Jump to content

Մարաղայի կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարաղայի կոտորած
Ադրբեջանցիների կողմից սպանված Մարաղայի հայեր
ՏեսակՄասսայական կոտորած, ազգաբնակչության բնաջնջում
ԵրկիրԱրցախ
Գրոհի վայրՄարաղա, Մարտակերտի շրջան
ՏեղադրանքՄարաղա
Գրոհի նպատակՀայ ազգաբնակչության ոչնչացում, բնակավայրի գրավում
Տարեթիվ1992 թվականի ապրիլի 10
ԶոհվածներԱվելի քան 50 հայ,
այդ թվում՝ 30 կին
ԱհաբեկիչներԱդրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ
ԿազմակերպիչներԱդրբեջանի Հանրապետություն
ՊատանդներՇուրջ 50 մարդ,
այդ թվում՝ 9 երեխա և 29 կին,
 Maragha massacre Վիքիպահեստում

Մարաղայի կոտորած, հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, ջարդեր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում, որն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին։ Ադրբեջանցիների կողմից սպանվել է ավելի քան 50 հայ, այդ թվում՝ 30 կին, պատանդ է վերցվել շուրջ 50 հայ, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին[1][2][3]։

1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ[2]։ Պաշտպանական ուժերը (60 մարդ) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջեցին՝ զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում[4]։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված[4][5]։

Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել։
Հուշակոթող կոտորածի զոհերի հիշատակին Նոր Մարաղա գյուղում

Ըստ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի՝ սպանվել է գյուղի՝ ոչ պակաս 45 բնակիչ։ Ըստ հայկական անվանական ցանկի՝ զոհվել է 57 և գերեվարվել՝ 45 խաղաղ բնակիչ[6]։ Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց և մեկ կույր (տվյալները հաստատված են միջազգային «Helsinki Watch» իրավապահպան կազմակերպության և Քերոլայն Քոքսի կողմից)։ Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը և 13 հոգի գերեվարվել են[7]։ Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվում 21 կին և 6 երեխա[8]։

Լուսաբանում ԶԼՄ-ներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայկական, այնպես էլ միջազգային անկախ լրատվամիջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը, Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար[5][9]։ Ըստ Քերոլայն Քոքսի՝ Դեյլի Թելեգրաֆ անգլիական թերթը սկզբում տպելու էր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց։

Անգլիական «Դեյլի Թելեգրաֆը» պայմանավորվեց ինձ հետ բացառիկ ռեպորտաժի մասին՝ իր էջերում օգտագործելով ֆոտոնյութերը, ուստի ես չդիմեցի այլ թերթերի։ Բայց ժամանակ անցավ, բայց հրապարակում չեղավ։ Ես զանգահարեցի գլխավոր խմբագրին, բայց նա ասաց, որ որոշել է չտպագրել նյութը։ «Բայց Դուք մի քանի շաբաթ առաջ հրապարակել էին ռեպորտաժ Խոջալուի դեպքերի մասին, ինչո՞ւ չեք ուզում ճշմարտությունը տպագրել Մարաղայի մասին»,- հարցրեցի ես։ Նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է զբաղվենք ողբերգությունների առևտրով՝ պահելով հավասարակշռությունը»։ Եվ կախեց լսափողը։

Ահա ինչ է պատմում Քերոլայն Քոքսն այն մասին, թե ինչու Մարաղայում ԶԼՄ ներկայացուցիչներ չկային.

Այդ օրերին ես շատ մարդ չէի բերել Մարաղա, որովհետև անվտանգ չէր։ Այդ այցի ժամանակ ինձ հետ լրագրող էր, որը, ցավոք, ինձ հետ չեկավ Մարաղա, այլ գնաց շփման գիծ։

Նույն երեկոյան մենք հանդիպում ունեցանք Արցախի այն ժամանակվա ղեկավար Արթուր Մկրտչյանի հետ։ Ես փորձում էի հուսադրել նրան պատմել ԶԼՄ-ներին Մարաղայի ողբերգության մասին։ Բայց նա պատասխանեց. «Ես չեմ կարող։ Մեզ՝ հայերիս համար շատ դժվար է պատմել մեր ցավի մասին»[10]

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաղայի կոտորածն իրագործելու համար Ադրբեջանի զինված ուժերի «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում[2]։

2022 թվականի մարտի 1-ին Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմադիր ուժի կողմից առաջարկված «Մարաղայի հայերի ջարդերի հիշատակի օր» սահմանելու օրենքի նախագծի ընդունումը տապալվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մարաղա ավանում հայ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունը ադրբեջանական բանակի կողմից» հայտարարություն Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից, (արխիվացված 02․03․2022թ․)։
  2. 2,0 2,1 2,2 «10 Ապ­րիլ 1992. ­Մա­րա­ղա­յի կո­տո­րա­ծը. Ատր­պէյ­ճա­նի հա­կա­հայ ցե­ղաս­պա­նա­կան վար­քա­գի­ծը» հոդված Հունաստանի հայկական «Ազատ օր» օրաթերթում, 10 Ապրիլ 2017, (արխիվացված 02․03․2022թ․)։
  3. Ղարաբաղյան հակամարտության ժամանակագրությունը, 1992 թվական(չաշխատող հղում)(ռուս.)
  4. 4,0 4,1 Human Rights Watch, Bloodshed in the Caucasus, p. 29 (անգլ.)
  5. 5,0 5,1 Том де Ваал. Черный сад. Глава 11. Август 1991 — май 1992 гг. Начало войны
  6. СПИСОК ЖИТЕЛЕЙ-АРМЯН, УБИТЫХ В МАРАГЕ 10 АПРЕЛЯ ПОДРАЗДЕЛЕНИЯМИ РЕГУЛЯРНОЙ АРМИИ АЗЕРБАЙДЖАНА
  7. «Christianity Today. Baroness Cox: Survivors of the Maraghar Massacre». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  8. В Арцахском государственном университете состоялась презентация компакт-диска, посвященного трагедии в карабахском селе Марага(չաշխատող հղում)
  9. Левон Мелик-Шахназарян, «Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики» Глава 9, Распятие Мараги
  10. Interview with Caroline Cox about Maraghar massacre
  11. «ՔՊ-ն դեմ է, որ Ադրբեջանի կողմից Մարաղայում հայերի ջարդերի համար հիշատակի օր սահմանվի», (արխիվացված 01․03․2022թ․)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]