Հալեպի արձանագրությունները (գիրք)
Հալեպի արձանագրությունները | |
---|---|
Հեղինակ | Րաֆֆի Քորթոշյան |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Էջեր | 656 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | Արտազի երեք վանքերը |
Հաջորդ | Դադի վանքի վերանորոգումը 1997-2011 թվականներ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՃՈՒ հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2013 թվական |
ԳՄՍՀ | ISBN 978-9939-843-09-4 |
ՀՏԴ | 72(479.25):941(479.25) |
ԳՄԴ | 85.11.(2Հ)+63.3(2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/67.pdf |
«Հալեպի արձանագրությունները» (անգլ.՝ The inscriptions of Aleppo, ռուս.՝ Надписи Алеппо), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2013 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 16-րդ գիրքը (ԺԶ)։ Այն հեղինակել է Րաֆֆի Քորթոշյանը։ Տպագրվել է հայերեն։ Գիրքը ներկայացնում է Սիրիայի Հալեպի մարզի համանուն քաղաքի հայության համառոտ պատմությունը (այդ թվում՝ դարերի ընթացքում նրանց թվաքանակի, զբաղմունքների, քաղաքում հիմնած դպրոցների, կառուցված եկեղեցիների և գերեզմանատների մասին), ինչպես նաև 2006-2008 թվականներին հավաքագրած շուրջ 2500 հայկական վիմագրերի և եկեղեցական իրերի արձանագրությունները։ Ներկայացված են նաև պատմական և ժամանակակից լուսանկարներ, ինչպես նաև գծապատկերներ։ Աշխատությունը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, իսկ տպագրությունը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը[1][2][3]։
Աշխատության հեղինակ Րաֆֆի Քորթոշյանի մոտ գիրքը գրելու գաղափարը ծնվել է դեռևս 2004 թվականին, երբ Հալեպում էր։ Նա ասել է, որ երբ գերեզմանոց էր այցելելում, իրեն հետաքրքրում էին տապանագրերի վրա գրված ազգանունները, հանգուցյալների ծննդավայրերը, որոնք ներկայացնում են Արևմտյան Հայաստանը։ Գրքում տեղ են գտել Արևմտյան Հայաստանի տարբեր անկյուններից` Խարբերդից, Վանից, Էրզրումից, Կիլիկիայից Մեծ եղեռնի արհավիրքներն վերապրելով Հալեպում հանգրվանածների տապանաքարերի արձանագրությունները։ Հեղինակը տարվա ընթացքում մեկ ամիս անցկացնում էր Հալեպ քաղաքում, որպեսզի իրականացնի տեղեկությունների հավաքագրման աշխատանքները։ Նրա խոսքով Հալեպի հայկական գերեզմանոցները պատկանում են տարբեր համայնքների` առաքելական, կաթողիկե և ավետարանական, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանությունը վերապրածները[3]։
«Հալեպի արձանագրությունները» գրքի մասին խոսելիս Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ հուշարձանագետ, բանահավաք Սամվել Կարապետյանը ասել է, որ Հալեպի հայկական գերեզմանատան տապանաքարերի գրառումները վկայում են այն մասին, որ տեղի հայ բնակչությունը ժամանակին գաղթել է Արեւմտյան Հայաստանից՝ փրկվելով թուրքական հալածանքներից։ Նրա խոսքով այդ տապանաքարերը կարող են ծառայել որպես Արևմտյան Հայաստանի տեղանունների բառարան և հանդիսանում են Հայոց ցեղասպանության վկայություններ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հալեպի արձանագրությունները» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-01-25 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 «Ներկայացվել է «Հալեպի արձանագրությունները» գիրքը» (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 ««Հալեպի արձանագրությունները» գրքում տեղ են գտել 2500 հայկական արձանագրություններ» Արխիվացված 2020-01-25 Wayback Machine (արխիվացված)։