Հյուսիսափայլ (ամսագիր)
Հյուսիսափայլ | |
---|---|
Տեսակ | ամսագիր |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1858 |
Հրատարակման վայր | Մոսկվա |
«Հյուսիսափայլ» (դասական ուղղագրություն՝ «Հիւսիսափայլ»)՝ գրական-գեղարվեստական ամսագիր, որը լույս է տեսել 1858-1864 թվականներին Մոսկվայում։ Խմբագիրն է եղել Ստեփանոս Նազարյանը։ Այստեղ են առաջին անգամ տպագրվել Միքայել Նալբանդյանի արձակ և չափածո շատ գործեր, հրապարակախոսական-քննադատական հոդվածները և այլն։ Ամսագրին աշխատակցել են նաև Րաֆֆին և Ռափայել Պատկանյանը[1][2]։
Ամսագրի ծավալը մոտավորապես 64-80 էջ էր, չափը՝ 24х16 սմ։ Տպագրվում էր Լազարյան Ճեմարանի տպարանում։
Ամսագիրն ուներ լուսավորական ու դաստիարակչական ուղղվածություն։ Ամսագրի խմբագիրն էր լուսավորական-հրապարակախոս, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հայ բանասիրության ամբիոնի վարիչ Ստեփանոս Նազարյանը։ Ամսագրին ակտիվորեն աշխատակցում էր հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանը (գլխավոր աշխատակից)։ Ամսագրում հրապարակվում էին Նալբանդյանի արձակն ու բանաստեղծությունները։ «Հյուսիսափայլը», հռչակելով լուսավորական ու ժողովրդավարական գաղափարները, պահանջում էր հասարակական կյանքի բոլոր ոլորտների բարեփոխումներ, պայքար էր մղում ազգայնական պահպանողականության, ռեակցիոն կղերականների դեմ։ Ենթարկվում էր հետապնդումների գրաքննության և ռեակցիոն հայ մամուլի կողմից։ Հետևելով «Սովրեմեննիկ» ամսագրի օրինակին և հաճախակի օգտվելով դրա նյութերից, «Հյուսիսափայլը» հոդվածներ էր հրատարակում բնագիտական, փիլիսոփայական, պատմական, բարոյա-էթիկական և այլ թեմաներով, գեղարվեստական ստեղծագործություններ։ Տեսական ու կիրառական պայքար վարելով գրաբարի և բարբառներով տարվածության դեմ, «Հյուսիսափայլը» ամրացնում էր նոր գրական լեզվի՝ աշխարհաբարի իրավունքները։ Ամսագիրը զգալի ազդեցություն գործեց հայ գրականության ու քննադատության զարգացման վրա։ Ամսագրի հետ համագործակցում էին նաև Րաֆֆին ու Ռաֆայել Պատկանյանը։
Մենք, ռուս ազգությունը պաշտպանողները, չենք կարող չուրախանալ որևէ այլ ազգության հաջողություններին։ Կեցցե ամեն ազգությունը, քանի որ միայն ամեն ազգության ճանաչման դեպքում ոչնչանում է ինչ որ մի կոնկրետ ազգի սահմանափակվածության և բացառիկության բնույթը։ Այդ պատճառով, կրկնում ենք, մենք չենք կարող չուրախանալ ժողովրդական լեզվի մարմին լինելու նպատակով պարբերականի ստեղծմանը[3]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Мы, отстаивающие русскую народность, не можем не радоваться успехам развития какой бы то ни было народности. Да здравствует каждая народность, потому что только при признании всякой народности уничтожается характер ограниченности и исключительности одной, отдельно взятой какой-нибудь народности. Поэтому, повторяем, мы не можем не радоваться появлению журнала, имеющего цель быть органом народного языка...
«Հյուսիսափայլի» գլխավոր նորարարությունն էր քննադատական ոգին՝ անցյալի նկատմամբ անհանդուրժողական, քննադատական վերաբերմունքը։ 1864 թվականին՝ «Հյուսիսափայլ»-ի գործունեության ավարտից հետո, Ստեփանոս Նազարյանը լքեց հրապարակախոսական ուղին, ինչի մասին հետագայում ցավով էր արտահայտվում Գրիգոր Արծրունին։ Ըստ նրա, Նազարյանը, լինելով նորարար ու բարեփոխիչ, մնում էր գրասենյակային գիտնական, ոչ թե «ժողովրդական» գործիչ։ Նա չի եղել պայքարող խոսնակ։ Այդ պատճառով նա կոտրվել էր հետապնդումներից ու թշնամանքից ու հեռացավ կռվի դաշտից։
«Հյուսիսափայլ» 1858-1864 մատենագիտություն[4][5]
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հյուսիսափայլը» լույս է տեսել 1858-ի հունվարից մինչև 1864 թվականը ներառյալ՝ յոթ տարի․ տարվա մեջ լույս է տեսել 12 ամսատետրակ (համար), բացի 1863-ից երբ հրատարակվել է մեկ ամսատետրակ, իսկ 1864 թվականին լույս է տեսել 11 ամսատետրակ․ այդպիսով, բոլորը միայն 72 ամսատետրակ է։
Մատենագիտության[4][5] մեջ նյութերը դասավորված են ժամանակագրական կարգով։ «Հյուսիսափայլի»[4] այս մատենագիտության մեջ փորձ է արվել մի տարվա նյութերը դասավորել ոչ թե այբբենական կարգով, այլ ըստ ամսատետրակների հաջորդականության 1-ից մինչև 12, և մի ամսվա նյութերն էլ ներկայացված են այնպես, ինչպես նրանք դասավորված են տվյալ ամսատետրակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԻՒՍԻՍԱՓԱՅԼ». Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ Հյուսիսափայլ
- ↑ 4,0 4,1 4,2 Ներսիսյան, Եվգենյա (1978). Իշխանյան, Ռաֆայել Ավետիսի (ed.). "Հյուսիսափայլ" ամսագիր 1858-1864։ Մատենագիտություն. ՀՍՍՌ, Ալ. Մյասնիկյանի անվ. պետական գրադարան. Երևան: Ա. հ.
- ↑ 5,0 5,1 [haygirk.nla.am/upload/1941-/hyusisapayl_1978_ocr.pdf «ՙՙՀյուսիսափայլՙՙ հանդեսի մատենագիտություն»] (PDF). 7.12.2023.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 299։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 450)։ |