուսումնառությունը շարունակել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում՝ Աստվածատուր Տարոնացու մոտ։ 1659-1660 թվականներին եղել է Կ.Պոլսիպատրիարքը, 1661-1664 թվականներին՝ Ղրիմի թեմի եպիսկոպոսը, 1680-1683 թվականներին՝ Երուսաղեմի պատրիարքը։ Մ. Ղրիմեցին կարևոր դեռ է խաղացել Եղիազարյան-Հակոբյան պայքարում (1664-1680)։ Եղիազար Ա Այնթափցին փորձում էր ստեղծել Էջմիածին հակաթոռ կաթողիկոսություն, որի դեմ դուրս եկավ Էջմիածնի կաթողիկոսՀակոբ Դ Ջուղայեցին։ Ընդդիմադիր թևը, սակայն, փաստորեն ղեկավարում էր Մ. Ղրիմեցին, որին և հաջողվեց խանգարել իրականացնելու միասնակամ կաթողիկոսության տրոհումը։ Մ. Ղրիմեցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն։ Նրա գրչին են պատկանում «Կարգ և թիւ թագաւորաց ազգիս Հայոց» (1672) չափածո ժամանակագրությունը, «Պատմութիւն Ղրիմի հայ գաղութի պատմության համար, «Ողբ Երեմիա մարգարէին...» (17-րդ դ. 70-ական թթ) երկերը։ 1672 թվականին չափածոյի է վերածել Հայսմավուրքը, գրել է ներբողներ, թվերի մասին չափածո վիճաբանություն («Յաղաս թուոց») և այլն։ Մ. Ղրիմեցուն բնորոշ է երգիծանքը։ Նա վերարթնացման շրջանի առաջին տաղերգուներից է, որ զավեշտին սոցիալական շեշտ է տվել։ Մ. Ղրիմեցու երգիծական ոտանավորների հերոսները ժամանակի եկեղեցական-քաղաքական գործիչներ են[3][4]։
Յարութիւն Քիւրտեան, Մարտիրոս Ղրիմցի կամ Կաֆացիի տաղերը Թրակիոյ կամ Պուլկարիոյ Հայոց վրայօք, - «Բազմավէպ», 1929, թ. 9, էջ 283-287, 1930, թ. 3, էջ 114-117, թ. 6, էջ 264-268։
Յարութիւն Քիւրտեան, Մարտիրոս Ղրիմեցիի տաղերուն Քիւրտեան հաւաքածոյի օրինակը, - «Բազմավէպ», 1960, թ. 3-4, էջ 65-71։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 347)։