Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոռամիրգ (լատին․՝ Oxycoccus), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ հայտնի է 4 տեսակ, որոնք տարածված են Եվրոպայի, Ասիայի, հյուսիսային Ամերիկայի բարեխառն և հյուսիսային մարզերում։ Լոռամրգին բազմամյա թուփ է կամ կիսաթուփ, մագլցող ցողուններով, տերևները մանր են, կաշեկերպ, ձվաձև։ Ծաղիկները երկար ծաղկակոթուններով գոյանում են տերևածոցերում, պտուղները՝ բազմասերմ, կարմիր, կլոր կամ երկարավուն, պարունակում են շաքարներ, կիտրոնաթթու, բենզոյաթթու, քինաթթու, պեկտինային նյութեր, վիտամիններ՝ C և P։ Պտուղներն օգտագործվում են վերամշակված վիճակում, պատրաստում են կիսել, ժելե, մուրաբա, օշարակ, հյութեր։ Պտուղները և թուրմը ունեն բուժիչ նշանակություն (հակալնդախտային, ջերմությունն իջեցնող են)։ Բերքատվությունը՝ 100 ց/հա։ Բազմանում է կտրոններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 662)։
|