Ծառայում էին երկու ընկեր
Ծառայում էին երկու ընկեր ռուս.՝ Служили два товарища | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ[1], հումորային դրամա և դրամա |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Կարելով |
Սցենարի հեղինակ | Յուլի Դունսկի և Վալերի Ֆրիդ |
Դերակատարներ | Օլեգ Յանկովսկի, Ռոլան Բիկով, Անատոլի Պապանով, Վլադիմիր Վիսոցկի, Նիկոլայ Բուրլյաև[2], Յուոզաս Բուդրայտիս[2], Իա Սավվինա[2], Վենիամին Սմեխով[2] և Վալենտինա Սպերանտովա[2] |
Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
Պատմվածքի վայր | Ուկրաինա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 93 րոպե |
IMDb | ID 0063615 |
«Ծառայում էին երկու ընկեր» (ռուս.՝ «Служили два товарища»), 1968 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Կարելովը Յուլյա Դունսկու և Վալերի Ֆրիդի սցենարով։ Ֆիլմի գործողությունները պատմում են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում ներկայացված են երկու զուգահեռ սյուժետային գծեր, որոնք հատվում են։ Առաջինը պատմում է կարմիրբանակային երկու ընկերների, երկրորդը՝ սպիտակգվարդիական սպաների մասին։
1920 թվականի նոյեմբերի սկիզբն է։ Շարունակվում է քաղաքացիական պատերազմը։ Ղրիմում շրջափակվել են բարոն Վրանգելի զորքերը։ Բանվորագյուղացիական Կարմիր բանակը պատրաստվում է վերջին գրոհին։
Կարմիր բանակի մարտիկ Անդրեյ Նեկրասովին, որը նախկին լուսանկարչ է, գնդի հրամանատարը հանձնարարում է ռազմավարային Debrie Parvo կինոտեսախցիկի օգնությամբ աերոպլանից նկարահանել հակառակորդի զորքերի դիրքը Պերեկոպի շրջանում։ Նեկրասովը փորձում է բացատրել, որ ծանոթ չէ նկարահանող տեխնիկային, բայց գնդի հրամանատարը պնդում է իր ասածը։ Նեկրասովին օգնելու համար նրա հետ ուղարկվում է վաշտի նախկին հրամանատար Իվան Կարյակինը, որը աստիճանազրկվել էր ու դարձել շարքային ռազական մասնագետի՝ ցարական բանակի նախկին գնդապետի ինքնակամ գնդակահարության համար։
Կարյակինը կարծում է, որ պետք է ոչ միայն օգնի Նեկրասովին, այլև հոգ տանի «ուրիշի ապրանքի» համար․ Նեկրասովն իր մասին ասում է. «Ես, ինչպես ասում են, տերտերորդի եմ։ Ինձ դաստիարակել է քահանա հորեղբայրս»։
Նկարահանումների ընթացքում աերոպլանը վթարի է ենթարկվում, օդաչուն մահանում է, իսկ Նեկրասովն ու Կարյակինը գերի են ընկնում մախնովականների մոտ։ Չնայած այն ժամանակ Մախնոն ու Կարմիր բանակը դաշնակիցներ էին, Նեկրասովին ու Կարյակինին գնդակահարություն է սպառնում։ Նեկրասովը հանդուգն փախուստ է ծրագրում, ընդ որում՝ նա կարողանում է վերադարձնել տեսախցիկը։
