Հուգենոտյան պատերազմներ
Հուգենոտյան պատերազմներ, կրոնական պատերազմներ կաթոլիկների և կալվինականների (հուգենոտներ) միջև Ֆրանսիայում, XVI դարի 2-րդ կեսին (թվագրվում են 1562—1594, 1562—1596, 1562—1598 թվականներ)։ Հուգենոտյան պատերազմների նախադրյալներ ծառայեցին մինչև XVI դարի կեսը Ֆրանսիայում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական տեղաշարժերը, մի կողմից՝ ժողովրդական ցածր խավերի աղքատացումը ծանր հարկերի տակ, մյուս կողմից՝ ֆեոդալական ավագանու քաղաքական իրավունքների սահմանափակումը։ Բացարձակ միապետությունից դժգոհ ֆեոդալական ավագանին բաժանված էր երկու խմբավորման՝ կաթոլիկներին գլխավորում էին Լոթարինգիայի Գիզ հերցոգները, հուգենոտներին՝ Բուրբոնները։
Ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին երեք պատերազմները (1562—1563, 1567—1568, 1568—1570 թվականներ) ավարտվեցին Սենժերմենի հաշտությամբ, որով հուգենոտները ստացան 4 կարևոր քաղաք-ամրոցներ, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք։ Հակառակորդի հաջողությունից անհանգստացած Գիզերը և Եկատերինա Մեդիչին 1572 թվականին Փարիզում կազմակերպեցին հուգենոտների ջարդ (Բարդուղիմեոսյան գիշեր)։ 1572—1573 և 1574—1576 թվականներին վերսկսված պատերազմներն ավարտվեցին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ քաղաքների և ազնվականության, այսպես կոչված, Հուգենոտյան կոնֆեդերացիայի ստեղծմամբ։ Կաթոլիկները ստեղծեցին իրենց կազմակերպությունը՝ Կաթոլիկական լիգան, Փարիզի բուրժուազիան՝ Փարիզյան լիգան։ 1584 թվականին պայքարը վերստին սկսվեց անժառանգ Հենրի III Վալուայի ժառանգորդ դառնալու համար (հավակնում էին Հենրի Գիզը և Հենրի Նավառացին)։ Նոր պատերազմում (1585—1589 թվականներ) Կաթոլիկական լիգան և Հենրի Ill-ի կառավարությունը միավորվեցին հուգենոտների դեմ։ 1588 թվականի մայիսի 12—13-ին Փարիզում ժողովրդական ապստամբություն բռնկվեց կառավարության դեմ։ 1588 թվականին սպանվեց Հենրի Գիզը, 1589 թվականին՝ Հենրի III։ Կաթոլիկական լիգան պայքարը շարունակեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի աջակցությամբ։ Երկրում տիրող ֆեոդալական անօրինականության դեմ բռնկվեցին գյուղացիական հուզումներ, որոնք ազնվականությանը և բուրժուազիային ստիպեցին 1594 թվականին թագավոր ճանաչել (1593 թվականին կաթոլիկություն ընդունած) օրինավոր ժառանգ Հենրի Նավառացուն (1594 թվականից՝ Հենրի IV)։ 1598 թվականի Նանտի հրովարտակով (Նանտի էդիկտ 1598 թվական) հուգենոտներին տրվեցին քաղաքական իրավունքներ։ Պատերազմական գործողություններն ավարտվեցին 1598 թվականին, Վերվենի հաշտության պայմանագրով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 634)։ |