Jump to content

Մասնակից:Սվետա Աղասարյան/Ավազարկղ35

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Կանաչ պարարտանյութ, հիմնականում բակլազգի բույսերի կանաչ զանգված (սիդերատ), որը վարի հետ հող են ներմուծում։ Հարուստ է օրգանական նյութերով և ազոտով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սիդերատ աճեցնում են զբաղված ցելերում (սիդերալ ցանք), խոզանավարում և կիսահունձ ցանքերում, ինչպես նաև հիմնական մշակաբույսերի ենթացանքերում (օր.՝ բազմամյա լուպինի ենթացանքն աշնանացան տարեկանի ցանքում)։ Կիրառվում է տարբեր մեխանիկական կազմ ունեցող՝ հատկապես ավազային, կավավազային հողերում։ Ցանքաշրջանառությունում արդյունավետ է գոմաղբի և հանքային պարարտանյութերի հետ համատեղ օգտագործումը։ Կանաչ պարարտացման (սիդերացում) շնորհիվ բարելավվում են հողի ֆիզիկաքիմիական հատկությունները, ավելանում է օգտակար միկրոֆլորայի ակտիվությունը։ Եթե սիդերատը բակլազգի մշակաբույս է, ապա հողում ավելանում է կենսաբանական ազոտի քանակը, վարելաշերտում կուտակվում են սննդատարրեր, որոնք սիդերատների արմատներով ենթավարելաշերտից վեր են բարձրանում։

Սիդերատների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական, հողային և տնտեսական տարբեր պայմաններում սիդերատների տեսակները և դրանց օգտագործման եղանակները տարբեր են։ Պարարտացման զանգվածն աճեցվում է վեգետացիայի շրջանի այն հատվածում, երբ դաշտն ազատ է հիմնականում մշակաբույսերից։ Որպես սիդերատ՝ հիմնականում ցանում են բակլազգի մշակաբույսեր։ Ոռոգվող հողերում տարածված են միջանկյալ սիդերատներ, ամռան երկրորդ կեսին բամբակենու միջշարքերում ցանում են շաբդար (բրնձի համար), ջրթողից առաջ՝ ոլոռ կամ գարնանացան վիկ։ Սիդերատների աճեցումը վարադաշտում երկրագործության սիդերալ համակարգի հիմքն է։