Փախչելով մախնովականներից՝ ընկերները հայտնվում են կարմիրների դիրքում։ Սակայն այստեղ էլ նրանց ձերբակալում են։ Կին կոմիսարը չի հավատում փաստաթղթեր չունեցող երկու անհայտ անձանց, բացի այդ, տաչանկայում գտնվել է սպիտակգվարդիականի համազգեստ։ Նա հրամայում է գնդակահարել այդ երկուսին, մանավանդ որ Նեկրասովին նույնացնում է հակահետախուզության ժամանակ նրան կտտանքների ենթարկած սպայի հետ։ Սակայն պատահականությունն օգնում է մարտիկներին խուսափել մահից. Նեկրասովը ճանաչում է մեքենայով անցնող շտաբի պետին, և նա չեղարկում է գնդակահարությունը։
Գնդի հրամանատարությունը պատրաստվում է դիտել հետախուզական նկարահանումների արդյունքները, սակայն ժապավենը փչացած է։ Կարյակինն անմիջապես Նեկրասովին մեղադրում է դավաճանության մեջ, սակայն դիվիզիայի հրամանատարությունը վստահ է, որ Նեկրասովի անհաջողության մեջ դիտավորություն չկա։ Նեկրասովը, որը լուսանկարչական հիշողություն ունի, նկարում է թշնամու ամրությունների պլանը, նրա նկարի մանրամասները համընկնում են փախստակներից ստացված տեղեկությունների հետ։ Հրամանատարներից մեկը Նեկրասովին պարգևատրում է մաուզերով, իսկ հուսալքված Կարյակինը կրկին փորձում է լավ հարաբերություններ հաստատել նրա հետ։
Սևաստոպոլում պորուչիկ Բրուսենցովը հյուրանոցում պատահաբար սպանում է իր ընկերոջը՝ Սերգեյ Լուկաշևիչին։ Սպանվածի մոտ է կանչվել գթության քույր Սաշան։ Տնային կալանքի տակ թողնված Բրուսենցովը ծանոթանում է նրա հետ։ Շուտով Բրուսենցովին ուղարկում են մասնակցելու Պերեկոպի պաշտպանությանը։
Կարմիր բանակի զորքերը գրոհով գրավում են Պրեկոպը՝ անցնելով Սիվաշ ծովածոցը։ Շատերի նման Բրուսենցովը փախչում է Սևաստոպոլ, որտեղից հեռանում են վերջին շոգենավերը։ Ճանապարհին նրան նկատում է Կարյակինը և ցանկանում է գնդակահարել նրան։ Նեկրասովը խնդրում է նրան չանել դա, իսկ այդ ժամանակ Բրուսենցովն ու սպիտակգվարդիական մյուս սպան թաքնվում են։ Բրւսենցովը, չնայած իր ուղեկցի խնդրանքներին, որոշում է օգտագործել նրա հրացանի վերջին փամփուշտը։ Նրա զոհը դառնում է Նեկրասովը։
Սևաստոպոլի տարհանման ժամանակ Բրուսենցովը պսակադրվում է գթության քրոջ՝ Ալեքսանդրայի հետ։ Վերջին պահին նա մենակ նետվում է հեռացող շոգենավ։ Նրա հավատարիմ ձին՝ Աբրեկը, նետվում է ջուրը այն նավի հետևից, որի վրա իր տերն է։ Բրուսենցովը չի դիմանում դրան և ինքնասպանություն է գործում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Յանկովսկի – Անդրեյ Նեկրասով
- Ռոլան Բիկով – Իվան Կարյակին
- Վլադիմիր Վիսոցկի – Ալեքսանդր Բրուսենցով, պորուչիկ
- Իա Սավվինա – Սաշա, գթության քույր
- Անատոլի Պապանով – գնդի հրամանատար
- Նիկոլայ Կրյուչկով – դասակի հրամանատար
- Պյոտր Կռիլով – շտաբի պետ
- Բ. Սիլանտև – բրիգադի հրամանատար
- Նիկոլայ Բուրլյաև – Սերգեյ Լուկաշևիչ
- Ալլա Դեմիդովա – կոմիսար
- Ռոստիսլավ Յանկովսկի – գնդապետ Վասիլչիկով
- Ռոման Տկաչուկ – սպիտակգվարդիական սպա
- Նիկոլայ Դուպակ – բանակի հրամանատար
- Ապոլոն Յաչնիցկի – Սաշայի հարևանը նավի վրա
- Վասիլի Ֆուշչիչ – Սավչուկ, մախնովական
- Վալերի Ֆրիդ – Սեմյոն Մարկովիչ, ռազմական բժիշկ
- Բորիս Մոլոդան – Սեմյոն Պանասյուկ, ժամապահ
