Jump to content

Հարություն Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Բադալյան
Ծնվել էապրիլի 1, 1996(1996-04-01) (28 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Հարություն Սարիբեկի Բադալյան (ապրիլի 1, 1996(1996-04-01), Երևան, Հայաստան), Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, Հայաստանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ։

Մասնակցել է արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններին, հայտնի նաև որպես Քառօրյա պատերազմ։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Սարիբեկի Բադալյանը ծնվել է 1996 թ․ ապրիլի 1-ին Երևանում։ Սարիբեկ Բադալյանը և Գայանե Գևորգյանը երեք դուստր ունենալուց հետո լույս աշխարհ են բերում իրենց չորրորդ զավակին՝ անդրանիկ որդուն՝ Հարությունին։

Հարությունը հաճախել է Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 62 մանկապարտեզը։

2002-2010 թթ․ սովորել է Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցում, ապա 2010-2013թթ․ ուսումը շարունակել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանում։

Դեռ վաղ հասակից Հարությունը սկսում է զբաղվել լողով, ապա քիքբոքսինգով;

Հարությունը շուրջ 5 տարի զբաղվել է պարով և մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցաշարերի։ 2012թ․ Հարությունն իր պարի խմբի կազմում մասնակցում է Վրաստանում կայացած պարի միջազգային մրցաշարին և զբաղեցնում առաջին հորիզոնականը, ապա նույն՝ 2012 թվականին մասնակցում Բուլղարիայում կայացած պարի միջազգային մրցաշարին և կրկին զբաղեցնում առաջին հորիզոնականը։

Լողի, քինքբոքսինգի ու պարի կողքին շուտով ավելանում է նաև հանդբոլ մարզաձևը։ Հարությունը մասնակցում է 2013թ․ Հայաստանի հանդբոլի առաջնությանը և զբաղեցնում չորրորդ հորիզոնականը։

2013թ․-ին Հարությունն ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տրանսպորտային փոխադրումների ֆուկուկտետ։ Մեկ տարի սովորելուց հետո Հարությունը ստիպված է լինում կիսատ թողնել ուսումը և մեկնել պարտադիր զինվորական ծառայության։

Զինվորական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014/1 զորակոչով Մաշտոցի զինկոմիսարիատից Հարությունը մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ պաշտպանական շրջան՝ Մատաղիս։

2014թ․ հունիսի 20-ից սկսվում է Հարությունի զինվորական ծառայությունը։

6 ամիս ուսումնական ծառայությունից հետո՝ 2014թ․ դեկտեմբերի 8-ին Հարությունը տեղափոխվում է Թալիշ որպես հրաձիգ։

2014թ․ դեկտեմբերի 10-ին Հարությունը նշանակվում է ավագ հրաձիգ, վաշտի ականանետի նշանառու։

2015թ․ ապրիլին լավ ծառայության համար Հարությունը ստանում է կրտսեր սերժանտի զինվորական կոչում։

Ծառայությունն անցկացնելով Թալիշում՝ Հարությունը կամավոր ընտրում է այն դիքրը, որը արցախա-ադրբեջանական շփման գծում ամենամոտն է հակառակորդի դիրքին։

Ծառայության ընթացքում Հարությունը մշտապես աչքի է ընկնում խիզախությամբ և լավ ու անձնվիրաբար ծառայությամբ։

2015թ․ օգոստոսին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների սրացման ժամանակ, Հարությունը ականանետով ոչնչացնում է ադրբեջանական զինաբազաներից մեկը։

2016թ․ փետրվարին Հարությունը ականանետով խոցում է ադրբեջանական դիրքերից մեկը և հակառակորդին պատճառում զգալի վնասներ։

Շուտով Հարությունը դառնում է զորամասի՝ 60 մմ տրամաչափով ականանետի նշանառուներից լավագույնը

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ��ինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։

2016թ․ ապրիլի 1-ին՝ իր ծննդյան օրը, Հարությունը բարձրանում է մարտական դիրքեր։ Ադրբեջանական կողմն անցնում է սադրիչ գործողությունների և տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվում է սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մելքոնյանը։

Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից Հարությունը առաջադրանք է ստանում՝ «ոչնչացնել հակառակորդի դիմացի դիրքը»։

Հարությունը 36 արկ կրակելուց հետո ոչնչացնում է հակառակորդի դիրքը։ Ադրբեջանական կողմը տալիս է 2 զոհ և 7-ից ավելի վիրավոր։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 03։00-ի սահմաններում ադրբեջանական կողմն ականանետերով արկակոծության է ենթարկում հայկական դիրքերը։

Հայկական և ադրբեջանական դիրքերի հեռավորությունը արցախա-ադրբեջանական շփման գծի այդ հատվածում կազմում է մոտ 40-50 մետր։

Հարությունը նկատում է, որ թշնամին կենդանի ուժի կուտակումներ է իրականացնում և 05։00-ի սահմաններում գնում է այդ մասին զեկուցելու։

Հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատին հաջողվում է ներխուժել հայկական դիրք, սակայն հայ զինվորներն արագ անցնում են շրջանաձև պաշտպանության և անմիջական մարտի բռնվում հակառակորդի զինվորների հետ հրաձիգներով ու նռնակներով։

Թեժ մարտերի ընթացքում Հարությունի ուղղությամբ նռնակ է նետվում, որի հետևանքով Հարությունը ոտքի վիրավորում է ստանում։

Հարությունը նկատում է, որ հակառակորդի երկու զինծառայողներ մոտենում են իրենց կացարանին։

Չնայած Հարությունը վիրավորված էր, բայց դա նրան չի խանգարում վազել կացարանի ուղղությամբ։ Հասնելով կացարանին՝ Հարությունը 2 մետր հեռավորությունից ոչնչացնում է հակառակորդի զինծառայողին, որից հետո մյուս զինծառայողը փախուստի է դիմում։ Հարությունը հետապնդում է նրան և 10 մետր հեռավորության վրա ոչնչացնում։

Հակառակորդը դիմում է խորամանկ քայլի և նախապես պլանավորված նահանջ է սկսում ուժերը վերակազմավորելու և հայ զինվորներին անակնկալի բերելով նոր հարձակում սկսելու համար։

Հարությունը վայր է դնում իր զենքը, վերցնում նռնակները և նահանջող թշնամու հետևից 3-4 նռնակ է նետում։ Նռնակների պայթյունից վիրավորում է ստանում «Յաշմա» հատուկ ջոկատի հրամանատարը։ Իրենց հրամանատարի վիրավորումից հետո հակառակորդի հատուկջոկատայինների պլանավորված նահանջը վերածվում է խուճապահար փախուստի։

Հարությունը վերցնում է իր ոչնչացրած հակառակորդի զինծառայողներից մեկի զենքը և վազում խուճապահար փախչող թշնամու հետևից, բայց քանի որ նա վիրավորում էր ստացել երկար վազել չէր կարող։

Շուտով վիրավոր ոտքի ցավն ավելի է սաստկանում և Հարությունն ընկնում է գետնին, սակայն չմտածելով սեփական առողջության մասին՝ պառկած դիրք է ընդունում և հակառակորդի զինատեսակից կրակ բացում փախչող հակառակորդի ուղղությամբ։

Հակառակորդը, հայկական դիրքում թողնելով երկու սպանված դիակ և իրենց վիրավոր հրամանատարին, որը շուտով մահանում է, հեռանում է։

Արկակոծությունն ավելի ինտենսիվ է դառնում և հակառակորդն անցնում է ավելի լայնածավալ հարձակման արդեն արցախա-ադրբեջանական գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով իր զինապահեստում եղած գրեթե բոլոր զինատեսակները։

Հարությունին ինտենսիվ արկակածության տակ տեղափոխում են սկզբում Մատաղիս, այնուհետև Մարտակերտ, որտեղից էլ տեղափոխում են Ստեփանակերտ և նույն օրը վիրահատում։

Ապրիլի 3-ին Ստեփանակերտում Հարությունը մշտապես տեղեկացվում է վերսկսած խոշոր ռազմական գործողությունների մասին և արտասովոր որոշում կայացնում։

Հարությունը, նկատելով որ իր հիվանդասենյակի առաջ որևէ մեկը չկա, որոշում է փախչել հոսպիտալից և միանալ մարտական դիրքերում գտնվող իր ծառայակից ընկերներին։

Նրան հաջողվում է աննկատ դուրս գալ հոսպիտալից, սակայն երբ փորձում է տաքսի նստել ու հեռանալ նրան բռնում ու հետ են բերում հիվանդասենյակ։

Ապրիլի 4-ին Հարությունին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ նրա փախուստները կանխելու նպատակով։

Մայիսի 8-ին Հարությունին Սիսիանից տեղափոխում են Ստեփանակերտ, որտեղ 2 օր մնալուց հետո Հարությունը կամավոր ցանկություն է հայտնում տեղափոխվել Թալիշ և շարունակել ծառայությունը։

Մեկ ամիս ծառայությունը դիրքերում շարունակելուց հետո՝ 2016թ․ հունիսի 22-ին Հարությունը զորացրվում է։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 2016 թ․ ապրիլի 15-ի հրամանագրով Հարություն Բադալյանը ցուցաբերած բացառիկ խիզախության համար պարգևատրվում է Հայաստանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

2016 թ․ ապրիլի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շքանշանը փոխանցում է Հարությունին, քանի որ վերջինս հոսպիտալում էր և ներկա չէր գտնվել նախագահի կողմից պարգևատրման արարողությանը։

2016 թ․ սեպտեմբերին Հարությունին շնորհվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի պատվավոր ուսանողի կոչում։

Կյանքն ապրիլից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ․ սեպտեմբերից Հարությունը տեղափոխվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ և շարունակում ուսումը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]