Հայկ Գամպուրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գամպուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1888 |
---|---|
Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Հայկ Գամպուրյան (1888, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1888 թվականին Կարինի նահանգի Երզնկայի գավառի կենտրոն Երզնկա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Երզնկայի ազգային վարժարանում։ 1906 թ. մեկնել է Զմյուռնիա և քարափից ուղղակի բանտ առաջնորդվել։ Մեկ ամիս բանտում մնալուց հետո աքսորվել է Տրապիզոն։ 1907 թվականին մեկնել է Կ. Պոլիս։ 1908-11 թվականներին սովորել է դեղագործական համալսարանում։
1911 թ. Բրուսա քաղաքի մոտակա Մխալիճ գյուղում բացել է սեփական դեղատուն։ Իտալա-թուրքական (1911) և Բալկանյան (1912-1913) պատերազմների ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործի առաջին տեղակալ ծառայել։
1915 թվականին՝ Մեծ Եղեռնի ժամանակ աքսորվել է, սակայն մի կերպ կարողացել է ապաստանել Կուտինայում և մի քանի ամիս ձրի աշխատել տեղի հիվանդանոցում։ Այնուհետև մեկնել է Կ. Պոլիս և ծառայության անցել օսմանյան բանակում։ Երեք ամիս ծառայելով՝ վերապատրաստվել է Կ. Պոլսի Գյուլխանեի հիվանդանոցում։ Այնուհետև, որպես թնդանոթաձիգների բժիշկ, բանակի հետ ուղարկվել է Բաղդադի ռազմաճակատ։ 1918 թվականի վերջերը ծառայել է Մուսուլ քաղաքի զինվորական հիվանդանոցում։ Ծառայության ընթացքում նյութապես և բարոյապես օգնել է հայ գաղթականներին։ Այնուհետև ապաստանել է Բաղդադում և անգլիական քաղաքային հիվանդանոցում (Civil Hospital) դեղագործ աշխատել։ Հետագայում վերադարձել է Կ. Պոլիս և մեկնել Փարիզ։ 1921 թ. Բրուսայում` Քիրմասլում բացել է սեփական դեղատուն։ 1922 թ. տեղափոխվել է Հունաստան, հաստատվել Դրամա քաղաքում և բացել սեփական դեղատուն։ 1938 թվականին նրա հասցեն էր` Pharmacie H. Kambourian, Megas Alexandros, Drama (Grece)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոտուրեան Մկրտիչ., Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։