- Վալենտինա Բերեզուցկայա – խորտակված դույլի տիրուհին
- Յուոզաս Բուդրայտիս – կարմիրների շտաբի անդամ
- Նիկոլայ Պարֆյոնով – սպիտակգվարդիական սպա
- Վենիամին Սմեխով – բարոն Կրաուզե
- Կիրիլ Զամոշկին – մախնովականների պարագլուխ
- Ալեքսանդր Տոլստիխ – մախնովական
- Վադիմ Շավրով – օդաչու
- Յուրի Կուզմենկով – գնդի շտաբի մոտ նստած մարտիկ
- Վիկտոր Օտիսկո – գնդի շտաբի մոտ նստած մարտիկ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Служили два товарища, ага…» երգի տեքստի հեղինակը խորհրդային բանաստեղծ Աբրամ Մարկովիչ Արգոն է։
- Սցենարիստներն ֆիլմն օգտագործել են ԳՈՒԼԱԳ-ի իրենց նախկին ծանոթներին գտնելու համար[3].
Նույն կերպ մենք փորձում էինք գտնել նրա ևս մեկ ընկերոջ՝ Սաշա Բրուսենցովին՝ հերոսական տղայի, նախկին լեյտենանտի։ Նրա անունը, հայրանունը, ազգանունը և նույնիսկ զինվորական կոչումը մենք շնորհել ենք «Ծառայում էին երկու ընկեր» ֆիլմի հերոսներից մեկին՝ պորուչիկ Ալեքսանդր Նիկիտիչ Բրուսենցովին։
- Կարմիրբանակայինների համար չափածո դասախոսություն կարդացող բժիշկ Սեմյոն Ֆրիդի կերպարը հիմնված է Վալերի Ֆրիդի հոր՝ Սեմյոն Ֆրիդի կյանքից իրական դեպքի վրա[4] ։
- Ռոստիսլավ Յանկովսկին, որը կատարել է գնդապետ Վասիլչիկովի դերը, Նեկրասովի դերակատար Օլեգ Յանկովսկու ավագ եղբայրն է։
- Ֆիլմը նկարահանվել է նաև Օդեսայի մարզի Սուվորովո գյուղում։ Ղրիմում նկարահանումներն անցկացվել են Արբատի ամրոցում, որը գտնվում է Արբատի սլաքի սկզբում և ֆիլմում կատարել է Պերեկոպի ամրությունների դերը։ Ֆիլմում այնտեղ տեղակայված էին Վրանգելի զորքերը, և այստեղ նկարահանվում էր նրանց գրոհը Կարմիր բանակի կողմից։ Այստեղ նաև նկարահանվել է այն տեսարանը, երբ Բրուսենցովն սպանում է Նեկրասովին։
- Վլադիմիր Վիսոցկին հիասթափված էր ֆիլմից, որովհետև նրա հերոսի էկրանային ժամանակն զգալիորեն կրճատվել է. նկարահանված նյութի մեծ մասը ֆիլմում տեղ չի գտել[5]։
- Գրող Անատոլի Կուչերովի «Ծառայում էին երկու ընկեր» վիպակը, որը հրատարակվել է 1954 թվականին և բազմիցս վերահրատարակվել[6], կապ չունի համանուն ֆիլմի հետ։ Այն պատմում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի պաշտպանությանը երիտասարդության մասնակցության մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0063615/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Фрид В. С. 58 1/2: Записки лагерного придурка. — М.: Издат. дом Русанова, 1996. — С. 276.
- ↑ Там же. С. 232.
- ↑ На съемках фильма "Служили два товарища": Янковский попал в вытрезвитель, а режиссер - в реанимацию - Новости на KP.UA
- ↑ «Поиск в электронном каталоге». Российская государственная библиотека. search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ծառայում էին երկու ընկեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|