Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոլորձ ճահճային (լատին․՝ Orchis palustris) խոլորձազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
50-80 սմ բարձրությամբ պալարավոր արմատներով, ուղիղ ցողունով և հերթադիր ամբողջաեզր տերևներով բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ նստադիր տերևները ցողունագիրկ, նշտարաձև-գծային են և սրածայր, զուգահեռ ջղավորությամբ։ Երկար, գլանաձև բազմածաղիկ ծաղկաբույլում՝ հասկում, հավաքված են ծաղիկները։ Պարզ պսակակերպ անկանոն ծաղիկները ունեն ուղիղ գլանաձև խթան և բաց մանուշակագույն ծաղկակից տերևներ։ Պսակի 6 սպիտակավուն պսակաթերթիկներից մեկը եռաբլթակ է, մանուշակագույն բծերով և հակաձվաձև լայն հիմքով։ Շատ մանր սերմերով պտուղը երկարավուն տուփիկ է[1]։
Աճում է ստորին և միջին գոտիների խոնավ մարգագետիններում, ճահիճներում և ջրամբարների ափերին։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և Երևանում։ Գեղազարդային բույս է։ Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված է որպես անհետացող տեսակ, որի հավաքը արգելված է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկման վերջին փուլում մթերվող երիտասարդ, թարմ և չորացած արմատապալարները (սալեպ)։ Օգտագործում են արտաքին կիրառման եղանակով մաշկային հիվանդությունների՝ դերմատոզների, կարբունկուլների բուժման համար[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Տաքսոնի նույնացուցիչներ |
---|
| Anacamptis palustris | |
---|
| Orchis palustris | |
---|
|