Կեչի թավոտ
Կեչի թավոտ | |
Կեչի թավոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ենթաընտանիք | Կեչայիններ (Betuloideae) |
Ցեղ | Կեչի (Betula) |
Տեսակ | Կեչի թավոտ (B. pubescens) |
Միջազգային անվանում | |
Betula pubescens | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կեչի թավոտ (լատին․՝ Betula pubescens), կեչազգիներ ընտանիքի, կեչի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառեր են՝ մինչև 20 մ բարձրությամբ, դեպի վեր ուղղված կամ հորիզոնական ճյուղերով։ Բնի տրամագիծը հասնում է 20-40 սմ-ի, երբեմն թփանման է աճում։ Կեղևը սպիտակ է, շերտ-շերտ անջատվող։ Ծեր ծառերի բնի հիմքը մուգ է, խորդուբորդ։ Երիտասարդ ընձյուղները կարմրագորշավուն են, ծածկված խիտ աղվամազով, առանց խեժային ելունդների։ Տերևները ձվաձև են կամ շեղանկյուն-ձվաձև, 4-6 սմ երկարությամբ, 2,5-5 սմ լայնությամբ, կլորավուն, սրտաձև կամ հատված հիմքով, սրածայր գագաթով, զույգ սուր-ատամնաեզր, ամուր։ Նոր բացված ժամանակ կպչուն են։ Տերևակոթունները մազմզուկապատ են, 1,2-2,5 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները ունեն 2,5-3 սմ երկարություն, 9-10 մմ տրամագիծ, գտնվում են թավշամազմզուկապատ պտղակոթունների վրա։ Թեփուկները ունեն 3-5 մմ լայնություն, վերևի կողմից ծածկված են աղվամազով, թարթիչաեզր են, միջին բլթակը երկարացած է։ Ընկուզիկը երկարավուն-էլիպսաձև է, թևիկավոր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևելյան Եվրոպայում, Սիբիրում, Անդրբայկալում, Սկանդինավիայում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Տաշիրի, Ստեփանավանի, Հրազդանի և Ապարանի շրջաններում, որտեղ աճում է անտառների վերին եզրերում, գլխավորապես կաղնու և սոճու ծառուտներում։ Լուսասեր է, խոնավասեր, ցրտադիմացկուն, պահանջկոտ է հողի նկատմամբ, բավականին արագ է աճում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայն կիրառում ունի նաև կանաչապատման բնագավառում, որտեղ օգտագործվում է ամենատարբեր տիպերում ու կատեգորիաներում։ Հատկապես բարձր են գնահայտվում թավոտ կեչու պարտիզային ձևերը, որոնք աչքի են ընկնում սաղարթի ձևով (նեղ բրգաձև), տերևների ձևով և այլն։
Կեղևը հյուսիսային շրջաններում օգտագործվում է որպես ծածկ, դրանից զանազան իրեր, նույնիսկ՝ թեթև նավակներ են պատրաստում։ Հատկապես բարձր են գնահատվում արմատի վրա գտնվող պալարաոստերը, որոնցից գեղեցիկ նախշերով զարդարված բնափայտ են ստանում։ Բնից ստացված հյութը օգտագործվում է զովացուցիչ ջրեր պատրաստելու համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 196-198, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի թավոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի թավոտ» հոդվածին։ |
|